From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդրոս Հելիոս (հին հունարեն՝ Ἀλέξανδρος Ἥλιος, դեկտեմբերի 25, մ. թ. ա. 40, Ալեքսանդրիա - անհայտ, Հռոմ, Հռոմեական Հանրապետություն), Պտղոմեոսյան Եգիպտոսի արքայազն, Վերին և Ստորին Եգիպտոսների թագուհի Կլեոպատրա Ֆիլոպատորի և հռոմեական եռապետ Մարկոս Անտոնիոսի կրտսեր որդին։
Ալեքսանդրոս Հելիոս Ἀλέξανδρος Ἥλιος | |
---|---|
Պտղոմեոսյան Եգիպտոսի արքայազն | |
Ծնվել է՝ | մ․թ․ա․ 40 թվական (մոտավորապես, հստակ՝ անհայտ) |
Ծննդավայր | Ալեքսանդրիա, Պտղոմեոսյան Եգիպտոս |
Մահացել է՝ | մ․թ․ա․ 29-ից մ․թ․ա․ 25 թվականն ընկած ժամանակահատվածում |
Վախճանի վայր | Հռոմ, Հռոմեական կայսրություն |
Երկիր | Հին Եգիպտոս |
Հարստություն | Պտղոմեոսներ |
Տոհմ | Պտղոմեոսներ |
գերիշխան | |
Հայր | Մարկոս Անտոնիոս |
Մայր | Կլեոպատրա |
Ալեքսանդրոսը ունեցել է երկվորյակ քույր՝ ի դեմս արքայադուստր Կլեոպատրա Սելենե II-ի։ Հայտնի է, որ Կլեոպատրան Ալեքսանդրոսին, անվանել է ի պատիվ հելլենիստական աշխարհակալ տիրակալ Ալեքսանդր Մակեդոնացու։ Արքայազնի երկրորդ անունը («Հելիոս») հունարենից թարգմանաբար նշանակում է «արև»։ Սա իր մեջ պարունակում է որոշակի խորհրդանշականություն, քանզի վերջինիս երկվորյակ քրոջ՝ Սելենեի անունն էլ, ինքնին, նշանակում է «լուսին»[1]։
Ալեքսանդրոս Հելիոսը ծնվել և կրթություն է ստացել Ալեքսանդրիայում։ Նա հելլենիստական Եգիպտոսի փարավոն Կլեոպատրայի երեք որդիներից երկրորդն էր՝ Հուլիոս Կեսարի որդի Կեսարիոնի կրտսեր եղբայրը։ Մ․թ․ա․ 34 թվականին տեղի ունեցած Ալեքսանդրիական նվիրատվության ժամանակ վերջինս ստանում է «արքայից արքա» տիտղոսը։ Այսպիսով, ըստ Մարկոս Անտոնիոսի և Կլեոպատրա Ֆիլոպատորի կտակի՝ Ալեքսանդրոս Հելիոսը ժառանգում էր Մեծ Հայքի թագավորությունը, Ատրպատականը, Պարթևստանը, ինչպես նաև Եփրատ և Ինդոս գետերի միջև ընկած բոլոր տարածությունները[2]։ Այնուամենայնիվ, իրադարձությունների արագ զարգացումն անհնարին է դարձնում կտակի իրականացումը, քանզի Արևելքում հռոմեացիների զավթողական քաղաքականությունը և դրա հետևանքով ձևավորված վարչակարգը Մարկոս Անտոնիոսի հեռանալուց անմիջապես հետո տապալվում է։ Ալեքսանդրոս Հելիոսի հայրը՝ տրիումվիր Անտոնիոսը, ապօրինաբար ձերբակալել էր Մեծ Հայքի արքայից արքա Արտավազդ Բ-ին և հայոց արքայական ընտանիքին իր հետ բերել Ալեքսանդրիա։ Ըստ հռոմեացի պատմիչ Դիոն Կասիոսի՝ «Անտոնիոսն Արտավազդին խաբելով, ձերբակալելով, շղթայելով, մեծապես վարկաբեկել է հռոմեական ժողովրդի հեղինակությունը»։ Ինչ վերաբերվում է Մեծ Հայքի թագավորությունում Ալեքսանդրոս Հելիոսի իշխանության հաստատմանը՝ ապա հարկ է նշել, որ ըստ էության այդ տարածքներն արդեն իսկ գտնվում էին Արտավազդ Բ-ի օրինական իրավահաջորդի՝ Արտաշես Բ-ի փաստացի տիրապետման ներքո։ Մյուս տարածքները ևս դուրս էին մնացել հռոմեական վարչակարգի տիրապետման գոտուց․ Ատրպատականում շարունակում էր իշխել Մար Արտավազդը, իսկ Պարթևստանում գահն անցել էր Հրահատ Դ-ին։
Մ․թ․ա․ 33 թվականին Ալեքսանդրոս Հելիոսն ամուսնանում է իր հեռավոր ազգական Իոտապայի հետ, որը Արտավազդ Մեդացու (Մար Արտավազդ) դուստրն էր՝ Ատրպատականի արքայադուստրը[3]։ Մ․թ․ա․ 31 թվականին Մարկոս Անտոնիոսի և Գայոս Օկտավիանոսի ուժերի միջև տեղի է Ակցիումի ծովային ճակատամարտը, որտեղ Կլեոպատրան և Անտոնիոսը պարտություն են կրում։ Շուտով վերջիններս ինքնասպանություն են գործում, իսկ Օկտավիանոսի բանակը ներխուժում է Եգիպտոս և այն հռչակում հռոմեական պրովինցիա։ Իրադարձությունների նման զարգացման արդյունքում Ալեքսանդրոսի հարստացուն՝ Իոտապան, հեռանում է Ալեքսանդրիայից և հետագայում ամուսնանում Կոմմագենեի թագավոր (հայկական և հունական ծագումնաբանությամբ) թագավոր Միհրդատ Գ Եպիֆանոսի հետ։
Եգիպտոսի նվաճումից հետո Օկտավիանոսը մահապատժի է ենթարկում Կեսարի և Կլեոպատրայի որդուն՝ Ալեքսանդրոսի խորթ եղբայր Պտղոմեոս Կեսարիոնին։ Միևնույն ժամանակ եռապետը խնայում է Ալեքսանդրոսի, նրա եղբայր Պտղոմեոս Ֆիլադելֆոսի և Կլեոպատրա Սելենեի կյանքը։ Նա երեխաներին իր հետ տանում է Հռոմ և ոսկյա ծանր շղթաներով ցուցադրում Ակցիումի ճակատամարտին նվիրված հաղթահանդեսի ժամանակ։ Երեխաները կանգնած էին Կլեոպատրայի արձանի (այս արձանի ձեռքին փաթաթված էր վերջինիս մահվան պատճառ դարձած թունավոր օձը) առջևում։ Հաղթահանդեսից հետո Օկտավիանոսը երեխաների խնամակալությունը հանձնում է իր ավագ քրոջը՝ Օկտավիային, որը երեխաներին ընդունում է առատաձեռնորեն, խնամում ինչպես հարազատի և տալիս հրաշալի կրթություն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.