![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/hy/thumb/c/c9/%25D4%25B2%25D5%25A1%25D5%25B6%25D5%25A1%25D5%25AF%25D5%25A1%25D5%25B6%25D5%25B8%25D6%2582%25D5%25A9%25D5%25B5%25D5%25A1%25D5%25B6_%25D5%25AD%25D5%25A1%25D5%25B2%25D5%25A5%25D6%2580.jpg/640px-%25D4%25B2%25D5%25A1%25D5%25B6%25D5%25A1%25D5%25AF%25D5%25A1%25D5%25B6%25D5%25B8%25D6%2582%25D5%25A9%25D5%25B5%25D5%25A1%25D5%25B6_%25D5%25AD%25D5%25A1%25D5%25B2%25D5%25A5%25D6%2580.jpg&w=640&q=50)
Բանականության խաղեր
From Wikipedia, the free encyclopedia
Բանականության խաղեր (անգլ.՝ A Beautiful Mind - «Հիանալի խելք» (բանականություն)[13]), Սիլվիա Նազարի համանուն գրքի հիման վրա Ռոն Հովարդի կողմից նկարահանված կենսագրական դրաման տնտեսագիտության բնագավառում նոբելյան մրցանակակիր Ջոն Նեշի մասին[14]։ Գիրքը 1998 թվականին ներկայացվել է Պուլիտցերյան մրցանակի։ Ֆիլմի սցենարը գրել է Ակիվա Գոլդսմանը։ Գլխավոր դերերում հանդես է գալիս Ռասել Քրոուն։ Ֆիլմում նկարահանվել են նաև Ջենիֆեր Քոնելին, Էդ Հարիսը, Քրիստոֆեր Պլամմերը և Պոլ Բետանին։ Ֆիլմն արժանացել է չորս Օսկարի (լավագույն ֆիլմ, լավագույն ադապտացված սցենար, լավագույն ռեժիսոր, երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ Ջենիֆեր Քոնելի), մեկ «Ոսկե գլոբուս» (մրցանակն ստացել է Ռասել Քրոուն տղամարդու լավագույն դերակատարման համար) և մի քանի BAFTA մրցանակների։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2001 թվականի դեկտեմբերի 21-ին ԱՄՆ-ում[15]։ Ֆիլմն արժանացել է քննադատների դրական գնահատականին և ունեցել ավելի քան 300 մլն դոլարի շահույթ ամբողջ աշխարհում։
Երիտասարդ հանճար Ջոն Նեշի մոտ դեռ վաղ տարիքում սկսում է զարգանալ պարանոիկ շիզոֆրենիա, որն ուղեկցվում էր հալյուցինացիաներով։ Հիվանդությունը զարգանում է և սկսում վտանգ ներկայացնել նրա աշխատանքի և կնոջ ու ընկերների հետ հարաբերությունների համար։
Ֆիլմը քննադատվել է էկրանին Նեշի կյանքի որոշ բնագավառների ոչ ճիշտ ներկայացման համար։ Ֆիլմում ցուցադրվում են Նեշի ինչպես լսողական, այնպես էլ տեսողական հալյուցինացիաները, այնինչ իրականում դրանք եղել են բացառապես լսողական[16]։