Ուկրաինական ծագումով համր կինոյի ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Աննա Ստեն (ուկրաիներեն՝ А́нна Стен, իսկական անունը՝ Աննա Պետրովնա Ֆեսակ[7] կամ ֆիսակովա[8], դեկտեմբերի 3, 1908[1], Կիև, Ռուսական կայսրություն[2] - նոյեմբերի 12, 1993[1][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5][6]), Ուկրաինայում ծնված խորհրդային և ամերիկացի դերասանուհի։ Մինչև 1929 թվականը նկարահանվել է ԽՍՀՄ-ում, 1930 թվականին արտագաղթել և կարիերան շարունակել Եվրոպայում և ԱՄՆ-ում[9][10]։
Աննա Ստեն | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1908[1] |
Ծննդավայր | Կիև, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | նոյեմբերի 12, 1993[1][3] (84 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5][6] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԱՄՆ և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասանուհի, սցենարիստ և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Ֆեոդոր Օցեպ և Յուջին Ֆրենկ |
Աննան ծնվել է Կիևում, ուկրաինացի կազակի և շվեդուհու ընտանիքում, հետագայում վերցրել է մոր ազգանունը (Ստեն)[8][11]։ Իր իսկ խոսքերով, նա ծնվել է 1908 թվականի հունիսի 29-ին, իսկական անունը Աննա Պետրովնա Ֆեսակ է[12], սակայն ծննդյան ամսաթիվը և ազգանունը ճշգրիտ հաստատված չեն, հաճախ հունիսի 29-ի փոխարեն հիշատակվում է դեկտեմբերի 3-ը, 1908 թվականի փոխարեն 1910 թվականը, իսկ ըստ Variety ամսագրի, որը հրապարակել է նրա մահվան մասին հայտարարությունը, նա ծնվել է 1913 թվականին, բացի այդ, Աննայի ընկերները, այդ թվում՝ օպերատոր Յուրի Տամարսկին, պնդում էին, որ երիտասարդ տարիներին նա կրել է Ֆիսակովա անունը[8]։ Հայրը պարուսույց է եղել, մայրը՝ Կիևի օպերայի և բալետի թատրոնի պրիմա բալերինա։ Մանուկ հասակում Աննան զբաղվել է պարով, հաճախել դաշնամուրի դասերի։ Հավաստի տվյալներ չկան նրա կարիերայի վաղ շրջանի մասին։ Ըստ որոշ տեղեկությունների, այդ թվում՝ դերասանուհու պատմածով, հայրը մահացել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, որից հետո Աննան մատուցողուհու աշխատանք է գտել՝ հիվանդ մորը կերակրելու համար, հետո խաղացել է սիրողական թատրոնում։ Այնուհետև տասնհինգամյա դերասանուհու վրա ուշադրություն է դարձրել Կոնստանտին Ստանիսլավսկին ստանձնելով նրա հովանավորչությունը և օժանդակել նրան Մոսկվայի կինոակադեմիա ընդունվելու հարցում[13]։ Ըստ այլ աղբյուրների, նրա հայրը ողջ է մնացել, պատերազմից հետո գտել է իր դստերը և իր սեփական կրկեսային խմբի հետ, որտեղ ելույթ է ունեցել նաև երիտասարդ Աննան, շրջագայել է ողջ երկրում[8]։
Աշխատել է Մոսկվայի ժողովրդական կրթության բաժնում (1924)[14], ապա պրոլետարական մշակույթի բաժնում (1925)[15]։ 1926 թվականին Աննան առաջին անգամ հանդես է գալիս համր կինոյում՝ կատարելով սղագրուհու փոքրիկ դերը «Միսս Մենդ» կատակերգությունում։ Ֆիլմի սցենարիստը Բորիս Բառնետն էր, ով հետագայում դարձավ հայտնի խորհրդային կինոռեժիսոր և 1933 թվականին նկարահանեց հակապատերազմական «Ծայրամասեր» ֆիլմը, որն էլ արժանացավ Վենետիկի կինոփառատոնի մրցանակին։ Նա ֆիլմում խաղացել է գլխավոր դերը և հանդես է եկել որպես ռեժիսոր Ֆեոդոր Օցեպի օգնական, ում հետ էլ Աննան ամուսնացել է 1927 թվականին։ Հետագա տարիներին Օցեպը նկարահանել է իր կնոջը ևս չորս ֆիլմում։ 1920-ականներին բնակվել է Նիկիտսկի բուլվարում, շենք 6, բնակարան 26/27[16]։
