From Wikipedia, the free encyclopedia
Առողջավայր, հանգստյան գոտի, բնական բուժիչ գործոններ՝ հանքային աղբյուրներ, բուժիչ ցեխեր, բարենպաստ կլիմա և դրանք բուժկանխարգելիչ նպատակներով կիրառելու համար անհրաժեշտ պայմաններ (բուժական և հանգստի հիմնարկներ, տրանսպորտ և այլն) ունեցող վայր։ Միմյանց մոտ գտնվող առողջավայրերը, ինչպես նաև առողջարանային ավաններն ու վայրերը կոչվում են հանգստյան գոտիներ։
Ըստ բնական բուժիչ գործոնների բնույթի՝ առողջավայրերը բաժանվում են 3 խմբի՝
Բալնեոլոգական առողջավայրում հիմնական բուժական գործոնը հանքային ջրերն են, որոնք օգտագործվում են լոգանքների, ցնցուղման, լողավազանում լողալու, խմելու, ինչպես նաև ինհալացիայի, լվացումների, հոգնաների և ողողումների համար։
Ցեխաբուժական առողջավայրում գործածում են տղմացեխը, քաղցրահամ ջրերի նեխատիղմը, տորֆային, հազվադեպ ջրաջերմային և հրաբխային ցեխերը։
Կլիմայական առողջավայրում բուժմանը նպաստում են տեղանքի աշխարհագրական դիրքը, արևոտ կլիման, ռելիեֆը, անտառը, լեռնային օդը և այլն։
Հայաստանում հանքային բուժիչ ջրերի օգտագործման վերաբերյալ ամենավաղ տեղեկությունները տվել են պատմիչներ Ստեփանոս Օրբելյանը (13-րդ դար)՝ Ջերմուկի հանքային աղբյուրների, և Ղևոնդ Ալիշանը (19-րդ դար)՝ Արզնիի «Քոսաղբյուր» ակունքի մասին։ Հայաստանում առաջին առողջարանները բացվել են 1921 թվականին՝ Դիլիջանում, և 1929 թվականին՝ Արզնիում։ Առողջարանների ցանցի հետագա ընդլայնումը պայմանավորված է 1930 թվականին հիմնադրված Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ-ով, որտեղ մշակված գիտական հիմնավորված տվյալների հիման վրա Արզնիում, Ջերմուկում, Դիլիջանում, Հանքավանում, Արզականում, Վանաձորում և այլուր կազմակերպվեցին նոր առողջարաններ ու հանգստյան տներ։
Ըստ բնույթի՝ առողջարանները լինում են մեծերի, երեխաների, դեռահասների, մոր և մանկան։
Ըստ բժշկական պրոֆիլի՝ դրանք նախատեսված են տուբերկուլոզով, արյան շրջանառության, մարսողության, շնչառության, նյարդային, ներզատիչ համակարգերի, հենաշարժական ապարատի հիվանդություններով, նյութափոխանակության խանգարումներով հիվանդների համար։
Ըստ գործունեության բնույթի՝ լինում են մասնագիտացված, միապրոֆիլ, բազմապրոֆիլ առողջարաններ, որտեղ բուժվում են հիվանդության սկզբնական ձևերով կամ հիվանդանոցային բուժում չպահանջող քրոնիկ, հիվանդություններով տառապողները և հիվանդություններից ու վիրահատություններից հետո ապաքինվողները։
Առողջարանում բուժվել չի թույլատրվում վարակիչ կամ այլ հակացուցված հիվանդություններով հիվանդներին, ախտաբանական հղիությամբ կանանց։ Տեղական առողջարաններում բուժվում են ծանր հիվանդություններ և վիրահատություևներ տարած կամ բնակավայրի կլիմայից տարբերվող այլ կլիմայական պայմաններ չհանդուրժող հիվանդները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.