Զաքարիա Քանաքեռցի (հայտնի է նաև որպես Զաքարիա Սարկավագ, 1627, Քանաքեռ - 1699, Հովհաննավանք), հայ պատմիչ և մատենագիր։ Զաքարիա Քանաքեռցին ծնվել է 1627 թվականին, Քանաքեռ գյուղում։ Հայրը՝ Մկրտիչը, ծառայում էր Կոտայքի գավառապետարանում որպես գրագիր։ 13 տարեկանում անդամագրվել է Հովհաննավանքի միաբանությանը, որտեղ և անցկացրել է իր ողջ կյանքը։ Սովորել է Հովհաննավանքի վանական դպրոցում, աշակերտել առաջնորդներ Զաքարիա վարդապետ Վաղարշապատցուն և Հովհաննես վարդապետ Կարբեցուն։ Իր ուսուցիչն է համարել նաև Առաքել Դավրիժեցուն, որին օգնել է սրբագրելու «Գիրք պատմութեանց» աշխատությունը։

Արագ փաստեր Զաքարիա Քանաքեռցի, Ծնվել է ...
Զաքարիա Քանաքեռցի
Ծնվել է1627[1]
ԾննդավայրՔանաքեռ[1]
Մահացել է1699[1]
Մահվան վայրՀովհաննավանք[1]
ԿրթությունՀովհաննավանք[1]
Մասնագիտությունպատմաբան
Փակել
Thumb
Զաքարիա Քանաքեռցու «Պատմության» հրատարակության տիտղոսաթերթ

Սովորելուն զուգընթաց ուսուցչություն է արել, վանքին կից մանուկների համար բացված դպրատանը։ Եղել է դպիր, սարկավագ, ապա՝ սարկավագապետ։ Կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցու գործակիցն էր, ուղեկցել է նրան ուղևորությունների ժամանակ, կաթողիկոսի հատուկ հանձնարարականներով այցելել Ղազվին (1675), Զմյուռնիա (1682), Կ.Պոլիս (1684) և այլն։

Հովհաննավանքի առաջնորդ Սարգիս վրդ. Կարբեցու հանձնարարությամբ 1687-ին գրել է «Կոնդակ սուրբ ուխտին Յովհաննուվանից» աշխատությունը, որտեղ ներկայացրել է վանքի պատմությունը՝ հիմնադրումից մինչև իր օրերը։ Այս աշխատությունը պատմիչի առաջին գիտական-ստեղծագործական առաջին աշխատանքն է։

Աշխատությունը գրելու համար Զաքարիա Քանաքեռցին օգտագործել է Հովհանավանքի արխիվային փաստաթղթերը, ցուցակները և մատյանները։ Զաքարիայի այս աշխատությունը փոքրածավալ մի գործ է, այն կազմված է 16 գլուխներից, որոնք ունեն իրենց առանձին վերնագրերը։ Մինչ Հովհանավանքի պատմությունը սկսելը, Զաքարիան ընդհանուր և համառոտ ակնարկ է անում այն մասին, թե ինչ տարիքում է այդ գործը ձեռնարկել, հետո խնդրում է ընթերցողներին, որպեսզի ներողամիտ լինեն սխալների համար և գնահատեն իր աշխատանքը։ Հեղինակը այստեղ ևս նույն ձևով խոսում է հնում Հայաստանում վանքեր ու եկեղեցիներ կառուցելու մասին, ապա անցնելով հիմնական նյութին, ներկայացնում է Հովհանավանքի պատմությունը։ Զաքարիա Քանաքեռցին 1651-ին իր ընդօրինակությամբ կազմել է հայ պատմիչների երկերի ժողովածու, վերակազմել և նորոգել բազմաթիվ ձեռագրեր։ Հնագիտական արժեքով լայն ճանաչում ունի 1687-ին նրա նորոգված «Մարտիրողոգ Ճառընտիր» կոչվող ձեռագիրը (պահվում է Մատենադարանում)։ Նա նաև վերծանել է Հովհանավանքի բոլոր կարևոր վիմագիր արձանագրությունները։

1699-ին Զաքարիա Քանաքեռցին ավարտել է իր երկհատորանոց «Պատմագրութիւն» աշխատությունը, որն ընդգրկում է Հայաստանի պատմությունը Արշակունիների ժամանակներից մինչև 1699-ի դեպքերը։ Այն եզակի սկզբնաղբյուր է հատկապես հեղինակի ապրած դարաշրջանի Հայաստանի և հարևան երկրների քաղաքական ու տնտեսական պատմության ուսումնասիրման համար (գիրքը թարգմանվել է ֆրանսերեն (1876) և ռուսերեն (1969))։

