Հնդկեղեգ
From Wikipedia, the free encyclopedia
Հնդկեղեգ, բամբուկ (Bambusa), հացազգիների ընտանիքի բամբականմանների ենթաընտանիքի բազմամյա, սակավադեպ միամյա բույս։ Ցողունը ծղոտի նման է, հանգույցներով և միջհանգուցային տարածություններով, բարձրությունը հասնում է մինչև 40 մ, տրամագիծը՝ 30 սմ։ Տերևները կարճ կոթունավոր են, ապրում են մեկ կամ մի քանի տարի։ Ցողունները գագաթնային մասում լավ ճյուղավորվում են, որի հետևանքով բույսը ծառի տեսք է ընդունում։ Ծաղիկները երկսեռ են, սովորաբար 6-առէջքանի։ Բնի արտաքին թաղանթի ամրության, միջնորմների առկայության, ներսի կողմից խողովակաձև դատարկության շնորհիվ հնդկեղեգը իր կշռի համեմատությամբ շատ ամուր է։ Ծլելուց հետո այն աճում է զարմանալի արագությամբ՝ մեկ շաբաթում հասնելով մի քանի մետր բարձրության։ Հնդկեղեգը սկզբում սլաքի նման ձգվում է վերև և աստիճանաբար բարակում, իսկ ամենաբարձր մասում ճյուղերի ու տերևների ծանրության տակ աղեղնաձև թեքվում դեպի ցած։ Բույսն աճում է բարձրադիր մասերում, որոշ տեսակներ՝ նաև գետերի ափերին։ Հնդկեղեգի հողից դուրս եկող ծղոտացողունի ծայրերը շատ սուր են ու կարծր, դրանք հեշտությամբ ծակում են ամենաամուր հողը, դուրս գալիս մակերես։ Հայտնի է հնդկեղեգի մոտ 600 տեսակ՝ տարածված առավելապես արևադարձային և մերձարևադարձային շրջաններում, հիմնականում՝ Հարավ-Արևելյաև Ասիայում, Մալայան կղզեխմբում։ Ամերիկայում և Աֆրիկայում համեմատաբար քիչ է աճում։
Հնդկեղեգն ամենուրեք ունի լայն կիրառություն։ Փայտացած խոշոր ցողուններից կառուցում են տներ, կամուրջներ, պատրաստում են ջրմուղի խողովակներ, կահույք, զամբյուղներ, վարագույրներ։ Երիտասարդ ընձյուղներն ու սերմերն օգտագործվում են սննդի մեջ։ Հնդկեղեգի որոշ տեսակների միջուկը պարունակում է քաղցր հյութ՝ հնդկեղեգնաշաքար։