Սուրբ Աննայի տաճար (Վիլնյուս)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Աննայի տաճար (լիտ.՝ Šventos Onos bažnyčia, լեհ.՝ kościół Świętej Anny), գոթական ոճի կաթոլիկ տաճար Վիլնյուսում, քաղաքի ամենահայտնի ու ճանաչելի տեսարժան վայրերից մեկը։ Գտնվում է Հին քաղաքում` Մայրոնյո փողոցում։ Անվանակոչված է ի պատիվ Մարիամ Աստվածածնի մոր` Աննայի։
Սուրբ Աննայի տաճար լիտ.՝ Šventos Onos bažnyčia | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և կաստյոլ |
Երկիր | Լիտվա |
Տեղագրություն | Վիլնյուս |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Վիլնյուս |
Հիմնական ամսաթվերը | 1495 |
Անվանված | Աննա |
Ճարտարապետ | Benedikt Rejt? |
Ճարտարապետական ոճ | գոթիկա |
Հիմնադրված | 1495 |
Առաջին հիշատակում | 1394 |
Շինանյութ | աղյուս |
Church of St. Anne in Vilnius Վիքիպահեստում | |
onosbaznycia.lt/index.php |
Սուրբ Աննայի գյուղական եկեղեցու մասին առաջին վկայությունները վերաբերում են 1394 թվականին։ Ենթադրվում է, որ քարե եկեղեցին կառուցվել է 1495-1500 թվականներին և օծվել է 1501 թվականի մայիսի 22-ին։ Երբ 1502 թվականին փլուզվել է բերնարդինցիների` հարևանությամբ գործող եկեղեցին, քահանաները պատարագ են անցկացրել Սուրբ Աննայի եկեղեցում։ Եկեղեցու մեկենասն էր Լիտվայի մեծ իշխան Ալեքսանդրը (1460-1506)։
Տաճարի հիմնադրի անունը հայտնի չէ։ Կա ենթադրություն, որ նա եղել է ճարտարապետ Նիկոլայ Էնկինգերը Դանցիգից, ով վերականգնել է տաճարը և բերնարդցիների մենաստանը 1501-1507 թվականներին։ Արվեստագետ Քրիստինա Մակովսկան վիճարկում է այս տեսակետը այն փաստի հիման վրա, որ այդ երկու շինությունները խիստ տարբեր ոճերով են կառուցված։
Մակովսկայի կարծիքով տաճարն ամենայն հավանականությամբ կառուցվել է լիտվական մեծ իշխան Յագայլոյի հովանավորությամբ ճարտարապետ Բենեդիկտ Ռեյթի կողմից, ով կառուցել էր նաև Պրահայի մայր տաճարը և կրակովյան Վավել ճարտարապետական համալիրը։ Պահպանվել է վկայություն այն մասին, որ Յագայլոն Բենեդիկտ Ռեյթին ուղարկել է Վիլնյուս վարպետ Յակովի հետ. վերջինիս անունը պահպանվել է տաճարի աղյուսներից մեկի վրա։ Ճարտարապետը մահացել է 1531-1534 թվականների միջակայքում։ Յագայլոյի պատվերով նկարվել է նրա դիմանկարը, որը ներկայումս պահպանվում է Պրահայի մայր տաճարում։
1564 թվականի հրդեհից հետո տաճարը լքվել է և կրկին սկսել գործել միայն 1581 թվականին։ Հենց այդ ժամանակ էլ այն ստացել է ներկայիս տեսքը։ 17-րդ դարում փլվել են կառույցի կամարները։ Վերանորոգվել է հիմնականում եկեղեցու ներքին տարածքը։
1761 թվականի հրդեհից հետո ծեփվել են ծխից սևացած ներքին հատվածները, արտաքին մակերևույթը ներկվել է կարմիր գույնով, իսկ տանիքի փայտե կամարները փոխարինվել են քարե կամարներով։ Տաճարի արտաքին տեսքը պահպանվել է հետագա վերանորագումների ժամանակ։
Տարածված մի ավանդության համաձայն` 1812 թվականին Նապոլեոնը հիացել է տաճարի շքեղությամբ և ափսոսանք հայտնել, որ չի կարող տաճարը Փարիզ տեղափոխել։ Դրանով հանդերձ` տաճարն օգտագործվել է ֆրանսիական հեծելազորի կողմից, իսկ հետագայում ֆրանսիացիներն այրել են նրա փայտե կահ-կարասին։
1848-1859 թվականներին տաճարը վերանորոգվել է։ Նրա արտաքին մակերևույթը կարմիր աղյուսի տպավորություն է թողնում։ 1867 թվականի մայիսին հրդեհից առանձնապես վնասվել են տանիքը, դռներն ու պատուհանները։ 1746 թվականին կառուցված զանգակատունը 1872 թվականին փոխարինվել է ճարտարապետ Չագինի նախագծած նոր զանգակատնով։
