From Wikipedia, the free encyclopedia
Հրաշալի աղբյուր («Քաղցր երազներ», թահիթ. Nave nave moe, ֆր.՝ Eau délicieuse ), ֆրանսիացի նկարիչ Պոլ Գոգենի նկարը՝ Էրմիտաժի հավաքածուից։
Առաջին պլանում պատկերված են բլրակի վրա նստած կին-տահիտուհիներ, որոնցից մեկի գլխի շուրջը պսակ է, իսկ մյուսը ձեռքին ունի արևադարձային պտուղ։ Ավելի աջում ծաղկող լիլիաներ են։ Նրանց թիկունքում ոչ մեծ լիճ է, ափին նստած է մերկ կինը, որի կողքին կանգնած է երկար սպիտակ շրջազգեստով ընկերուհին։ Իսկ հետին պլանում՝ ձախում, երևում է մեծ սարը, նրանից մի քիչ աջ՝ մեծ ծառեր և արմավենիներ։ Աջում մեծ գլաքարերի հետևում ցուցադրված են երկու արձան, որոնց շուրջը պարում են չորս կանայք։ Ձախ ներքևի անկյունում նկարի տահիտերեն անվանումն է, նկարչի ստորագրությունը և ամսաթիվը՝ NAVE NAVE MOE P Gauguin / 94։
Նկարը վրձնվել է 1894 թվականի սկզբին Փարիզում Գոգենի՝ Տահիտի առաջին այցելությունից հետո և Ա․Գ․ Բարսկոյի կարծիքով «հավաքական կերպար-հիշողություն է» Պոլինեզիայում գտնվելու մասին[2]։
Նկարն ունի էսքիզ՝ «Կանայք գետափին» (կտավ, յուղաներկ, 31,8 × 40 սմ, մասնավոր հավաքածու), որի վրա պատկերված է կտավի աջ մասը՝ ջրի մոտ գտնվող երկու կերպարանքները, քարերի կույտը և հեռվում ծառերի տակ պարող 3 աղջիկները (արձանները բացակայում են)։ Չնայած էսքիզը նկարիչը թվագրել է 1892 թվականով, Գոգենի ստեղծագործության կատալոգի կազմող Ժ․ Վիլդենշտեյնը այն ներառել է 1898 թվականի ստեղծագործությունների մեջ[3]։ Ա․Գ․ Բարսկայան մատնանշում է, որ քանի որ էսքիզում վերջին թիվը պարզ չի գրված, Վիլդենշտեյնը այն ճիշտ չի կարդացել և ընդունել է որպես 8[4]։ Ա․Գ․ Կոստենևիչը նշել է, որ այդ էսքիզը արված է «եթե ոչ բնությունից, ապա կենդանի տպավորություններով, գրեթե իմպրեսիոնիստական ոճով»[5]։
Գոգենը այս կտավում կիրառել և հանրագումարի է բերել մի քանի մոտիվներ ու պատկերներ, որոնք ներգրավված էին նաև նախորդ մի շարք աշխատանքներում։
Նստած աղջիկները առկա են «Մեծ ծառ» նկարում, որը պահվում է Քլիվլենդի գեղարվեստի թանգարանում։ Այդ աշխատանքում նրանք գտնվում են նկարի տարբեր մասերում (կտավ, յուղաներկ, 74 × 92,8 սմ)[6]։ Կոստենևիչը դրանք բնորոշում է որպես Մարիամ Աստվածածին և խնձորով Եվային խորհրդանշող պատկերներ[5]։ Մոտ 1893-1894 թվականներին Գոգենը իր «Նաո-Նաո» գրքի ձեռագրի և ձևավորման վրա աշխատելիս ստեղծել է փայտի վրա փորագրություն, որը նրա մտահաղացմամբ պետք է դառնար գրքի տիտղոսաթերթը․ այդ փորագրության վերին մեդալիոններում նա օգտագործել է «Եվայի» և «Մարիամի» կերպարները։ Փորագրության բնօրինակ տպագիր ձևը և նրա հեղինակային դրոշմանկարներից մեկը գտնվում են Մետրոպոլիտեն թանգարանում[7][8]։ Այս փորագրության հեղինակային դրոշմանկարները կան նաև աշխարհի այլ թանգարաններում։
Կլորացված պսակով մեծ ծառը երկրորդ պլանով կա նաև «Նախկին ժամանակներում» (Տիսեն-Բորնեմեսի թանգարան)[10] և «Հինայի տոնակատարություն» (մասնավոր հավաքածու ԱՄՆ-ում)[11] նկարներում և առանցքային տարր է «Կանայք գետափին» (Վան Գոգի թանգարան)[12] և «Լեռան ստորոտին» (Էրմիտաժ)[13] նկարներում։ Լիլիա ծաղկի համանմանը հանդիպում ենք «Տահիտական հովվերգություն» նկարում (Էրմիտաժ)[14]։
