From Wikipedia, the free encyclopedia
ԱՄՆ անկախության օր (անգլ.՝ Independence Day) Միացյալ Նահանգների պետական և ազգային տոներից մեկը, այն նշվում է հուլիսի 4-ին․ 1776 թվականի հուլիսի 4-ին ընդունվել է ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվում էր գաղութների անջատումն Անգլիայից և Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծումը։
ԱՄՆ անկախության օր | |
---|---|
Տեսակ | ԱՄՆ դաշնային տոներ և անկախության օր |
Ամսաթիվ | Հուլիսի 4 |
Տոնվում է | ԱՄՆ |
Տոնական կերակուր | հոթ դոգ և համբուրգեր |
Ի հիշատակ | ԱՄՆ-ի անկախության հռչակագիր |
Նախորդ | Հօշատակի օր |
Անկախության օրը համարվում է ԱՄՆ-ի՝ որպես անկախ և ինքնիշխան երկրի ծննդյան օրը։ Միջոցառումն ուղեկցվում է զորահանդեսով, բեյսբոլով, պարահանդեսներով, տոնավաճառներով, համերգներով, բացօթյա ճաշկերույթներով, ընտանեկան հանդիպումներով, ժողովրդին ուղղված քաղաքական գործիչների կոչերով, հրավառությամբ, ինչպես նաև ԱՄՆ-ի համար ավանդական հասարակական այլ միջոցառումներով։ Անկախության օրը դա ԱՄՆ-ի ազգային տոներից է[1][2][3]։
Միջոցառումը հիշեցնում է, որ 1776 թվականի հուլիսի 4-ին ընդունվել է Անկախության հռչակագիրը։ Հուլիսի 2-ին ընտրությունների միջոցով Կոնգրեսը հավանության է արժանացրել անկախության բանաձևը, որը հունիսի 7-ին Մայցամաքային կոնգրեսի նիստում Վիրջինիայից պատվիրակ Ռիչարդ Հենրի Լին բանաձև մտցրեց[4][5]։ Նույն ժամանակահատվածում բրիտանական 13 գաղութների բնակիչներ, որոնք բնակվում էին ԱՄՆ-ի արևելյան ափին, Անգլիայի թագավորի և պառլամենտի հետ կռիվ էին տալիս այն բանի համար, որ Անգլիայի պառլամենտը 1764 թվականին օրենք է ընդունել «Տարադրամի մասին»։ Ըստ այդ օրենքի՝ ամերիկյան գաղութների բնակիչները բոլոր հարկերը պետք է վճարեին ոսկե կամ արծաթե դրամներով։
1775 թվականին Հյուսիսային Ամերիկայի անգլիական 13 գաղութներում բռնկվել է ազգային-ազատագրական հեղափոխական պատերազմ։ Անկախության հռչակագիրը պատրաստել է «Հնգյակ միությունը»՝ Թոմաս Ջեֆերսոնի գլխավորությամբ։ Կոնգրեսը քննարկել և վերակազմավորել է հռչակագիրը՝ արդյունքում այն ընդունելով հուլիսի 4-ին։ Առաջին անգամ պաշտոնական փաստաթղթում գաղութները անվանվել են Միացյալ[6]։ Դրանից մեկ օր առաջ Ջոն Ադամսը կնոջը գրել է ․
1776 թվականի հուլիսի երկրորդ օրը Ամերիկայի պատմության մեջ ամենահիշարժան օրն է դառնալու։ Ես հակված եմ կարծելու, որ այդ օրը հաջորդ սերունդների կողմից կնշվի ամենամյա շքեղ միջոցառումներով։ Այդ օրը պետք է տոնվի մեծ զորահանդեսով, խաղերով, սպորտային մրցույթներով, համազարկերով, զանգերի ղողանջով, խարույկներով, զարդերով, այն պետք է նշվի ողջ երկրամասով և բոլոր ժամանակներում[7]. |
Սկզբում ամերիկացիներն անկախության օրը նշել են հուլիսի 4-ին, այն օրը, երբ ընդունվել է Անկախության հռչակագիրը։ Իսկ հուլիսի 2-ն այն ամսաթիվն է, երբ Կոնգրեսի փակ նիստի ժամանակ հաստատվել է անկախության բանաձևը[8]։
Պատմաբանները երկար ժամանակ վիճել են, թե արդյո՞ք Կոնգրեսն Անկախության հռչակագիրը ստորագրել է 1776 թվականի հուլիսի 4-ին, սակայն Թոմաս Ջեֆերսոնը, Ջոն Ադամսը և Բենջամին Ֆրանկլինն ավելի ուշ գրել են, որ իրենք այդ օրն են այն ստորագրել։ Պատմաբանների մեծամասնությունը ենթադրել է, որ Հռչակագիրը ստորագրվել է ընդունումից մեկ ամիս անց՝ 1776 թվականի օգոստոսի 2-ին[9][10][11][12][13]։
