From Wikipedia, the free encyclopedia
Բագրատունիների զինանշան, միջնադարյան Հայաստանի ազնվական տոմերից մեկի՝ Բագրատունիների զինանշանը։
Այն 9-րդ դարի 50-ական թվականների կեսին դառնում է համահայկական թագավորության խորհրդանիշ։
Համահայկական ապստամբության ավարտից հետո՝ 855 թվականին, Արաբական խալիֆայությանը ենթակա Հայաստանի կառավարիչ էր նշանակվել Հայոց իշխան Աշոտ Բագրատունին։ Բաղդադի խալիֆը 862 թվականին նրան շնորհում է նաև իշխանաց իշխանի կոչումը։ Աշոտը, հենվելով իր տոհմի ռազմական ուժի վրա, համախմբելով Արծրունիների, Սյունիների և վրաց Բագրատունիների իշխանական տները՝ 3 տասնամյակում քայլ առ քայլ գնաց դեպի անկախություն։ 885 թվականին վերականգնեց 428 թվականին կորսված Հայաստանի անկախությունը և մեծ շուքով օծվեց Հայաստանի թագավոր։ Բագրատունիների հայոց թագավորությունն իր հզորության գագաթնակետին հասավ Գագիկ Ա թագավորի օրոք (990-1020) թվականներին, երբ կրկին վերանվաճվեցին Դվինն ու Նախճավանը, և Երասխը կրկին սահման դարձավ Հայաստանի և Ատրպատականի միջև, որը դարձել էր վարչատարածքային ինքնուրույն միավոր։
Բագրատունիների թագավորության տարիներին՝ 10-րդ դարի ընթացքում, առաջացան Վասպուրականի, Կարսի, Տաշիր-Ձորագետի, Սյունիքի թագավորությունները, Խաչեն-Փառիսոսի, Տարոնի իշխանությունները, որոնք ենթակա էին Բագրատունիների կենտրոնական թագավորությանը։
Բագրատունիների տոհմի պատմությունը, ըստ Մովսես Խորենացու, սկսվում է մ.թ.ա. 6-րդ դարի սկզբից, երբ Հրաչյա թագավորը (630-590) Հայաստան է բերում ազգությամբ հրեա Շամբատին (Սմբատ)։ Տեղեկություններ են պահպանվել նաև Արտաշես Բարեպաշտ արքայի (189-160) զորավարներից Սմբատ Բագրատունու մասին, ով ղեկավարել է ալանաց արշավանքը։ Հայոց Արշակունի թագավորների օրոք (52/66-428) Բագրատունիները զբաղեցրել են թագադիր ասպետի պաշտոնը, իսկ Մարզպանական Հայաստանում (428-642) եղել են ազդեցիկ իշխաններ։ Այս՝ ավելի քան հազարամյա պատմության ընթացքում Բագրատունիների զինանշանի մասին տեղեկութոյւններ չկան։ Հայաստանի թագավոր եղած ժամանակ նրանց զինանշանի վրա առկա են թե՛ առյուծի կամ հովազի, թե՛ արծվի պատկերներ։
Առյուծի պատկերով առաջին զինանշանը գտնվում է Կարսի Առաքելոց եկեղեցու հարավային ճակատին։ Կարսը մայրաքաղաք էր դարձրել անժառանգ Աշոտ Երկաթ թագավորի եղբայրը՝ Աբաս Բագրատունին (928-953)։ Նրա օրոք էլ կառուցվել է Առաքելոց եկեղեցին 930-943 թվականներին։ Առյուծը քառակուսու ներսում է, գլխով ուղղված է դեպի աջ և նայում է դիտողին։ Որպես իշխանության նշան՝ առջևի աջ թաթը բարձրացրած է վեր, պոչը՝ վեր տնկված։ Փաստորեն, լինելով Առաքելոց եկեղեցու պատին, ամենայն հավանակությամբ, զինանշանը պատկանում է Աբաս թագավորին։
