From Wikipedia, the free encyclopedia
«Բարրի Լինդոն»[Ն 1] (անգլ.՝ Barry Lyndon), ամերիկա-բրիտանացի ռեժիսոր Սթենլի Կուբրիկի կինոֆիլմը, որը լայն ճանաչման է հասել որպես պատմական («կոստյումային») կինեմատոգրաֆիայի բարձրակետերից մեկը։ Այն անգլիական դասական գրականության ներկայացուցիչ Ուիլյամ Մեյքփիս Թեքերեյի «Բարրի Լինդոնի գործունեությունը» (1844) խաբեբայապատում վեպի էկրանավորումն է, որտեղ պատմվում է իռլանդացի արկածախնդիր Ռեդմոնդ Բարրիի ճակատագրի մասին, որն իր առաջ նպատակ էր դրել ամեն գնով առաջ գնալ և մտնել անգլիական բարձր հասարակություն 18-րդ դարի կեսերին։ Չնայած երեք ժամ տևողությանը՝ պատմությունը բազմաթիվ թելերով կապված է զուգահեռ վայրերին, լեյտմոտիվներին, որոնք տարբեր իրավիճակներում մեկը մյուսում արտացոլվող հայելային լաբիրինթոս են ստեղծում[11]։ Բացարձակ ռեալիստական արդյունք ստանալու համար Կուբրիկը պնդել է օգտագործել ոչ միայն հենց իրական դեկորացիաներ, այլ նաև հագուստներ։ Ամբողջ նկարահանումն իրականացվել է բնապայմաններում։ Ինտերիերը լուսավորվել է միայն բնական ցերեկային լույսով կամ մոմերով, որպեսզի կարողանան հասնեն կինոյի պատմության մեջ արտասովոր լուսաստվերի տպավորությանը[12]։
Իռլանդիա, 18-րդ դարի կեսեր։ Ռեդմոնդ Բարրին (Ռայան Օ’Նիլ) պարզ, մաքուր գյուղացի տղա է, տանն ապրում է այրիացած մոր հետ։ Նրա առաջին սերը՝ զարմուհի Նորան (Գեյ Հեմիլթոն), տղամարդկանց հարցում հեռու է անմեղությունից։ Ռեդմոնդը երազում է նրա հետ կապել իր ապագան, մինչև որ նրա ճանապարհին չի հայտնվում անգլիացի կապիտան Կվինը (Լեոնարդ Ռոսիտեր), մի վախկոտ, բայց ունևոր մարդ։ Նորայի հարազատները նրան խոշոր գումար էին պարտք և հարցն այդ կերպ հարթելու համար որոշում են նրան ամուսնացնում են Նորայի հետ։
Նորայի և կապիտանի նշանադրության կապակցությամբ ճաշի ժամանակ Ռեդմոնդը բացահայտորեն փեսացուին վիրավորանք է հասցնում (դեմքին շպրտելով գինու բաժակը) և նրան մենամարտի հրավիրում։ Նորայի հարազատները, չկարողանալով համոզել Ռեդմոնդին, բեմադրում են կապիտանի մահը մենամարտի ժամանակ։ Ռեդմոնդը ստիպված էր փախչել արդարադատությունից։ Անտառային ճանապարհի վրա նրան դարանում են ավազակները և վերցնում նրա փողերն ու ձին։ Երիտասարդը, հայտնվելով չքավոր իրավիճակում, ծառայության է անցնում անգլիական զորքերում։
Զորքերում Ռեդմոնդի ծառայությունը ցուցադրվում է բռնցքամարտի ու ճակատամարտերի հերթագայությամբ՝ լի անիմաստ արյունահեղությամբ։ Անգլիացի զինվորները «թնդանոթի միս» էին դառնում Յոթնամյա պատերազմի դաշտերում, որի պատճառները և նպատակը, ինչպես նշում է պատմողը, ոչ ոք չգիտեր։ Օգտվելով առիթից (լճակում լողացող երկու սիրեցյալ սպաների քչփչոցը)՝ Ռեդմոնդը տիրանում է պրուսական հրամանատարության սուրհանդակի համազգեստին և դասալքում ճամբարը։ Նրա ճանապարհն անցնում է դեպի չեզոք Հոլանդիան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.