Հանգամանքների բերումով Ջոն Ադամսն ու Թոմաս Ջեֆերսոնը, որոնք երկուսն էլ մասնակցել են Անկախության հռչակագրի ստորագրմանը և հետագայում դարձել են ԱՄՆ նախագահներ, մահացել են նույն օրը՝ 1826 թվականի հուլիսի 4-ին, երբ նշվում էր Անկախության հռչակագրի ընդունման 50-ամյա հոբերլանը։ ԱՄՆ հինգերորդ նախագահ Ջեյմս Մոնրոն նույնպես մահացել է հուլիսի 4-ին (1831 թվական)։ ԱՄՆ 30-րդ նախագահ Քալվին Քուլիջը ծնվել է 1872 թվականի հուլիսի 4-ին և մինչ օրս ԱՄՆ միակ նախագահն է, որը ծնվել է ԱՄՆ Անկախության օրը։
Անկախության օրը ազգային տոն է, որն ուղեկցվում է հայրենասիրական ներկայացումներով։ Մնացած ամառային տոնակատարությունների պես Անկախության տոնը ևս նշվում է բացօթյա։ Անկախության օրը դաշնային տոն է, այդ պատճառով էլ հաստատություններ այդ օրը չեն աշխատում։ Շատ քաղաքական գործիչների համար այդ օրն առիթ է՝ իրենց քաղաքական վարկանիշը բարձրացնելու համար, նրանք հրապարակային ելույթներ են ունենում, գովերգում ժողովրդին, խոսում իրենց երկրի օրենքներից, պատմությունից։
Ընտանիքներով անկախության օրվա կապակցությամբ հաճախակի խրախճանք են կազմակերպում, ընկերների հետ խորոված անում, եթե հուլիսի 4-ը շաբաթ կամ կիրակի օր է լինում, ապա այն փոխարինվում է երկուշաբթի օրով։ Զարդերը (օրինակ ժապավեններն ու փուչիկները), կարմիր, սպիտակ և կապույտ գույն են ունենում՝ սրանք ամերիկյան դրոշի գույներն են։ Զորահանդեսները սովորաբար առավոտյան են լինում, իսկ հրավառությունը՝ երեկոյան՝ քաղաքային հրապարակներում։
Հրավառությունները հաճախ ուղեկցվում են հայրենասիրական երգերով, օրինակ ազգային օրհներգով, «Աստված, պահպանիր Ամերիկան», «Հրաշալի Ամերիկա», «Ամերիկա», «Այս երկիրը քո երկիրն է» երգերով։ Որոշ երգեր երգում են հատուկ տարածքներում, օրինակ «Յանկի դուդլ»-ը՝ հյուսիսարևելյան նահանգներում կամ «Դիքսին»՝ հարավային նահանգներում[20]։
Տոնական հրավառություններն իրականացվում են հանրային շոուի ձևով։ Շատ ամերիկացիներ ինքնուրույն իրենց միջոցներով ևս հրավառություն են կազմակերպում։ Անվտանգության նկատառումներով որոշ նահանգներ արգելել են ինքնուրույն հրավառությունների իրականացումը[21]։
Յուրաքանչյուր նահանգի առաջին հրանոթային հրավառությունը կոչվում է «միասնության հրավառություն», կրակոցն իրականացվում է հուլիսի 4-ի կեսօրին՝ ցանկացած զինվորական բազայից, որտեղ կա գործուն հրետանի[22]։
2009 թվականին Նյու Յորքում տեղի է ունեցել երկրի ամենամասսայական հրավառությունը, որի ընթացքում ծախսվել է 22 տոննա հրատեխնիկա[19]։ Այլ հայտնի հրավառություններ են եղել Չիկագոյում՝ Միչիգան լճի վրա, Սան Դիեգոյում՝ Mission նեղուցում, Բոստոնում՝ Չարլզ գետի վրա, Սենթ Լուիսում՝ Միսիսիպի գետի վրա, Սան Ֆրանցիսկոյում՝ Սան Ֆրանցիսկո նեղուցում, Վաշինգտոնում՝ Ազգային ծառուղում[23]։
Ամենամյա Ազատության միջազգային փառատոնին Դեթրոյթում կազմակերպվում է աշխարհի ամենախոշոր հրավառության շոուն, այն տեղի է ունենում Դեթրոյթ գետի ափին, միջոցառումն անցկացվում է Օնտարիո պրովինցիայի Ուինսոր քաղաքի հետ մեկտեղ, որտեղ էլ նշվում է Կանադայի օրը։
