![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a9/SchwarzesQuadrat.jpeg/640px-SchwarzesQuadrat.jpeg&w=640&q=50)
Աբստրակցիա
From Wikipedia, the free encyclopedia
Աբստրակցիա (լատին․՝ abstractio - վերացարկում), առարկաների և երևույթների ոչ էական հատկություններից մտովի վերանալը, նրանց հիմնական կողմերի և հատկանիշների ընդհանրացումը։ Աբստրակցիայով կատարված ընդհանրացումներն արտահայտվում են հասկացությունների, կատեգորիաների, օրենքների, գիտական համակարգերի և իմացության այլ ձևերով։ Գիտական աբստրակցիան բնության և հասարակության էական հատկանիշները մարդկային մտածողության մեջ արտացոլող իմացության պրոցեսի կարևոր տարրն է։
Վերացարկումը հնարավորություն է ընձեռում առանձնացնելու մտքի առարկան և այն քննելու տվյալ առումով կողմնակի, խաթարիչ գործոններից զերծ՝ մաքուր տեսքով, ապահովելով մտքի ազատ ստեղծագործությունը՝ տեսական մտածողության հարաբերական ինքնուրույնությունը։ Ձևական տրամաբանության մեջ որպես աբստրակցիաի տեսակներ առանձնացվում են՝ «մեկուսացնող աբստրակցիա», որի դեպքում վերացարկվում և որպես ինքնություն դիտվում է որևէ առանձին հատկանիշ, այդպես գոյանում են «վերացական հասկացությունները» երկարություն, արդարություն և այլն). «ընդհանրացնող աբստրակցիա», որի շնորհիվ գոյանում են հասկացությունները առարկաների դասի (եռանկյունի, բույս և այլն) կամ համախմբության (մարդկություն և այլն) մասին։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a9/SchwarzesQuadrat.jpeg/640px-SchwarzesQuadrat.jpeg)
Մաթեմատիկայի հիմունքներում կարևոր նշանակություն ունեն մաթեմատիկայի և տրամաբանության այնպիսի հիմնական աբստրակցիաներ, ինչպիսիք են՝ նույնացման վերացարկումը, որը հնարավորություն է ընձեռում հավասարության տիպի հարաբերությամբ կապված օբյեկտների մասին խոսել որպես միատեսակ օբյեկտների. ակտուալ անվերջության վերացարկումը, որի դեպքում վերացարկում են անվերջ բազմությունը վերջավոր եղանակով ներկայացնելու գործնական անհնարինությունից և այն դիտարկում որպես առկա, տրված. պոտենցիալ իրականացման վերացարկումը, որի դեպքում վերացարկում են մեր կոնստրուկտիվ ռեալ հնարավորությունների սահմանափակություններից։ Պատմական զարգացում ապրող ամբողջությունների (հասարակություն, օրգանական աշխարհ, գիտելիք և այլն) ուսումնասիրության դեպքում բեղմնավոր է աբստրակցիայից կոնկրետին անցնելու մեթոդը, պատմական պրոցեսի տրամաբանական ներկայացման եղանակը, որը կիրառել է Մարքսը «Կապիտալ»–ում, յուրացնելով ու զարգացնելով Հեգելի «Տրամաբանության գիտության» գաղափարները։
Եվրոպական փիլիսոփայության եւ տրամաբանության մեջ աբստրագինգը մեկնաբանվում է որպես հասկացությունների փուլային արտադրության միջոց, որոնք ձևավորում են ավելի ու ավելի ընդհանուր մոդելներ՝ աբստրակցիայի հիերարխիա:Քննարկվող հասկացության շեղվածության աստիճանը կոչվում է աբստրակցիայի մակարդակ։ Կախված նպատակներից եւ խնդիրներից, դուք կարող եք խոսել նույն օբյեկտի մասին տարբեր վերացական մակարդակներում։