Աղմուկ
From Wikipedia, the free encyclopedia
Աղմուկ, մարդու օրգանիզմի վրա վնասակար ազդող ձայներ, որոնք խանգարում են նրա աշխատանքն ու հանգիստը։ Ձայնը, որպես ֆիզիկական երևույթ, առաձգական միջավայրում ընթացող ալիքային շարժում է, որն առաջանում է տատանողական շարժումներից և ընկալվում մարդու ու կենդանիների լսողության օրգաններով։ Ձայնը բնութագրվում է ձայնային ճնշման մակարդակով (ինտենսիվություն) և չափվում է դեցիբելով (դբ) ու տատանումների հաճախությամբ, որն արտահայտվում է հերցով (1 հց-ը 1 տատանումն է վայրկյաում)։ Ձայնային ճնշման մակարդակի որոշման համար կիրառում են հատուկ սարքեր՝ աղմկաչափեր։ Բնականոն լսողություն ունեցող մարդն ընկալում է 16-20000 հց հաճախությամբ և 0-ից մինչև 120-140 դբ ինտենսիվությամբ ձայնային տատանումներ։ Ձայնի մեծ ուժգնությունը (աղմուկ) առաջացնում է ցավի զգացողություն (թմբկաթաղանթի վրա ուժեղ ճնշման հետևանքով), իսկ 150 դբ ձայնն անտանելի է։ Մարդու առողջության վրա բացասական ազդեցություն է ունենում տևական և չափազանց ինտենսիվ ազդեցության աղմուկը։