From Wikipedia, the free encyclopedia
Ձայնատեղորոշում (էխոլոկացիա, բիոլոկացիա), որոշ կենդանիների կողմից իրականացվող կենսաբանական ծագման տեղորոշման եղանակ։ Տեղորոշում իրականցնող կենդանիները արձակում են հատուկ ձայներ և ընկալում են առարկաների կողմից անդրադարձված ալիքները։ Արձագանքների միջոցով այդ կենդանիները կողմնորոշվում են տարածության մեջ, ճանաչում են տարբեր օբյեկտներ և կատարում են որս։
Ձայնատեղորոշում իրականացնում են որոշ կաթնասուններ՝ հիմնականում չղջիկների տարբեր տեսակներ, դելֆիններ, խլուրդներ, ինչպես նաև թռչունների որոշ տեսակներ[1]։
Էխոլոկացիա տերմինը առաջին անգամ օգտագործվել է ամերիկացի կենդանաբան Դոնալդ Գրիֆֆինի կողմից, որը 1938 թվականին Ռոբերթ Գալամբոսի հետ միասին առաջինը ներկայացրեց դրա առկայությունը չղջիկների մոտ[2][3]։ Մինչ Գրիֆինի հայտնագործությունը՝ 18-րդ դարում իտալացի գիտնական Լազզարո Սփալանզանին առաջինն էր անդրադարձել չղջիկների յուրահատուկ կողմորոշմանը մթության մեջ, բայց նա չէր բացահայտել այդ երևույթի ընթացքում դիտվող ձայնարձակման և անդրադարձի ընկալման առանձնահատկությունները[4][5][6]։ Շվեյցարացի Լուիս Ջյուրինը կրկնեց Սփալանզանիի փորձերը և եզրակացրեց, որ չղջիկները գիշերային որսի ժամանակ հիմնվում են իրենց լսողության վրա[7][8]։ 1908 թվականին Վոլտեր Լյուիս Հանը վերահաստատեց Սփալանզանիի և Ջյուրինի հետազոտությունները[9]։
1912 թվականին գյուտարար Հիրամ Մաքսիմը բացահայտեց, որ չղջիկները օգտագործում են մարդու համար անլսելի ձայներ՝ արգելքներից խուսափելու համար[10]։ 1920 թվականին անգլիացի ֆիզիոլոգ Համիլթոն Հարթրիջը առաջարկեց տեսություն, որ չղջիկները օգտագործում են մարդու լսողության համար անընկալելի հաճախություններ[11][12]։
1956 թվականին՝ Գրիֆֆինի և Գալամբոսի աշխատանքներից 20 տարի անց Շեվիլլի և Մաքբրիջի կողմից հայտնագործվեց, որ ատամնավոր կետերը նույնպես օգտագործում են ձայնատեղորոշման համակարգ[13]։
Էխոլոկացիան գործում է որպես սոնար, որը օգտագործում է կենդանիների ձայները։ Կենդանիները «չափում են» ձայն արձակելու և այդ ձայնի՝ որևէ առարկայից անդրադառնալու միջև ընկած ժամանակը։ Անդրադարձի ժամանակ ֆիքսվում է նաև, թե որ ականջն է առաջինը ընդունում ձայնը և կախված այդ չնչին տարբերությունից՝ ուղեղը վերլուծում և որոշում է ձայնի ուղղությունը[14]։
Ի տարբերություն մարդու կողմից ստեղծված սոնարի, որը ունի մեկ ցրիչ և բազմաթիվ ընդունիչներ, կենդանիների սոնարը ունի մեկ ցրիչ և ընդամնեը երկու ընդունիչ՝ ականջները։ Երկու ականջների միջև եղած փոքր տարածությունը անդրադարձը անցնում է փոքր-ինչ տարբեր ժամանակահատվածում և հենց այդ տարբերության հաշվին է կենդանին զգում է իր առջև գտնվող առարկայի հեռավորությունը և ուղղությունը։ Ձայնատեղորոշման միջոցով չղջիկները կամ այլ կենդանիները կարող են ոչ միայն կողմնորոշվել, այլ նաև զգալ իր առջև գտնվող օբյեկտը կենդանի է թե ոչ,ինչ չափի է և այլ տեղեկատվությունններ։
Չղջիկները օգտագործում են ձայնատեղորոշումը սնվելու և տեղաշարժվելու համար՝ նույնիսկ լրիվ մթության պայմաններում։ Նրանք դուրս են գալիս իրենց թաքստոցներից և ձայնատեղորոշման միջոցով սովորաբար որսում են միջատներ։
Չղջիկների մոտ ուլտրաձայնը ձևավորվում է կոկորդում և արձակվում է բերանի, և ավելի հազվադեպ քթի միջոցով։ Պայտաքիթ չղջիկը արձակում է 14,000-ից մինչև 100,000 Հց հաճախությամբ ձայն, որը մեծ մասամբ մարդու ականջի համար ընկալելի չէ (մարդու ականջի համար լսելի են 20-20,000 հաճախությամբ ձայները)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.