Ավարտել է Էդինբուրգի համալսարանը, ունի մագիստրոսի և դոկտորի գիտական աստիճաններ պատմության ոլորտում։ 12 տարեկանից Բրաունը եղել է Լեյբորիստական կուսակցության ակտիվիստներից։ 1997 թ. հուլիսին Թոնի Բլեերի կառավարությունում Բրաունը նշանակվել է ֆինանսների նախարար։ 2007 թ. հունիսի 24-ին ընտրվել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդ և նույն թվականի հունիսի 27-ին թագուհի Եղիսաբեթ 2-րդի կողմից նշանակվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ՝ զբաղեցնելով այդ պաշտոնը մինչև 2010 թ. մայիսի 11-ը[6]։
Էդինբուրգի համալսարանը, հաշվի առնելով Գորդոն Բրաունի բեղմնավոր գործունեությունն ու նշանակալի վաստակը, 2003 թվականին նրան շնորհել է գիտությունների դոկտորի աստիճան՝ առանց գիտական ատենախոսության պաշտպանության (Doctor Honoris Causa)[7]: 2015 թվականին այդ նույնը կատարել է Գլազգոյի համալսարանը[8]։
Գորդոն Բրաունին պատվավոր դոկտորի կոչում են շնորհել Բրունել համալսարանը (1996)[9], Ռոբերտ Գորդոնի անվան համալսարանը (2003)[10], Նյու Յորքի համալսարանը (2005)[11], Նյուքասլի համալսարանը (2007)[12], Դելիի համալսարանը (2008)[13]։
2018 թվականին նա ընտրվել է Էդինբուրգի թագավորական ընկերության անդամ[14]։ 2009 թվականի մարտ ամսին ամերիկյան Appeal of Conscience Foundation հիմնադրամը նրան հռչակել է «Տարվա պետական գործիչ»՝ համաշխարհային մասշտաբով[15][16][17]։ Գլազգոյում լույս տեսնող The Herald լրագիրը ընթերցողների շրջանում անցկացրած հարցումների և ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա Գորդոն Բրաունին վեց անգամ հռչակել է «Տարվա շոտլանդացի քաղաքական գործիչ»։ 1999, 2000, 2007 և 2014 թվականներին էլ նա հռչակվել է «Տարվա լավագույն շոտլանդացի», իսկ 2020 թվականին՝ «Լավագույններից լավագույն»[18]։