Առողջարան
From Wikipedia, the free encyclopedia
Առողջարան, սանատորիա (<լատ. sano – բուժում եմ, առողջացնում եմ), բուժկանխարգելիչ հիմնարկ, որտեղ բուժման համար օգտագործում են հիմնականում բնական բուժիչ միջոցները (կլիմա, հանքային ջրեր, բուժիչ ցեխեր, ծովային լոգանքներ), ինչպես նաև ֆիզիոթերապիան, բուժական ֆիզկուլտարան և ռացիոնալ սնունդը։ Առողջարանները կազմակերպվում են բարենպաստ կլիմայական, լանդշաֆտային և սանհիգիենային պայմաններով օժտված առողջավայրերում և քաղաքամերձ գոտիներում (տեղական առողջարաններ)։ Առողջարանները լինում են մեծերի և երեխաների, դեռահասների, մոր ու մանկան։ Ըստ բժշկական պրոֆիլի՝ առողջարանները նախատեսվում են տուբերկուլոզով, արյան շրջանառության, մարսողության, շնչառության, նյարդային, ներզատիչ համակարգերի, հենաշարժական ապարատի հիվանդություններով, նյութափոխանակության խանգարումներով հիվանդների համար։
Առողջարանները լինում են մասնագիտացված, միապրոֆիլ, բազմապրոֆիլ։
Հիվանդների բժշկական ընտրությունը կատարում են բուժող բժիշկը և բաժնի վարիչը կամ բուժկանխարգելիչ հիմնարկի գլխավոր բժիշկը՝ համաձայն հիվանդներին առողջարան ուղարկելու կանոնների։ Դեռահասներին առողջարան են ուղարկում նույն կարգով՝ բուժկանխարգելիչ հիմնարկի բաժնի վարիչի մասնակցությամբ։ Առողջարանում հիմնականում բուժվում են հիվանդությունների սկզբնական ձևերով, հիվանդանոցային բուժում չպահանջող քրոնիկական հիվանդություններով տառապողները, ինչպես նաև հիվանդություններից և վիրահատություններից հետո ապաքինվողները։