Բարսկոյի կարծիքով երկու արձանները, որոնց շուրջը պարում են աղջիկները, ուղիղ կապ ունեն պոլինեզական մշակույթի՝ լուսնի աստվածուհի Հինայի հետ[4]։ Սակայն Ա. Գ. Կոստենևիչը, հղում անելով բրիտանացի հետազոտող Ռ. Ֆիլդին, գրում է, որ այդ արձանը, հնարավոր է, Տաարոյի (Տանգարոյի) գերագույն աստվածն է և նրա կանանցից մեկը[15]։ Արձանը առկա է նաև «Նրա անունը Վայրաումատի է» նկարում (Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան)[16]։ Պարող աղջիկները գրեթե բառացի «մեջբերված են» «Նախկին ժամանակներում» նկարից։ Միայնակ արձանի համանման պատկերը կա Գոգենի մի քանի նկարներում[17]։ Պատկերի կերպարի հիմնական աղբյուրը Ժ․Ա․ Մորենհուտի «Ճանապարհորդություն մեծ օվկիանոսի կղզիներում» գրքի նկարագրությունն է (Փարիզ, 1837)։ Բ. Դանիելսոնը նշում է, որ Գոգենը անկասկած ծանոթ է եղել այս գրքին և կարդացել է այն արդեն իսկ Տահիտիում գտնվելու ժամանակ․ «Գոգենը այնքան էր տարված էպիկական պատմությամբ, հավատում էր Մուրենհութի բոլոր վերակառուցումներին ու մեկնաբանություններին, չնայած նրանց մեջ կան բազմաթիվ սխալներ»[18]։
Գոգենը ջրի մոտ նստած մերկ աղջկա կերպարը ավելի վաղ օգտագործել է որպես «Իսկ դու խանդու՞մ ես» նկարի հիմնական կերպար (Պուշկինի թանգարան)[19], կրկնված է նաև «Մեծ Բուդդա» կտավում (կրկին գտնվում է Պուշկինի թանգարանում)[20]։
Նկարի տահիտերեն անվանումը՝ «Nave nave moe», տարբեր ուսումնասիրողների կողմից տարբեր կերպ է մեկնաբանվում։ Կան տարբերակներ «Քաղցր երազանք», «Հիասքանչ երազատեսություն» և «Հանգստության ուրախություն»[15]։ Սակայն 1895 թվականի փետրվարի 18-ին, երբ նկարը ցուցադրվել է Գոգենի նկարների և կտավների վաճառքում՝ փարիզյան «Օտել Դյուրո» աճուրդի տանը, որից ստացված փողերը օգտագործվել են Գոգենի՝ Տահիտի նոր ճամփորդության համար, հավանաբար Գոգենի կազմած կատալոգում նկարի անվանումը կրկնօրինակվել է ֆրանսերեն «Eau délicieuse»՝ «Կախարդող (կամ Քաղցր) աղբյուր»[2]։ Այս վաճառքում նկարը 340 ֆրանկով ձեռք է բերել բելգիացի նկարիչ Էմիլ Շուֆենկերը։ Սակայն վերջինիս հավաքածուում նկարը գտնվել է կարճ ժամանակ և 1897 թվականի նոյեմբերի 10-ին Դասբուրի վաճառքում վաճառվել է 160 ֆրանկով։
Հետագայում նկարը ցուցադրվել է Ամբրուազ Վոլար պատկերասրահում, որտեղ նրան տրվել է «Fête champêtre» («Գյուղական տոն») անվանումը։ 1907 թվականին հոկտեմբերի 5-ին 8000 ֆրանկով այն ձեռք է բերել մոսկովյան արդյունաբերող և հավաքորդ Ի․Ա․ Մորոզովը[5]։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Մորոզովի հավաքածուն ազգայնացվել է և 1923 թվականից նկարը գտնվում է Նոր արևմտյան արվեստի պետական թանգարանում, որտեղ ստացել է իր կայուն անվանումը՝ «Հիանալի աղբյուր»։ 1931 թվականին նկարը հանձնվել է Էրմիտաժի թանգարան[2]։ 2014 թվականի վերջից ցուցադրվում է Գլխավոր շտաբի շենքի չորրորդ հարկում, 412 սրահում[21]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.