ԱՄՆ-ի առաջին տիկիններ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
ԱՄՆ-ի առաջին տիկին, Սպիտակ տան տիրուհու տիտղոսը։ Ավանդաբար տանտիրուհու պարտականությունները կատարում է ԱՄՆ նախագահի կինը, սակայն երբեմն տիտղոսը կարող է կրել այլ կին, օրինակ՝ երբ նախագահն ամուրի է, նրա կինը մահացել է կամ չի կարող կատարել առաջին տիկնոջ պարտականությունները։ Տիտղոսն ընտրովի չէ, և ոչ մի պաշտոնական պարտականություն չի ենթադրում։ Այնուամենայնիվ, առաջին տիկինը ներկա է գտնվում բազմաթիվ պաշտոնական արարողությունների ու պետական միջոցառումների ինչպես նախագահի հետ միասին, այնպես էլ ինքնուրույն։ Սպիտակ տան տիրուհին, որպես կանոն, չի ունենում այլ աշխատանք[1]։ Առաջին տիկնոջ պարտականությունների մեջ է մտնում նաև Սպիտակ տան բոլոր հանդիսությունների կազմակերպումը։ Առաջին տիկինն ունի իր ծառայողների խումբը, այդ թվում՝ Սպիտակ տան հասարակության հետ կապերի բաժնի ղեկավարը, աշխատակիցների ղեկավարը, մամլո քարտուղարը, գլխավոր ֆլորիստը, շեֆ խոհարարը։ Առաջին տիկնոջ գրասենյակը նախագահի գործադիր գրասենյակի մի ճյուղն է։
ԱՄՆ-ի առաջին տիկին First Lady of the United States | |
---|---|
Պաշտոնական նստավայր | Սպիտակ տուն |
Լիազորության ժամկետ | 4 տարի |
Առաջինը պաշտոնում | Մարթա Վաշինգտոն |
Կայք | Հղում |
Ըստ Սպիտակ տան գրադարանի և Առաջին տիկինների ազգային գրադարանի (անգլ.՝ National First Ladies' Library) տվյալների՝ եղել են 45 առաջին տիկիններ և առաջին տիկնոջ 46 տիտղոսներ։ Թվերի անհամապատասխանության պատճառն այն է, որ Սթիվեն Գրովեր Կլիվլենդը երկու անգամ նախագահ է ընտրվել տարբեր ժամանակներում և եղել է ԱՄՆ 22-րդ ու 24-րդ նախագահը, և նրա կինը՝ Ֆլորենս Ֆոլսոմ Կլիվլենդը, առաջին տիկինների ցանկում ընդգրկվել է երկու անգամ։ ԱՄՆ առաջին տիկնոջ տիտղոսն առաջինը կրել է Ջորջ Վաշինգտոնի կինը՝ Մարթա Վաշինգտոնը։ Նախագահներ Ջոն Թայլերն ու Վուդրո Վիլսոնն ունեցել են երկու առաջին տիկին. երկուսն էլ իրենց պաշտոնավարության տարիներին ամուսնացել են երկրորդ անգամ։
ԱՄՆ նախագահներից տարիքով իրենց կանանցից փոքր էին հինգը՝ Ջորջ Վաշինգտոնը, Միլարդ Ֆիլմորը, Բենջամին Հարիսոնը, Ուորեն Հարդինգը և Ռիչարդ Նիքսոնը։
Չորս նախագահների կանայք մահացել են իրենց ամուսինների՝ նախագահի պաշտոնն ստանձնելուց առաջ, բայց նրանք համարվել են առաջին տիկիններ։ Նրանք են Մարթա Ջեֆերսոնը՝ Թոմաս Ջեֆերսոնի կինը, Ռեյչել Ջեքսոնը՝ Էնդրյու Ջեքսոնի կինը, Հաննա վան Բուրենը՝ Մարտին վան Բուրենի կինը, Էլեն Արտուրը՝ Չեսթեր Ա. Արտուրի կինը։
Հարիեթ Լեյնը՝ Ջեյմս Բյուքենենի զարմուհին, միակ կինն է, որ պաշտոնապես համարվել է առաջին տիկին, բայց ամուսնացած չի եղել նախագահի հետ։ Բացի նրանից՝ առաջին տիկնոջ պարտականությունները ոչ պաշտոնապես կատարել են Դոլի Մեդիսոնը (Թոմաս Ջեֆերսոնի պաշտոնավարության տարիներին), Էմիլի Դոնելսոնն ու Սառա Ջեքսոնը (Էնդրյու Ջեքսոնի պաշտոնավարության տարիներին)։ Բիլ Քլինթոնի պաշտոնավարության տարիներին Չելսի Քլինթոնը ոչ պաշտոնապես կատարել է առաջին տիկնոջ պարտականությունները մոր նախընտրական արշավի ընթացքում և Սենատում նրա պաշտոնավարության ժամանակ։
«Առաջին տիկին» տերմինն առաջին անգամ օգտագործվել է Ջեյմս Մեդիսոնի պանեգիրիկում, որ նվիրված էր Դոլի Մեդիսոնին։ Սակայն պաշտոնապես տերմինն սկսել է գործածվել միայն Սպիտակ տանը Հարիեթ Լեյնի հայտնվելուց հետո։
2007 թվականին ԱՄՆ-ի դրամահատարանն սկսեց թողարկել ոսկե մետաղադրամների շարք, որոնց դիմերեսին պատկերված են ԱՄՆ առաջին տիկինները[2]։ Այն դեպքում, երբ նախագահն ամուսնացած չէր, մետաղադրամի դիմերեսին պատկերվել է ազատության խորհրդանիիշը, իսկ դարձերեսին՝ նախագահի պատկերը։ Այդպիսին են Թոմաս Ջեֆերսոնի, Էնդրյու Ջեքսոնի, Մարտին վան Բուրենի և Ջեյմս Բյուքենեն առաջին տիկիններին նվիրված մետաղադրամները։ Չեսթեր Ալեն Արտուրի առաջին տիկնոջը նվիրված մետաղադրամի վրա պատկերված է կանանց ընտրական իրավունքների համար պայքարած Էլիս Պոլը[3]։