From Wikipedia, the free encyclopedia
Վաչե Ա Ամբերդեցի (անհայտ - 1232 կամ 1235), ռազմական և պետական գործիչ, իշխանաց-իշխան, Վաչուտյան իշխանական տան հիմնադիրը։
Վաչե Ա | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Մահացել է | 1232 կամ 1235 |
Երեխաներ | Քուրդ Ա Վաչուտյան |
Ծառայել է Զաքարե Բ և Իվանե Ա Զաքարյանների բանակում։ Նրանցից 13-րդ դարի սկզբին, մոտավորապես 1205/1206 թթ-ին, որպես սեփական տիրույթ ստացել է սելջուկներից ազատագրված Արագածոտն գավառի արևելյան մասը և Նիգ գավառը, իշխանաց-իշխան տիտղոս և նշանակվել ամենամեծ իշխանատիրույթի՝ Արարատյան կողմնակալության /ընդգրկել է պատմական Այրարատ նահանգի տարածքը/ հրամանատար-կողմնակալ։ Ամրացրել է Ամբերդ ամրոցը և այն դարձրել իշխանատիրույթի մայրաքաղաք։ Վերաշինել-ամրացրել է իշխանատիրույթի բերդ-ամրոցները, բարեկարգել բնակավայրերը։ Զաքարյան եղբայրների օրինակով ձևավորել է կողմնակալության իշխանական պալատը համապատասխան պաշտոնական հիերարխիայով։ Այդ հիերարխիայում Վաչե Ա-ն կանգնած էր ամենաբարձր աստիճանի վրա։ Նա և իր հաջորդներն իրենց անվանել են մեծ իշխան, իշխանաց-իշխան, պարոն, տեր, իսկ իրենց տիրապետությունը՝ յիշխանութիւն, կողմնակալութիւն, վերակացութիւն։ 1221-1235 թթ-ին նրա հետ համագահակալել է ավագ որդին՝ Քուրդ Ա-ն։
Հայտնի է մշակութանպաստ և շինարարական գործունեությամբ։ Կառուցել է Սանահնի վանքի մեծ գավիթը /1211 թ./, Կեչառիսի Սուրբ Նշան եկեղեցին /1213 թ./, Արա (գյուղ)ի իջևանատունը /1213 թ./, Մակարավանքի գավիթը /1216 թ./, կնոջ՝ Հասանի դուստր Մամախաթունի հետ՝ Սաղմոսավանքի Սուրբ Սիոն կենտրոնագմբեթ եկեղեցին /1215-1217 թթ-ին/, Հովհաննավանքի կենտրոնագմբեթ եկեղեցին /1217-1221 թթ-ին/, Հոռոմոսի գրատունը /1229 թ./։ Միայնակ կամ կնոջ՝ Հասանի դուստր Մամախաթունի հետ նվերներ է տվել Հաղպատի, Սանահինի, Կեչառիսի վանական համալիրներին։ Թաղված է Հովհաննավանքի տոհմական տապանատանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.