Զաքարիա Քանաքեռցին, որպես գրագետ հոգևորական շատ բարձր է գնահատել նաև վիմագիր արձանագրությունները և դրանք օգտագործել է իր աշխատության մեջ։ Հովհանավանքի մասին Զաքարիա Քանաքեռցու գրած այս աշխատությունը հետագայում մտցվում է հեղինակի պատմության մեջ որպես նրա վերջին՝ երրորդ մասը։ Այս աշխատությունը բաժանված է երկու մասերի, որոնք կոչվում են հատորներ։ Հետագայում Հովհանավանքի պատմությունն էլ միացվելով, դառնում է նրա երրորդ հատորը։ Քանաքեռցին իր Պատմագրության առաջին հատորը գրելիս օգտվել է իր ոսուցիչ Առաքել Դավրիժեցու Պատմությունից։

Քանաքեռցին ծանոթ է Ագաթանգեղոսին և «Մեծն Մովսես Խորենացուն», որոնց անունները հենց սկզբից հիշատակելուց հետո, շատ համառոտ անդրադառնում է պարսիկ ու հայ թագավորների հաջորդական թվարկությանը։ Հավատարիմ մնալով հայոց պատմությունը հնագույն ժամանակներից սկսելու հնում ընդունված կարգին, նա առաջին հատորի 28-րդ գլխից հետո է միայն անցնում իր ժամանակաշրջանի դեպքերին: Թուրքերի ու պարսիկների կամայականությունների թատերաբեմ դարձած և արտաքին աշխարհից կտրված Հայաստանում, վանական դաստիարակության պայմաններում Զաքարիան չէր կարող պատմագիտական լայն աշխարհայացք ունենալ։ Նա շրջապատում տեղի ունեցող բոլոր գործողությունների հեղինակը Աստծուն է համարում: Պատերազմները, երաշտը, սովը, համաճարակները, հիվանդությունները, բոլոր աղետները անվերապահորեն տեղի են ունենում միայն և միայն աստծու կամքով ու հրամանով: Հասկանալի է, սահմանափակ մտածողությամբ այդքան ամուր կաշկանդված անձնավորու թյունը չպետք է կարողանար բավարար չափով ընտրել, մշակել, դասակարգել և տեղին տեղին օգտագործել եղած աղբյուրներն ու նյութերը կամ էլ դրանց նկատմամբ ցուցաբերեր զիտական-քննադատական մոտեցում։ Մ.Աբեղյանը միանգամայն իրավացի է, երբ ասում է, թե Զաքարիա Քանաքեռցին թեև կրթված մարդ է, բայց ունի հովվի կամ ուղտապանի միամտություն, որովհետև նա ամեն ինչի հավատում և անխտիր գրի է առնում: Եվ որովհետև Զաքարիան շատ է վստահում իր կարդացած աղբյուրներին կամ լսած բանավոր պատմություններին, որոնք առանց որևէ փոփոխության վերարտադրում է իր գրքում դրա համար էլ «Պատմագրությունը» նման չէ մինչև այժմ մեզ ծանոթ պատմագիտական երկերին: Այն ավելի շատ պարսից մի քանի շահերի Հայաստանում իշխող խանների, առանձին հասարակ մարդկանց կամ համագյուղացիների մասին լսած զրոյցների հավաքածու և որոնցից մի քանիսը նույնիսկ տարածված էին նաև հարևան երկրներում: Կարծես ժամանակի ոգին ամբողջականացնելու համար Զաքարիա Քանաքեռցին այսպես ասած հրաշքները, դևերին, սրբերին, վիշապներին, որոնց մասին նույնպես գրում է իբրև ճշմարիտ իրողություններ։ Զաքարիայի հավաքած բոլոր այդ կարգի նյութերը ներկայացված են ժողովրդական ավանդույթներին և պատումներին ընդգծված հարազատությամբ: Հեղինակը այստեղ գրեթե դեր չունի, նրա գործը միայն հավաքելու և շարադրելու մեջ է եղել։ Դրա համար էլ այդ նյութերը շատ հարազատ են իրենց աղբյուրին և ունեն առանձնահատուկ արժեք հեղինակի ապրած ժամանակաշրջանի հայկական բանահյուսության ուսումնասիրության տեսակետից: Զաքարիա Քանաքեռցին այս առումով փաստորեն երկրորդ հեղինակն է Մովսես Խորենացուց հետո։

