Այլախոհ
From Wikipedia, the free encyclopedia
Այլախոհ, դիսիդենտ, լայն իմաստով՝ տվյալ հասարակությունում ընդունված հայացքներին, վարդապետությանը, քաղաքականությանը մարտահրավեր նետող անձ։ Երբ այլախոհները միանում և գործում են մեկ նպատակի շուրջ՝ առաջանում է այլախոհական շարժումը։ Երբեմն անձնական համոզմունքների հասարակությունում տիրող վարդապետության հետ այդ հակամարտությունը պատճառ է դառնում պաշտոնական իշխանության կողմից հալածանքների, հետապնդումների և ռեպրեսիաների։ Այլախոհները և այլախոհությունը ի հայտ են գալիս որպես բռնատիրության պատասխան, որպես դրա արդյունք։ Ընդ որում պետք է տարբեր բռնադատված և այլախոհ հասկացությունները։ Առաջինի դեպքում զոհ են դառնում բացարձակապես անմեղ, երկրում տիրող կարգերին բացարձակապես չընդվզող, շատ դեպքերում նույնիսկ այդ կարգերին հավատարիմ մարդիկ, ովքեր կարող են տեղյակ չլինել անգամ, որ կդատապարտվեն, մյուս դեպքում՝ մարդիկ գիտակցաբար դատապարտվում են իրենց երկրի անկախության համար պայքարելու կամ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու համար՝ իմանալով հանդերձ, որ այդ գործողությունները չեն ներվելու երկրի իշխանությունների կողմից և ազատազրկման պատճառ են դառնալու։ Խորհրդային տարիներին այս երկու եզրույթները նույնականացվում էին և օրենքի միևնույն դրույթներով էին պատիժ սահմանում, ինչը այլախոհների համար վիրավորական և անընդունելի էր[1]։
Առաջին անգամ «այլախոհ» եզրը կիրառվել է 16-րդ դարում կրոնական համատեքստում։ «Այլախոհ» սահմանումը նաև քաղաքական երանգ է ստացել 1940 թվականին՝ Խորհրդային Միությունում բռնապետական համակարգի ծավալման ընթացքում[2][3]։