Բևեռային գիշեր
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Բևեռային գիշեր, ժամանակահատված, երբ Արեգակն ավելի քան 24 ժամ չի երևում հորիզոնում։ Ամենակարճ բևեռային գիշերը (գրեթե երկու օր) նկատվում է հ. լ. ≈ 67° 24′ լայնության վրա, որը բնորոշվում է որպես Հյուսիսային բևեռային շրջանի լայնություն, որին ավելացվում է արեգակնային սկավառակի շառավիղը (15—16′) և մթնոլորտային ռեֆրակցիայի մեծությունը (միջինը ծովի մակարդակից 35′), իսկ ամենաերկար բևեռային գիշերը՝ Հարավային բևեռում (6 ամսից փոքր-ինչ քիչ)։ Բևեռային գիշերը հանդիսանում է խավարածրի հարթության նկատմամբ Երկրի պտտման առանցքի թեքության հետևանք, որը կազմում է գրեթե 23,5°:
Հասարակածի նկատմամբ միևնույն լայնության վրա բևեռային գիշերվա բնութագրերը համանման են Հյուսիսային և Հարավային բևեռներում։ Հիմնական տարբերությունն այն է, որ դրա սկզբի և ավարտի ժամանակն Անտարկտիդայում վեց ամսով տեղափոխված է դեպի ամառային օրացուցային շրջան։ Բացի այդ, Երկրի ուղեծրի ընթացիկ բնութագրերի արդյունքում հարավում բևեռային գիշերվա տևողությունն ավելի երկար է, քան հյուսիսում[1]։
Բևեռային գիշերը չի ենթադրում պարտադիր լիարժեք մթություն ամբողջ 24 ժամվա ընթացքում։ Դրա հիմնական առանձնահատկությունն այն է, որ Արեգակը չի բարձրանում հորիզոնի վրա։ Ընդ որում, բևեռային գիշերվա գոտու (մինչև 84° 34′) մեծ մասում ամբողջ բևեռային գիշերվա ընթացքում օրվա բաղադրիչ է համարվում մթնշաղը։ Կախված տվյալ վայրում այդ ժամանակահատվածում դրսևորվող մթնշաղի տեսակից՝ առանձնացնում են բևեռային գիշերվա տարբեր տեսակներ։
Նկատվում է, երբ կեսօրին քաղաքացիական մթնշաղ է։ Դա նկատելի է բոլոր այն լայնություններում, որտեղ կա բևեռային գիշեր։ Մինչև 72° 34' բևեռային գիշերն ամբողջությամբ քաղաքացիական է։ Բևեռներում քաղաքացիական բևեռային գիշերվա ընթացքում քաղաքացիական մթնշաղը շուրջօրյա է լինում՝ փոխելով բևեռային ցերեկը և նախորդելով շուրջօրյա նավիգացիոն մթնշաղին (ձմեռային արևակայությունից առաջ), և հակառակը (ձմեռային արևակայությունից հետո)։ Բևեռներին հարող շրջաններում (84° 34′ բարձր) քաղաքացիական բևեռային գիշերվա ժամանակ քաղաքացիական մթնշաղը կարող է լինել շուրջօրյա կամ օրեր շարունակ նկատվել միայն նավիգացիոն մթնշաղի հետ՝ ի տարբերություն ավելի ցածր լայնություններում տեղակայված շրջանների, որտեղ քաղաքացիական ամբողջ բևեռային գիշերվա ընթացքում ամեն օր նկատվում են մթնշաղի բոլոր տեսակները կամ առանց մթնշաղի ժամանակահատված։
Կեսօրին նկատվում է տեսանելիության լավացում, որոշ ժամանակի ընթացքում կարելի է բավարարվել առանց լրացուցիչ լուսավորության, սակայն Արեգակն այդպես էլ չի ծագում։ Լավագույն դեպքում քիչ ամպամած եղանակին երբեմն կարելի է տեսնել ամպերի անդրադարձրած արևի լույսը։ Այդպիսի բևեռային գիշերվա ընթացքում ցերեկը հաճախ անվանում են «մութ»։ Բևեռային շրջանում տեղակայված բնակավայրերի մեծ մասը գտնվում է այն շրջանում, որտեղ բևեռային գիշերն ամբողջությամբ քաղաքացիական է։