Զաքարիա Քանաքեռցին թեև իր Պատմագրությունը շարադրել է գրաբար, սակայն տեղ-տեղ նա վարպետորեն անցնում է գրեթե ժամանակի խոսակցական լեզվին, գրում է շատ կենդանի, աշխույժ ու հասկանալի: Զաքարիայի Պատմագրությունը բարձր է գնահատվում որպես պատմական սկզբնաղբյուր իր ժամանակաշրջանի ուսումնասիրության համար: Այստեղ մենք հանդիպում ենք շատ արժեքավոր նյութերի, որոնք վերաբերում են Հայաստանի և հարևան երկրների սոցիալ-տնտեսական կյանքին, հասարակ, ճնշված ու հարստահարված աշխատավոր գյուղացիներին: Հայ պատմագրության մեծ ընտանիքում ոչ ոք այնքան ուշադրություն չի դարձնում աշխատվոր զանգվածներին, որքան Զաքարիա Քանաքեռցին: Ինչի մասին էլ, որ նա խոսում է, միևնույն է, նրա ուշադրության կենտրոնում է հասարակ աշխատավորը։ Զաքարիա Քանաքեռցու Պատմագրության լավագույն հատվածներից մեկը Շահ Աբասի կողմից 1605 թվականի հայերի բռնագաղթի նկարագրությունն է, որն աչքի է ընկնում գեղարվեստական վարպետությամբ ու պատկերավորությամբ։ Գրքի երկրորդ մասում արժեքավոր նյութեր կան գյուղական համայնքի, նրա իրավունքների, Երևանի խաների նրանց կամայականությունների և պարսկական հարկային քաղաքականության մասին, Զաքարիայի հաղորդումներից երևում է, որ պարսկական տիրապետության ժամանակ հարկահավաքության ընթացքում թույլ էին տրվում ամեն տեսակ կամայականություններ և ապօրինություններ, որ հարկերի տեսակներն ու չափերը երբեք հաստատուն չեն եղել և դրանց որոշելը կախված էր խանի անձնական հայեցողությունից: Զաքարիան հայ ժողովրդի կեղեքիչներին՝ խաներին ու պարսկական մյուս բոլոր պաշտոնյաներին ներկայացնում է ամենառեալիստական գույներով: Նրանց դաժան են, ընչաքաղց, արյունախում ու անմարդկային։ Խաները և նրանց պաշտոնյաները ժողովրդի պատուհասներն են, գողերի, մարդասպանների ու ավազակների ընկերակիցը։

Զաքարիայի Պատմագրության մեջ շատ արժեքավոր նյութեր կան նաև իրենց պաշտոնակիցների և շահերի հետ՝ Երևանի խաների փոխհարաբերությունների մասին: Հետաքրքիր նյութեր կան նաև Էջմիածնի կաթողիկոսության ու հոգևորականության մասին, այն մասին, թե որքան ծանր էր հայոց համար կենտրոնի և հատկապես կաթողիկոսի վիճակը պարսիկների տիրապետության ժամանակ և այլն:

Հայաստանի տնտեսական կյանքի պատմության հարցերի ուսումնասիրության համար կարևոր են նաև պատմիչ Զաքարիայի հաղորդած տեղեկությունները հայ մեծատունների՝ առևտրավաշխառուական խավերի մասին, որոնց կենտրոնական դեմքը պարոն Այվազն էր, որ մեծ կապեր ուներ ինչպես տեղական իշխանավորների, այնպես էլ կաթողիկոսի և բարձրաստի ճան հոգևորականության հետ և ամեն ինչ անում էր իր եկամուտները բազմապատկելու, շատացնելու համար:

Զաքարիա Քանաքեռցու Պատմագրությունը առաջին անգամ հրատարակվել է 1870 թվականին Վաղարշապատում, հեղինակի իսկ՝ ձեռագրի արտատպությամբ։ 1876 թ. այն լույս է տեսել` Պետերբուրգում ֆրանսերեն՝ արևելագետ Մ. Բրոսսեի թարգմանությամբ: Ռուսերեն լավագույն թարգմանությունը հրատարակվել է Մոսկվայում 1969 թվականին:

Աշխատություններ և թարգմանություններ

Գրականություն

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.