Արեյոն
From Wikipedia, the free encyclopedia
Արեյոն, կամ Արիոն (հին հունարեն՝ 'Ἀρίων, Ἀρείων[1]), հին հունական դիցաբանությունում[2] Հերակլեսի և Ադրաստոսի ազնվազարմ, արագավազ երիվարը։
Համարվում է Պոսեյդոնի և Դեմետրայի զավակը։ Պոսեյդոնը սիրահարվել է Դեմետրային և սիրահետել այն ժամանակ, երբ վերջինս որոնում էր Պերսեփոնեին[3]։ Պոսեյդոնից թաքնվելու համար աստվածուհին, որը հոգնել էր ու հուսահատվել ապարդյուն որոնումներից և առավել քան սիրային զվարճանքների ցանկություն չուներ, փոխակերպվել է մատակ ձիու և քողարկվել Արկադիայի թագավոր Օնկիոսին պատկանող արածող ձիերի երամակի մեջ։ Սակայն նրան չի հաջողվել խաբել ծովերի աստծուն. Պոսեյդոնը, հովատակի փոխակերպվելով, մերձեցել է Դեմետրային. այդ զայրացուցիչ միությունից էլ ծնվել են Արեյոնը և նիմփա Դեսպինան[4]։ Արեյոն ձին կարողում էր խոսել[5]։ Տարբերակներից մեկում նա պատկանել է Իոլաոսին։ Մեկ այլ տարբերակում՝ ձին Գեայի որդին էր[6], Ադրաստոսը նրա երրորդ տերն էր[7], քանի որ Հերակլեսը խնդրել էր ձին Օնկիոսից[8]։
Արեյոնի արագության շնորհիվ Ադրաստոսը միակն է եղել Թեբեի դեմ արշաված յոթ առաջնորդներից[9], որ փրկվել է կործանումից։ Պոսեյդոնից սերող ձիու սերնդի մասին հիշատակել է նաև Վերգիլիոսը[10]։
Առասպելն արտացոլել է տոտեմականության վերապրուկները կրոնի մեջ[11]։ Արեյոնի պաշտամունքը տարածված է եղել Արկադիայում։