Դերասանուհու կարիերան ԽՍՀՄ-ում զարգացել է արագ տեմպերով։ Նա գլխավոր դերեր է խաղացել արդեն 1927 թվականին՝ նկարահանվելով Բառնետի «Աղջիկը տուփով» կինոկատակերգությունում։ 1928 թվականին դրան հաջորդեցին գլխավոր դերերը «Երկիրը գերության մեջ», «Իմ որդին» և «Սպիտակ արծիվը» ֆիլմերում, որոնց ռեժիսորն էր ռուսական կինոյի ռահվիրաներից մեկը՝ Յակով Պրոտազանովը, իսկ Աննայի գործընկերներն էին թատրոնի դերասան Վասիլի Կաչալովը և ռեժիսոր Վսեվոլոդ Մեյերխոլդը։
Ստենի վաղ շրջանի ֆիլմերից մի քանիսը ցուցադրվել են արտասահմանյան վարձույթում և դրական ազդակներ ունեցել, այդ պատճառով էլ 1930 թվականին Աննան «Մեժրապպոմֆիլմի» միջոցով մեկնել է Գերմանիա և այնտեղ նկարահանվել «Հաշվապահ Կրեմկե» հնչունային ֆիլմում։ Դերասանուհին որոշել է չվերադառնալ հայրենիք և կարիերան շարունակել Եվրոպայում։ Նույն ժամանակահատվածում գաղթել է նաև ամուսինը։
1931 թվականին Օցեպը նկարահանել է կնոջը երկու ֆիլմերում։ Դրանք Ֆեոդոր Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ» վեպի հաջող էկրանավորումներն են եղել` Ֆրանսիայում նկարահանված համանուն ֆիլմը և դրա գերմանական տարբերակը, որը կոչվել է «Մարդասպան Դմիտրի Կարամազովը» (դերասանուհին խաղացել է Գրուշենկայի դերը)։ Վերջին ֆիլմի պրոդյուսերը բնիկ ռուսաստանցի Յուջին Ֆրենկն է եղել։ Հավանաբար, նկարահանման ընթացքում նրա և Ստենի միջև սիրավեպ է սկսվել, քանի որ 1931 թվականին դերասանուհին թողել է Օցեպին և շուտով ամուսնացել Ֆրանկի հետ։ Ամուսնությունից հետո ծնվել է դուստրը՝ Անյան, ով հետագայում սովորել է կինոարվեստ։ 1931 թվականին Ստենը նկարահանվել է ևս երկու ֆիլմում՝ «Սալտո-մորտալե» և «Արկեր Մոնտե Կարլոյի վրա», իսկ հետո զույգով նկարահանվել են հայտնի Էմիլ Յանինգսի հետ 1932 թվականին «Կրքի փոթորիկներ» դրամայում։
1932 թվականին պրոդյուսեր Սեմյուել Հոլդվինը ուշադրություն է դարձրել Աննայի վրա և հրավիրել նրան Հոլիվուդ, որտեղ նա արտագաղթել է 1933 թվականին[17]։ Աննան անգլերեն չգիտեր, ուստի Ամերիկա ժամանելուն պես դերասանուհին ստիպված է եղել մոտ մեկ տարի քրտնաջան աշխատել անգլերենի հիմունքներին տիրապետելու և իր առոգանությունը կարգավորելու համար։ 1934 թվականին նկարահանված նրա առաջին ամերիկյան կինոնկարը՝ «Նանան», որը հիմնված է Էմիլ Զոլայի համանուն վեպի վրա, լայնորեն հրապարակվել է մամուլում, սակայն դրամարկղային հաջողություն չի ունեցել։
Երկու տարի Աննան, թեև հազվադեպ, նկարահանվել է նշանավոր ռեժիսորների և աստղերի հետ։ 1934 թվականին նա մարմնավորել է Կատյուշա Մասլովային Ռուբեն Մամուլյանի «Մենք նորից կենդանի ենք» դրամայում՝ Լև Տոլստոյի «Հարություն» վեպի հիման վրա։ 1935 թվականին նկարահանվել է Գերի Կուպերի հետ դուետով Քինգ Վիդորի «Հարսանեկան գիշեր» մելոդրամայում (Վենետիկի կինոփառատոնի մրցանակ ռեժիսուրայի համար)։