1902-1909 թվականների, փլուզման վտանգից ելնելով, տաճարը կրկին վերանորոգել են։ Ամրացվել են հիմքերը, ապահովվել է ջրահեռացումը։ Պատերն էլ ամրացրել են մետաղական կոնստրուկցիաներով, նորից կառուցել են կամարներ, վերականգնել ընկած աղյուսները, ներքին մակերևույթը ծեփել` այս անգամ օգտագործելով կարմիր կավ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տաճարն այլևս չի փակվել։
Տաճարում վերանորոգման աշխատանքներ են անցկացվել նաև 1969-1972 թվականներին լիտվացի ճարտարապետներ Յ. Բարտկունասի և Ն. Կիտկաուսկասի գլխավորությամբ։ Վերակառուցվել են աշտարակները, որնք այդ պահին խիստ անմխիթար վիճակում էին։ 2008 թվականի ապրիլին ապահովության համար տաճարը շրջակա տարածքից մեկուսացվել է ծառերով, քանի որ Մայրոնյո փողոցում տրանսպորտային միջոցների հոսքի հետևանքով առաջացող տատանումները ճաքեր էին առաջացնում շինության պատերին, և թափվում էին աղյուսները[1]։
Ճարտարապետական տեսանկյունից Սուրբ Աննայի տաճարը ուշ գոթիկայի դրսևորում է, ինչը լայնորեն տարածված էր Ֆրանսիայում և Նիդերլանդներում 15-րդ դարում։ Ոչ մեծ չափերով, երկարավուն ուղղանկյունու տեսք ունի կառույցը` 22 մ երկարությամբ և 10 մ լայնությամբ։ Արտաքին պատերը բարակ են` չորս զույգ պատուհաններով։ Նրանց միջև արտաքին և ներքին կողմերից սյուներ են, որոնք կոնտրֆորսի դեր կատարելով, կրում են սյուների ծանրությունը։ Տաճարի ամենաարժեքավոր մասը ճակատային արտաքին մասն է, որը «իրեն հավասարը չունի ոչ միայն լիտվական, այլև արևելաեվրոպական աղյուսե գոթիկայի ճարտարապետության մեջ»[2]։ Ճակտոնի կոմպոզիցիան ճարտարապետության գլուխգործոց է։ Այն օժտված է արտասովոր պլաստիկայով, բազմազանությամբ և գծերի ու ձևերի շքեղությամբ։ Ճակատային մասի համաչափ կոմպոզիցիան ձևավորվում է առանձնահատուկ գեղեցկությամբ, նույն բարձրությամբ երեք աշտարակներով։ Պորտալը հակադրվում է ճակատամասի դեկորատիվ հիմնական մասին, որի մակերևույթը հարթ չէ։ Քիվերից ուղղահայաց վեր են ձգվում պարանի տեսքով զարդապատկերները։ Բարձր ու նեղ պատուհանները հատվում են ընդգծված մեծ կամարի հետ, որը միացնում է բոլոր տարրերը։ Աշտարակների կամարները մեծ կամարի կրկնությունն են։ Արվեստագետ Վլադաս Դրեմայի կարծիքով ճակատամասի կոմպոզիցիայում հստակ ընդգծվում է Լիտվայի մեծ իշխանության խորհրդանիշը` Գեդիմինի սյուները[3]։
Տաճարի շինարարության մեջ օգտագործվել է 33 ձևի դեղին աղյուս, որը բծախնդրորեն մշակված է` մեծ կայունություն ձեռք բերելով խոնավության և ջերմաստիճանի տատանման հանդեպ։ 1761 թվականի հրդեհից հետո արտաքին պատերը ներկվել են կարմիր գույնով։
Տաճարի ներսույթը առանձնահատուկ հետաքրքրություն չի առաջացնում։ Այն ունի մեկ նավ` 12.4մ բարձրությամբ, որը խորանից անջատված է գոթական ոճի կամարով։ Նավի երկարությունը 19 մ է, լայնությունը` 8.7 մ, բարձրությունը` 12.7 մ։ Կամարները զարդարում են ջլաղեղները։ Հյուսիսային մասում գտնվում են ավանդատունը և պատշգամբասրահը, որոնք կառուցվել են 1613 թվականին։ Նրանք միացնում են Սուրբ Աննայի տաճարը բերնարդցիների եկեղեցուն։
Աջ մասում գտնվում է նեոգոթիկայի ոճով կառուցված զանգակատունը, որը կառուցվել է 1873 թվականին ճարտարապետ Չագինի նախագծով։ Այն բարձր գնահատանքի չի արժանացել։ Զանգակատան հետևում երկհարկանի մատուռն է` «Քրիստոսի աստիճանները» (կառուցվել է 1617 թվականին)։ 1752 թվականին այն ընդարձակվել է. կառուցվել են ներքին աստիճաններ, ներսույթը զարդարվել է բարոկկոյի ոճով որմնանկարներով։
Տաճարը մայիս-սեպտեմբեր ամիսներին բաց է ամեն օր 10:00-ից 18:00-ը` բացի կիրակիից։ Հոկտեմբեր-ապրիլ ամիսներին բացվում է պատարագից կես ժամ առաջ։ Սպասարկումը կատարվում է լիտվերենով երկուշաբթիից շաբաթ մինչև 17:30-ը, կիրակի և տոն օրերին` մինչև 9:00 և 11:00 :
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.