հայ ծանրամարտիկ From Wikipedia, the free encyclopedia
Աղասի Կորյունի Աղասյան (օգոստոսի 29, 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 8, 2019, Երևան, Հայաստան), հայ ծանրամարտիկ, ծանրամարտի համաշխարհային ուսանողական խաղերի, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն[1], Հայաստանի բազմակի չեմպիոն[2]։
Աղասի Աղասյանը ծնվել է 1988 թվականի օգոստոսի 29-ին, Երևանում։ Մանկության տարիներից զբաղվել է ծանրամարտով։
Ծանրամարտում Աղասի Աղասյանի առաջին լուրջ նվաճումը եղել է 2010 թվականի հուլիսին, երբ Աղասին մասնակցել է ծանրամարտի աշխարհի երկրորդ ուսանողական առաջնությանը և դարձել աշխարհի չեմպիոն[3]։ 2010 թվականի նոյեմբերին Աղասին դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության՝ մինչև 23 տարեկանների տարիքային խմբի փոխչեմպիոն[4]։ 2011 թվականին ևս Աղասին դարձել է Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն[5]։ 2012 թվականին՝ 24 տարեկանում, նա նվաճել է Ուսանողների աշխարհի առաջնության արծաթե մեդալը[6]։ Հաջորդ տարի՝ 2013 թվականին, նա դարձել է համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն[1]։
2014 թվականի ապրիլին Աղասին, մասնակցելով Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, 85 կգ քաշային կարգի B ենթախմբում գրավել է առաջին տեղը[7]։
2014 թվականի նոյեմբերին Աղասի Աղասյանը մասնակցել է Ալմաթիում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությանը և B խմբում զբաղեցրել հինգերորդ հորիզոնականը[8]։
2016 թվականին պետք է մասնակցեր «Fajr Cup» մրցաշարին[9], սակայն մասնակցեց միայն Առաքել Միրզոյանը։
Աղասի Աղասյանը 2016 թվականին մասնակցել է ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությանը։ Այս առաջնությանը նախորդել էր Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ նա միանշանակորեն հայտարարել էր, որ Աղասի Աղասյանը որքան էլ լավ մարզավիճակում գտնվի, միևնույն է, չի հրավիրվելու ազգային թիմ[10]։ Առաջնության ժամանակ նա պայքարել է մինչև 94 կգ քաշային կարգում (մինչ այդ հիմնականում հանդես էր գալիս մինչև 85 կգ քաշային կարգում) և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը[11]՝ երկամարտի 344 կգ արդյունքով։ Զիջել է միայն գյումրեցի երիտասարդ ծանրորդ Կարուշ Ղուկասյանին, որի երկամարտի արդյունքը 350 կգ էր։ Վերջին մոտեցման ժամանակ Աղասին ծանրաձողը նախատեսվածից երկար է պահել իր գլխավերևում, ինչից հետո հանել է մարզակոշիկները և թողել մրցահարթակի վրա․ այդ առաջնությունը որոշիչ էր օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար, սակայն առաջնության ժամանակ տեղի ունեցած տարօրինակ միջադեպի պատճառով ծանրորդը չստացավ օլիմպիական ուղեգիր, անգամ չմասնակցեց պարգևատրման արարողությանը՝ այդ կերպ արտահայտելով իր դժգոհությունը[12]։ Առաջնությունից հետո ծանրորդը գրառում կատարեց իր ֆեյսբուքյան էջում․
«Ես հեռանում են սպորտից ճակատս բարձր։
Թքած ունեմ այն մարդկանց վրա, ովքեր իմ կոշիկներից էժան են»։ - Աղասի Աղասյան |
Միջադեպից հետո Աղասի Աղասյանը հայտարարեց, որ մտադիր է մարզչական աշխատանքով զբաղվել[13]։
2016 թվականի օգոստոսին Բրազիլիայում ընթացող օլիմպիական խաղերի ժամանակ 85 կգ քաշային կարգում հանդես եկող Առաքել Միրզոյանը դուրս է մնում պայքարից, ինչից հետո Աղասի Աղասյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ բովանդակությամբ գրառում է կատարում[14]․
«85 կգ քաշային կարգում ամենաուժեղը ես եմ, քանի մարզվում եմ։ Ու ոչ ոք ինձ չի կարող հաղթել, անկախ ամեն ինչից»։ - Աղասի Աղասյան |
2017 թվականին հեռացել է մեծ սպորտից։
Աղասի Աղասյանը ամուսնացած էր։ Ուներ մեկ դուստր և մեկ որդի։
Աղասի Աղասյանը մահացել է 2019 թվականի հուլիսի 8-ին՝ հուլիսի 5-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով[15][16]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.