1936 թվականին Ստենն ամուսնու՝ Ֆրանկեի մոտ նկարահանվել է «Միայնակ կինը» մելոդրամայում (սցենարը գրել է Օցեպը)։ Այնուհետև նա երեք տարի չի երևացել էկրաններին, իսկ 1939 թվականին «Արտաքսման ճեպընթացը» դրամայից հետո սկսել է շատ հազվադեպ երևալ, այն էլ հիմնականում երկրորդական դերերում։
1943 թվականը դարձել է Ստենի վերջին արդյունավետ ժամանակաշրջանը․ նա նկարահանվել է ռազմական թեմայով միանգամից երեք ֆիլմերում («Հայդուկները», «Նրանք եկան կործանելու Ամերիկան» և «Երեք ռուս աղջիկ»), որտեղ նա խաղացել է գլխավոր դերերը։ Դերասանուհու վերջին գործերն են եղել 1962 թվականին նկարահանված «Միանձնուհին և սերժանտը» ռազմական դրաման և 1964 թվականին նկարահանված «Ձերբակալություն և դատավարություն» հեռուստասերիալը։
Աննա Ստենը մահացել է 1993 թվականի նոյեմբերի 12-ին, 84 տարեկան հասակում։
Ֆիլմեր Աննա Ստանի մասնակցությամբ[26]՝
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Երկիր |
---|---|---|---|---|
1962 | Միանձնուհի և սերժանտը | The Nun and the Sergeant | Միանձնուհի | ԱՄՆ |
1956 | Փախած դուստրեր | Runaway Daughters | Ռութ Բարտոն | ԱՄՆ |
1955 | Հաջողության զինվորը | Soldier of Fortune | Մադամ Դյուպրի | ԱՄՆ |
1948 | Եկեք մի քիչ ապրենք | Let’s Live a Little | МՄիշել Բեննետ | ԱՄՆ |
1943 | Երեք ռուս աղջիկ | Three Russian Girls | Նատաշա | ԱՄՆ |
Նրանք եկել են ոչնչացնելու Ամերիկան | They Came to Blow Up America | Ֆրա Ռեյթեր | ԱՄՆ | |
Հայդուկներ | Chetniks! | Լյուբիցա Միխայլովիչ | ԱՄՆ | |
1941 | Այսպես է ավարտվում մեր գիշերը | So Ends Our Night | Լիլո | ԱՄՆ |
1940 | Տղամարդը, ում հետ ամուսնացած եմ | The Man I Married | Ֆրիդա | ԱՄՆ |
1939 | Էքսպրես աքսոր | Exile Express | Նադին Նիկոլաս | ԱՄՆ |
1936 | Միայնակ կին | A Woman Alone | Մարիա | ԱՄՆ |
1935 | Հարսանեկան գիշեր | The Wedding Night | Մանյա Նովակ | ԱՄՆ |
1934 | Նորից ողջ ենք | We Live Again | Կատյուշա Մասլովա | ԱՄՆ |
Նանա | Nana | Նանա | ԱՄՆ | |
1932 | Կրքի փոթորիկ | Stürme der Leidenschaf | Անյա | Գերմանիա |
1931 | Ռումբեր Մոնտե Կառլոյի վրա | Bomben auf Monte Carlo | Իոլա | Գերմանիա |
Սալտո-Մորտալե | Salto Mortale | Մարինա | Ֆրանսիա | |
Դմիտրի Կարամազովի սպանությունը | Der Mörder Dimitri Karamasoff | Գրուշենկա | Գերմանիա | |
Կարամազով եղբայրները | Les Frères Karamazoff | Գրուշենկա | Ֆրանսիա | |
1930 | Հաշվապահ Կրեմկեն | Lohnbuchhalter Kremke | Կրեմկեի դուստրը | Գերմանիա |
1929 | Ոսկե կտուց | — | Վարենկա | ԽՍՀՄ |
1928 | Սադրիչը | Լիպա | ԽՍՀՄ | |
1928 | Սպիտակ արծիվ | — | Տնային դաստիարակչուհի | ԽՍՀՄ |
Իմ որդին | — | Օլգա Սուրինա | ԽՍՀՄ | |
Գերված երկիր | — | Մարիա | ԽՍՀՄ | |
1927 | Արկղով աղջիկը | — | Նատաշա Կորոստելևա | ԽՍՀՄ |
Մոսկվան հոկտեմբերին | — | ? | ԽՍՀՄ | |
1926 | Միս Մենդ | — | Սղագրող | ԽՍՀՄ |
1926 | Դավաճանը | — | Մարմնավաճառ | ԽՍՀՄ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.