Ղազախական երաժշտություն
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ղազախական երաժշտություն։ Մինչև վերջին ժամանակները ղազախական երաժշտական մշակույթը ներկայանում էր միայն ժողովրդական ստեղծագործությամբ (երգեր և գործիքային պիեսներ՝ կյույներ)։ Երաժշտական մշակույթի հիմնական կրողներն էին ակինները։ Ղազախական ժողովրդական երաժշտական արվեստը բնորոշվում է ինքնատիպ ինտոնացիաներով, երգային և գործիքային զարգացած ձևերով, մետրական և ռիթմական բազմակերպ կառուցվածքներով։ Կենցաղավարող ժողովրդական գործիքներից են երկլարանի դոմբրան (կսմիթավոր), երկլարանի կոբիզը (աղեղնավոր), սըբըզգըն (փողավոր, երկայնակի ֆլեյտայի տիպի), դաուլպազը (հարվածային)։ 19-րդ դարի կեսի-20-րդ դարի սկզբի ժողովրդական երաժիշտներից էին՝ դոմբրահարներ Կուրմանգազի Սագիրբանը, Դաուլետկերեյ Շիգաևը, երգիչներ Բիրժան Կոժագուլովը, Մուխիտ Մերալիևը։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
20-րդ դարի կեսերից նշանակալիորեն ակտիվացավ երաժշտական-հասարակական կյանքը։ Ձևավորվեցին ժողովրդական երաժշտական ստեղծագործության նոր ժանրեր, երևան եկան խմբերգեցողությունը և ժողովրդական գործիքներով անսամբլային կատարումը։ 1934 թվականին ստեղծվեց Ղազախական ժողովրդական գործիքների նվագախումբը (1944 թվականից՝ Կուրմանգազիի անվան)։ 1935 թվականին բացվեց Զամբուլի անվան ֆիլհարմոնիան։ 1933 թվականին Ալմա Աթայում հիմնադրվեց երաժշտական ստուդիա, որը 1934 թվականին վերակազմավորվեց Ղազախական ժողովրդական թատրոնի (1936 թվականից՝ Ղազախական և ռուսական օպերայի միացյալ թատրոն, 1937 թվականից՝ Ղազախական օպերայի և բալետի թատրոն)։ 1934 թվականին բեմադրվեց ղազախական առաջին օպերան՝ «Կղզ-ժիբեկ»-ը, գրվեցին առաջին ազգային բալետները, 1930-1940-ական թվականներին՝ մասսայական երգեր, ռոմանսներ, ստեղծվեց կամերագործիքային, սիմֆոնիկ և խմբերգային երաժշտություն։ 1944 թվականին Ալմա Աթայում բացվեց կոնսերվատորիա (1963 թվականից՝ Կուրմանգազիի անվան արվեստի ինստիտւտը)։ Ետպատերազմյան շրջանի օպերաներից են՝ Բրուսիլովսկու և Մ․ Տ․ Տուլեբաևի «Ամանգելդի» (բեմադրված՝ 1945, 2-րդ խմբում՝ 1961), Տուլեբաևի «Բիրժան և Սառա» (բեմ․՝ 1946), Կ․ Ի․ Կուժամյարովի և Ն․Ա․ Տլենդիևի «Ալթըն Թաուլար» («Ոսկե սարեր», 1960), Ե․ Ռ․ Ռահմադիևի «Կամար-Սուլու» («Գեղեցկուհի Կամարը», 1963), Ս․ Մ․ Մուհամեջանովի «ժումբակ կըզ» («Խորհրդավոր աղջիկը», 1971), Գ․ ժուբանովայի «Ելնիկ և Քեբեկ» (1978), սիմֆոնիկ ժանրի երկերից՝ Վ․ Վ․ Վելիկանովի «Ղազախական սիմֆոնիան» (1947), Տուլեբաևի «Ղազախստան» պոեմը (1951), Բրուսիլովսկու 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ սիմֆոնիաները, Մուհամեջանովի «Փոթորիկ» սիմֆոնիան (1968), կանտատ, օրատորային ժանրի երկերից՝ Բրուսիլովսկու «Սովետական Ղազախստան» կանտատը, Գ․ ժուբանովայի «Լենինի խոսքը» (1978) օրատորիան, կամերագործիքային երաժշտական ստեղծագործություններից՝ Բրուսիլովսկու «Երգ կյանքի մասին» լարային կվարտետը, Վելիկանովի «Իմպրովիզացիա Աբայի հիշատակին» դաշնամուրի և ջութակի համար երկը և այլն։
Երաժշտական արվեստի գործիչներից են երգիչներ Ռ․ Մ․ Աբդուլինը, Ռ․ Տ․ Բագլանովան, Ռ․ Ու․ Ջամանովան, Ե․ Բ․ Աերկեբաևը, Բ․ Ա․ Տուլեգենովան (ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ), դոմբրահար Կ․ ժանտլեուովը, դիրիժորներ Գ․ Ն․ Դուգաշևը, Ֆ․ Շ․ Մանսուրովը։
Ղազախստանում գործում են նաև Ղազախական երգչախմբային կապելլան, Ղազախական երգի, պարի անսամբլը, սիմֆոնիկ և կամերային նվագախմբեր, «Գուլդեր» երիտասարդական էստրադային նվագախումբը, մի շարք մանկավարժական և կուլտուրայի ինստիտուտներ՝ երաժշտական բաժիններով, 11 երաժշտական ուսումնարան, 156 մանկական երաժշտական և գեղարվեստական դպրոցներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 16)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.