Բացարձակ զրո
From Wikipedia, the free encyclopedia
Բացարձակ զրոն այն տեսական ջերմաստիճանն է, որի դեպքում էնտրոպիան ունի նվազագույն արժեք։ Թերմոդինամիկայի օրենքների համաձայն, հնարավոր չէ հասնել բացարձակ զրո ջերմաստիճանին միայն թերմոդինամիկական եղանակներով։ Բացարձակ զրո ջերմաստիճանում համակարգը դեռևս օժտված է քվանտամեխանիկական զրոյական տատանումների էներգիայով, որը համակարգի հիմնական վիճակի էներգիան է։ Հիմնական վիճակի կինետիկ էներգիան չի կարող վերանալ։ Չնայած դրան, դասական մեկնաբանությամբ այն զրո է, և նյութի ջերմային էներգիան վերանում է։
Բացարձակ զրո ջերմաստիճանին համապատասխանում է թերմոդինամիկական ջերմաստիճանային սանդղակի (օրինակ՝ Կելվինի սանդղակը) զրոն։ Միջազգային համաձայնությամբ, բացարձակ զրո ջերմաստիճանը Կելվինի սանդղակով 0 Կ է, Ցելսիուսի սանդղակով` −273.15°[1][2], Ֆարենհայտի սանդղակով` −459.67°[3], Ռենկինի սանդղակով` 0 Ռ[2]։ Գիտնականներին հաջողվել է ստանալ բացարձակ զրոյին խիստ մոտ ջերմաստիճաններ։ Այդ ջերմաստիճաններում դիտվում են նյութի քվանտային հատկություններ, օրինակ` գերհաղորդականություն և գերհոսունություն։