From Wikipedia, the free encyclopedia
ԱՄՆ փոխնախագահ (անգլ.՝ Vice President of the United States), կարևորությամբ երկրորդ պաշտոնյան ԱՄՆ դաշնային կառավարության գործադիր համակարգում։ Փոխնախագահի հիմնական սահմանադրական գործառույթն այն է, որ նա ԱՄՆ նախագահին փոխարինում է նրա մահվան, հրաժարականի կամ պաշտոնից հրաժարվելու դեպքում։ Քանի որ ԱՄՆ փոխնախագահը նաև ձևականորեն գլխավորում Է ԱՄՆ Սենատը, Կոնգրեսի վերին պալատը, հարցը այն մասին, թե իշխանության որ ճյուղին է վերաբերում տվյալ պաշտոնը՝ գործադիր կամ օրենսդիր, այս հարցը բանավիճելի է։
ԱՄՆ գործող փոխնախագահը Քամալա Հարիսն է, որը պաշտոնը ստանձնել է 2021 թվականի հունվարի 20-ին։ ԱՄՆ նախագահի հետ ընտրվել է 2020 թվականի նոյեմբերի 8-ին։
Ընտրվում է ԱՄՆ նախագահի հետ, նախագահի յուրաքանչյուր թեկնածու ունի «կապակցված» փոխնախագահի պաշտոնի թեկնածու։ Ներկայացնում է նույն քաղաքական կուսակցությունը, ինչ նախագահը, բայց Սահմանադրության համաձայն՝ պարտադիր պետք է լինի մեկ այլ նահանգից։
ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնի թեկնածութանը, ըստ տասներկուերորդ փոփոխության, ներկայացվում են նույն պահանջները, ինչ նախագահի թեկնածությանը (թեկնածուն պետք է լինի առնվազն 35 տարեկան, նա պետք է լինի ԱՄՆ քաղաքացի և ԱՄՆ-ի տարածքում բնակվի առնվազն 14 տարի)։ Փոխնախագահի պաշտոն զբաղեցնելու ժամկետների քանակի սահմանափակումներ չկան (ի տարբերություն 1948 թվականի, երբ փոխնախագահը պաշտոնը կարող էր զբաղեցնել միայն երկու ժամկետով)։
20-րդ փոփոխության համաձայն՝ ԱՄՆ-ի փոխնախագահը պաշտոնը ստանձնում է ընտրությունների տարվան հաջորդող տարվա հունվարի 20-ին։ ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողության ընթացքում ընտրված փոխնախագահը երդում է տալիս ընտրված նախագահից մի քանի րոպե առաջ (այս կարճ ժամանակահատվածում նա պետության առաջին դեմքն է դառնում, ինչը օրենքին չի համապատասխանում)։ Ի տարբերություն նախագահական երդման՝ փոխնախագահի երդումը նշված չէ ԱՄՆ Սահմանադրության մեջ։ Պատմության մեջ կիրառվել են երդման տարբեր տեսակներ, 1884 թվականից օգտագործվում է ձև, որով երդվում են նաև կոնգրեսականներն ու կառավարության անդամները։
«Ես հանդիսավոր կերպով երդվում եմ, որ կաջակցեմ և կպաշտպանեմ Միացյալ Նահանգների Սահմանադրությունը բոլոր թշնամիներից՝ արտաքին և ներքին, որ ես կպահպանեմ իրական հավատարմությունը, որ ես ընդունում եմ այս պարտավորությունը ազատ կերպով, առանց որևէ ներքին վերապահման կամ նպատակից խուսափելու, և որ ես լավ և բարեխղճորեն կկատարեմ այս պաշտոնի պարտականությունները։ Թող Աստված օգնի ինձ»։
Պաշտոնապես գլխավորում Է ԱՄՆ Սենատը, որտեղ միայն ձայների կիսման ժամանակ ունի որոշիչ ձայնի իրավունք։ 12-րդ փոփոխության համաձայն՝ նախագահում Է Սենատը, երբ նա հավաքվում է ընտրիչների կոլեգիայի ձայների հաշվարկի համար։ Նախագահի ցանկությամբ ունի մի շարք այլ հասարակական պարտականություններ, որոնք իրականացնում է միայն պետության ղեկավարի անունից և հանձնարարությամբ։
ԱՄՆ-ի նախագահի մահվան, պաշտոնաթողության կամ հրաժարման դեպքում դառնում է ԱՄՆ-ի լիարժեք նախագահ (պաշտոնապես այդ դրույթն ընդունվել է միայն 1967 թվականին՝ որպես Սահմանադրության 25-րդ փոփոխություն)։
Մինչև 1967 թվականը փոխնախագահի հրաժարականի կամ մահվան կամ նախագահի պաշտոնը ստանձնելու դեպքում նոր փոխնախագահ չի նշանակվել, և պաշտոնը թափուր է մնացել մինչև նոր ընտրություններ։ Այժմ, նույն 25-րդ փոփոխության համաձայն, գործում է դրույթ, համաձայն որի այդ պաշտոնի թափուր մնալու դեպքում ԱՄՆ Կոնգրեսը պետք է գործող նախագահի ներկայացմամբ նշանակի նոր փոխնախագահ։ 1973-1974 թվականներին նման նշանակումը տեղի է ունեցել երկու անգամ։ Փոխնախագահ Սպիրո Ագնյուի հրաժարականից հետո Կոնգրեսը Ռիչարդ Նիքսոնի ներկայացմամբ հաստատել է փոխնախագահ Ջերալդ Ֆորդի թեկնածությունը։ Ութ ամիս անց Նիքսոնը հրաժարական տվեց, Ֆորդը ինքը դարձավ նախագահ, և Կոնգրեսը փոխնախագահ հաստատեց Նելսոն Ռոքֆելերին։
Փոխնախագահության ինստիտուտը բազմիցս քննադատվել է այն բանի համար, որ քաղաքական գործիչը, որը չի ընտրվում որպես անկախ թեկնածու և հաճախ հայտնի չէ, կարող է հանկարծ դառնալ պետության ղեկավար և կտրուկ փոխել նախորդի քաղաքականությունը։ Մյուս կողմից, պահպանվում է այն երաշխիքը, որ քառամյա պաշտոնավարման ընթացքում մնալու է նույն կուսակցության ձեռքում։
ԱՄՆ-ի Սահմանադրության քսանհինգերորդ փոփոխության համաձայն (1967), նախագահի կամ գործադիր իշխանության (ժամանակավոր) անգործունակության դեպքում, փոխնախագահն այդ ժամանակ դառնում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնակատար։ Այսպես, նարկոզի տակ անցկացված Բուշի կոլոնոսկոպիայի ժամանակ փոխնախագահ Չեյնին երկու անգամ իր ձեռքն է վերցրել կառավարման ղեկը՝ 2002 և 2007 թվականներին։
2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումից հետո փոխնախագահ Չեյնին հաճախ գաղտնի վայրում էր գտնվում, ինչը, ինչպես պնդում էին, արվել է միաժամանակ պետության առաջին երկու անձանց դեմ ահաբեկիչների մահափորձը կանխելու համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.