From Wikipedia, the free encyclopedia
Պարկուր, (ֆր.՝ parkour, parcours, parcours du combattant — տարածություն, խոչընդոտների շարք բառերի կրճատված ձևը), շարժման ու խոչընդոտների հաղթահարման (հիմնականում քաղաքային միջավայրերում) ենթամշակույթ։ Պարկուրը նրանով զբաղվողներից շատերի կողմից ընկալվում է որպես կենսակերպ։ Շարժման գաղափարախոսներն են Դավիդ Բելն ու Սեբաստյան Ֆուկանը։ Ներկայում պարկուրով զբաղվում ու նրա զարգացմանը նպաստում են ինչպես շատ միություններ, այնպես էլ առանձին անձինք աշխարհի տարբեր երկրներում։ Պարկուրի էությունը շարժումն ու խոչընդոտների հաղթահարումն է։ Այդպիսիք կարող են հանդիսանալ ինչպես գոյություն ունեցող ճարտարապետական կառույցները (պատեր, ցանկապատեր, պարիսպներ և այլն), այնպես էլ հատուկ պատրաստված կառույցներ (գործածվում են տարբեր միջոցառումների ու պարապմունքների ընթացքում)։
Պարկուրը յուրահատուկ գիտակարգ է, որ հանդիսանում է սեփական մարմնի վերահսկման կարողությունների ամբողջություն։ թրեյսերների (պարկուրով զբաղվողների) կողմից օգտագործվող հիմնական գործոններն են ուժն ու դրա տեղին օգտագործումը, ինչպես նաև արագ հասնելը տարածության որոշակի կետ՝ օգտագործելով միայն սեփական մարմինը[1]։ Պարկուրի հիմնական գաղափարը, Դավիդ Բելլի արտահայտությամբ, «չկան սահմաններ, կան միայն խոչընդոտներ», և յուրաքանչյուր խոչընդոտ կարելի է հաղթահարել սկզբունքն է։ Պարկուրում գործող հիմնական սահմանափակումները նշված են նրա երեք աքսիոմներում՝ Անվտանգություն, Արդյունավետություն, Պարզություն։
Պարկուրը չի սովորեցնում գործածել տեխնիկական որևէ միջոց կամ այլ հարմարանք, այլ թույլ է տալիս օգտագործել միայն սեփական մարմինը, զարգացնել «այստեղ և հիմա» գործելու հմտություններ։ թրեյսերի համար սովորաբար հաղթահարման օբյեկտ են պատերը, տանիքները, պարիսպները, ծառերը և այլն։ Կարևորվում են հատկապես թրեյսերի ռեակցիայի արագությունը, իրադրությունն ու սեփական հնարավորությունները գնահատելու կարողությունները։
Պարկուրը այնպիսի մարզաձև չէ, որ ենթադրում է մրցակցություն, հակառակորդին հաղթելու ձգտում[2]։ Պարկուրի գաղափարախոսությունը մերժում է այդ սկզբունքները, ինչով էլ այն տարբերվում է ֆրիրանից։
Պարկուրով զբաղվելուց առաջ մարդը նախ պիտի իր մեջ զարգացնի որոշակի հմտություններ։ Ամենից առաջ պետք է ճանաչել ինքդ քեզ, ձգտել ներդաշնակություն ստեղծել հոգու ու մարմնի միջև, գնահատել սեփական հնարավորությունները ու սկսել պայքարել սեփական թերություների ու վախերի դեմ։ Ամենահարմարը լեռնագնացությամբ զբաղվելն է։ Օգտակար են նաև մենապայքարային սպորտաձևերը, որոնք ձևավորում են ինքդ քեզ հաղթելու ձգտումը։ Շարժման կարողությունների զարգացմանը նպաստում է նաև թեթև աթլետիկան։
Ոչ պակաս կարևորություն ունի նաև թրեյսերի սնունդը[3]։ Պարկուրով զբաղվելու ժամանակ մարմնի ծանրաբեռնվածությունը չափազանց մեծ է, և վատ սնվելու դեպքում օրգանիզմը մեծ սթրես է տանում, ինչի պատճառով պարապմունքները քիչ արդյունավետ կլինեն։
Պարկուրը[4] ցանկացած պայմաններում ցանկացած վայրում տեղաշարժվելու ընդունակությունն է։ Այն շրջակա տարածության մեջ ազատ տեղաշարժվելու արվեստ է։ Պարկուրը հիմնված է «բնական մեթոդի» (methode naturelle) վրա և ստեղծված է մարդկանց օգնելու նպատակով։
Դավիդ Բելլն ինքը պարկուրը ներկայացնում է որպես փիլիսոփայություն, որպես մտածողության ու աշխարհայացքի յուրահատուկ ձև։ Այն թույլ է տալիս այլ կերպ նայել շրջապատող աշխարհին՝ «ողջ աշխարհն ընկալելով որպես մարզահրապարակ», ինքդ քեզ համար սահմաններ չստեղծելով, ինչպես նաև սովորական կառույցներն ընկալել որպես խոչընդոտներ ու դրանք հաղթահարելու ձևեր գտնել ոչ միայն պարապմունքների ընթացքում, այլև առօրյա կյանքում։
Պարկուրը հայտնի դարձավ հատկապես «Յամակասի. Նոր սամուրայներ» (ֆիլմ թրեյսերների թիմի մասին, որում Դավիդ Բելլը հրաժարվեց մասնակցել՝ չցանկանալով, որ պարկուրը նույնացվի գողության միջոցի հետ), Տասներեքերորդ թաղամաս և Տասներեքերորդ թաղամաս. Ուլտիմատում ֆիլմերի շնորհիվ. Դավիդ Բելը վերջին երկու ֆիլմերում հանդես է եկել գլխավոր դերում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.