Նկատվում է, երբ կեսօրին նավիգացիոն մթնշաղ է։ Դա դիտվում է 72° 34' բարձր լայնություններում։ Բևեռներում նավիգացիոն բևեռային գիշերվա ընթացքում նավիգացիոն մթնշաղը դիտվում է շուրջօրյա՝ շուրջօրա քաղաքացիական և աստղագիտական մթնշաղների ժամանակահատվածների միջև։ Բևեռներին հարող շրջաններում (84° 34′ բարձր) նավիգացիոն բևեռային գիշերվա ժամանակ նավիգացիոն մթնշաղը կարող է լինել շուրջօրյա կամ օրեր շարունակ նկատվել միայն աստղագիտական մթնշաղի հետ՝ ի տարբերություն ավելի ցածր լայնություններում տեղակայված շրջանների, որտեղ նավիգացիոն ամբողջ բևեռային գիշերվա ընթացքում ամեն օր նկատվում են նավիգացիոն և աստղագիտական մթնշաղներ կամ առանց մթնշաղի ժամանակահատված։
Կեսօրին դիտողը կարող է նկատել արևի կողմից երկնքի շատ թույլ լուսավորություն (պարզ եղանակին), իսկ բնակավայրերում անհրաժեշտ է շուրջօրյա արհեստական լուսավորություն։
Նկատվում է, երբ կեսօրին աստղագիտական մթնշաղ է։ Դա դիտվում է 78° 34' սկսած լայնություններում։ Բևեռներում աստղագիտական բևեռային գիշերվա ընթացքում աստղագիտական մթնշաղը դիտվում է շուրջօրյա՝ շուրջօրա նավիգացիոն մթնշաղի և առանց մթնշաղի ժամանակահատվածների միջև։ Բևեռներին հարող շրջաններում (84° 34′ բարձր) աստղագիտական բևեռային գիշերվա ժամանակ աստղագիտական մթնշաղը կարող է լինել նաև շուրջօրյա՝ ի տարբերություն ավելի ցածր լայնություններում տեղակայված շրջանների, որտեղ աստղագիտական ամբողջ բևեռային գիշերվա ընթացքում աստղագիտական մթնշաղը ամեն օր ընդհատվում է։
Կեսօրին անզեն աչքով տեսանելի չեն թույլ գալակտիկաներ և առանձին աստղեր, թեև սովորական դիտողի համար երկնքի այդպիսի լուսավորությունը, որպես կանոն, տեսանելի չէ, և արևածագի անգամ թույլ նշան չի երևում։ Աշխարհի ամենահյուսիսային բնակավայրում՝ Ալերտում, ձմեռային արևակայության օրը կարելի է տեսնել միայն աստղագիտական մթնշաղ։
Նկատվում է, երբ կեսօրին բևեռային գիշերվա ընթացքում մթնշաղ չի լինում։ Դա դիտվում է 84° 34′ սկսած լայնություններում։ Ամենատևական լրիվ բևեռային գիշեր լինում է Հարավային բևեռում (մոտավորապես 1 ամիս, 10 օր ձմեռային արևակայության օրվանից առաջ և հետո)։ Լրիվ բևեռային գիշերվա ժամանակ անգամ կեսօրին հնարավոր չէ տեսնել կամ ֆիքսել արևի անգամ աննշան լույս։ Տևական ժամանակահատվածի ընթացքում կարելի է նկատել թույլ գալակտիկաներ, ինչը շատ արժեքավոր է աստղագետների համար։
Գոյություն ունի բևեռային գիշերների մեկ այլ դասակարգում, ըստ որի՝ բևեռային գիշերն անվանում են այն մթնշաղի անունով, որը դադարում է նկատվել տվյալ բևեռային գիշերվա սկսվելուն պես (ձմեռային արևակայությունից առաջ), կամ, ընդհակառակը, սկսում է նկատվել դրա ավարտվելուն պես (ձմեռային արևակայությունից հետո)։ Այդ դեպքում նավիգացիոն բևեռային գիշերը կոչվում է քաղաքացիական, աստղագիտականը՝ նավիգացիոն, լրիվը՝ աստղագիտական։ Ամենապայծառ բևեռային գիշերը, որը վերը կոչվում էր քաղաքացիական, այս դասակարգման մեջ կոչվում է բևեռային մթնշաղ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.