Չնայած պաշտոնական միջոցառումները միշտ սկսվում են հուլիսի 4-ին, միջոցառումների անցկացման օրերի քանակը կախված է նրանից, թե շաբաթվա որ օրն է հուլիսի 4-ը։ Եթե շաբաթվա կեսերին է ընկնում, ապա հրավառությունը տեղափոխվում է շաբաթ և կիրակի օրերը։
Հուլիսի առաջին շաբաթն ամերիկացիները սկսում են ակտիվ շրջագայել երկրով, քանի որ շատերն այդ առիթն օգտագործում են հանգստյան վայր մեկնելու նպատակով[24]։
Նյու Յորքում հուլիսի 4-ին Էմփայր Սթեյթ Բիլդինգ երկնաքերի լույսը փոխվում է կարմիր գույնի։
Ամենահայտնի ֆիլմերից մեկը, որի սյուժեն ԱՄՆ Անկախության օրվա մասին է, 1996 թվականին Ռոնալդ Էմերիխի նկարահանված «Անկախության օրը» ֆիլմն է, գլխավոր դերում՝ Ուիլ Սմիթն է։ Սյուժեի համաձայն Երկիր մոլորակի վրա հարձակվում են այլմոլակային բռնազավթիչները և սկսում են ոչնչացնել խոշոր քաղաքներ։ Սակայն մարդիկ հաղթում են։ Ասյպիսով ԱՄՆ Անկախության օրը դառնում է ամբողջ Երկիր մոլորակի անկախության տոնը։
1989 թվականին Օլիվեր Սթոունը նկարահանել է «Հուլիսի 4-ին ծնվածը» ֆիլմը, որտեղ գլխավոր դերակատարը Թոմ Քրուզն է։ Ֆիլմը պատմում է Ռոն Կովիկի իրական պատմությունը։ Ռոնը ծնվել է հուլիսի 4-ին՝ ԱՄՆ անկախության օրը։ Նա մեծացել է իր երկրի նկատմամբ հպարտության զգացողության մթնոլորտում։ Մեկնել է Վիետնամ՝ պաշտպանելու ԱՄՆ շահերը։ Այնտեղ նա բախվում է իրական պատերազմի հետ, կորցնում է ընկերոջը, ստանում է ծանր վնասվածք։ Բժշկական հաստատությունում նա անտարբեր լինում իր հանդեպ։ Վերադառնալով խաղաղ կյանքի՝ նա հասկանում է, որ իր պատրանքներն ու իդեալները փլուզվում են, որ կառավարությունն իրեն թողել էր Վիետնամում՝ վերջնականապես փչացնելով իր կյանքն ինչ որ անհասանալի միջազգային ամբիցիաների համար։ Ռոնը դառնում է ագրեսիվ և ալկոհոլամոլ։ սակայն որոշ ժամանակ անց նա որոշում է միանալ վետերաններին՝ ինչն էլ նրան նորից կյանքի է վերադարձնում։
1995 թվականին Ռիչարդ Ֆորդը վեպ է գրել՝«Անկախության օրը», որը դարձել է նրա մեկ այլ վեպի՝ «Սպորտային լրագրող» գրքի շարունակությունը՝ գրված 1986 թվականին։ Ստեղծագործությունը 1996 թվականին Պուլիտցերովյան մրցանակ է ստացել։ Վեպը պատմում է Նյու Ջերսիի անշարժ գույքի գործակալ Ֆրենկ Բասկոմբի մասին։ Անկախության օրը նա այցելում է իր նախկին կնոջը, տղային, սիրուհուն, վարձակալներից մեկին և մի քանի հաճախորդների, որոնք դժվարություններ են ունենում լավ տուն գտնելու հարցում։ «Անկախության օրը» վեպը հովվերգական պատմածք է մի մարդու մասին, որն արդեն միջին տարիքում է և փորձում է գնահատել իր տեղն ու դերը կյանքում։
1990-ական թվականների առաջին կեսերին գոյություն ուներ ամերիկացի աղջիկների ռեփ երաժշտական խումբ՝ 7669։ Անվանման մեջ միավորվել էին ԱՄՆ անկախության հռչակման տարեթիվն (1776) ու «Սեքսուալ հեղափոխության» պայմանական տարեթիվը՝ (1969)[36]։ ԱՄՆ մի շարք ֆիլմերում և խաղերում խոշոր պայթյունների և կրակոցների իրադարձություններն անվանում են հուլիսի 4՝ դրանք համեմատելով հուլիսի 4-ի բազմաթիվ հրավառությունների հետ։ Օրինակ GTA 3 խաղի եզրափակիչում կարելի է հարցազրույց լսել, որտեղ մաֆիայի անդամների վեճերը համեմատվում են հուլիսի 4-ի հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.