Հաջորդ զարդաքանդակները, որոնք պատկերում են զինանշանը, գտնվել են Անիում։ Սալաքարի վրա առյուծի պատկերը իրականացված է քանդակային եղանակով։ Առյուծը գլխով ուղղված է դեպի աջ և բացարձակապես կրկնում է Կարսի քանդակը։ Առավել մանրամասնորեն են քանդակված կենդանու ուռեցրած կուրծքը, հարթ բաշը, հաստ ու ընդգծուն հոնքերը, վիզը, դեմքը։ Ճակատին փորագրված ռումբիկը խորհրդանշում է իշխանապետ լինելը։ Այս առյուծապատկերն է որպես Բագրատունիների խորհրդանիշ պատկերվել Հայաստանի Առաջին Հանրապետության և Հայաստանի Երրորդ Հանրապետության զինանշաններին՝ վահանի առակողմյան վերին հատվածում (հեղինակ՝ նկարիչ Հակոբ Կոջոյան)։
Անիում գտնվել են գլխով դեպի աջ ուղղված ևս երկու զինանշանային քանդակներ։ Վստահորեն կարելի է փաստել, որ Բագրատունիների կենտրոնական իշխանության զինանշանը ևս գտնվում է Կարսի Առաքելոց եկեղեցու գմբեթի խորշերից մեկում։
Բագրատունի տոհմի մեկ այլ զինանշան՝ արծիվը, քանդակված է արձանային եղանակով և ունի ուղղահայաց կառուցվածք։ Թռչնի թևերը հպված են մարմնին, կուրծքը դուրս ցցված է, վիզը թեքված է մի փոքր ձախ, գլուխը ջարդված է։ Հզոր ճանկերի մեջ պոչին սեղմած պահում է ինչ-որ անորոշ կենդանու։ Քանդակն իրականացված է թեփուկաքանդակային եղանակով։ Նույն՝ անիական շրջանից հայտնի է զինանշանային մեկ այլ տարբերակ, որը գտնվում է հայոց մայրաքաղաքի գլխավոր եկեղեցու՝ Անիի Մայր տաճարի արևմտյան ճակատին։ Այստեղ՝ կենտրոնական մասում, իրար զուգահեռ, երկու խորշերի գլխին, գրեթե նույն ոճով քանդակված են զինանշան-արծվի պատկերներ։ Թռչունն ունի հորիզոնական կառուցվածք, պատկերված է այն պահին, երբ երկնքից, թևաբախումով, բացված պոչով իջնում ու ճանկում է զոհին։ Ամբողջ պատկերը շարժման մեջ է. հզոր թևերը ալիքաձև, ոլորուն ճախրում են օդում, մագիլները խրվել են աննշան ու անորոշ զոհի մարմնի մեջ ու սեղմվել են հզոր պոչին։
Արծվի գլուխը մի փոքր ձախ է թեքված եղել, որով որոշվում է նաև կրծքի ձախ ուղղվածությունը։ Ինչպես և Կարսում, Անիի Մայր տաճարի երկու արծիվների գլուխներն էլ կոտրված են, որով զինանշանային այս անզուգական պատկերները որոշ չափով խամրում են։ Զինանշանային արծվաքանդակները թեև զուրկ են մանրամասների ընգծումից և ընդհանրապես մշակված չեն, սակայն լավագույնս են արտահայտում հզոր թագավորների՝ Բագրատունիների կարգավիճակը. նրանք այնքան հզոր էին, որ նրանց դեմ թշնամիներն աննշան ոչնչություն են։ Բագրատունիների այս զինանշանը կերտվել է Գագիկ Ա թագավորի օրոք, երբ Բագրատունիները գտնվում էին փառքի գագաթնակետին, և նրանց զինանշանն էլ այդ է ապացուցում։ Երկու նույնատիպ արծվապատկերներ են փորագրված Անիի միջնաբերդի պալատական եկեղեցու ներսում։
13-րդ դարում Վրաստանի հետ դաշնակցած Զաքարյանները ազատագրում են Հայաստանը։ Նրանք իրենց համարում էին Բագրատունիների իրավահաջորդը, և զինանշանային պատկերները սկսում են որդեգրել։ Զաքարե Բ-ի և Իվանե Ա-ի համար որոշ փոփոխություններով օգտագործվեց Կարսի Առաքելոց եկեղեցու արծվապատկերները, իսկ Վահրամյանները որդեգրեցին Անիի Մայր տաճարին գտնվող զինանշանը՝ դրանում որոշ հավելում կատարելով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.