From Wikipedia, the free encyclopedia
Հայոց ցեղասպանության լուսաբանումը մամուլում, ցանկ՝ ըստ ժամանակագրական կարգի։ Մինչև 1914 թվականը դասակարգված նյութերը հիմնականում վերաբերում են Համիդյան ջարդերին և Ադանայի կոտորածներին։
Հայոց ցեղասպանությունը լայնորեն լուսաբանվել է միջազգային հանրության կողմից և բազմաթիվ հրատարակություններում, ինչպիսիք են ամսագրերը, թերթերը, գրքերը և հուշագրությունները[1]։ Որոշ կազմակերպություններ, ինչպիսիք են Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեն, օգտագործել են լրատվամիջոցներ և թերթեր, որպեսզի բարձրաձայնեն հայերի աղետալի վիճակի մասին[2]։ Սակայն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 20-րդ դարի առաջին կեսին, Հայոց ցեղասպանությունը գրեթե չի լուսաբանվել մամուլում։ Լուսաբանումը և հանրային քննարկումը վերսկսվել են 20-րդ դարի վերջին քառորդում և շարունակվել 21-րդ դարում[1]։
Մամուլում քննարկումներն ու լուսանկարները հատկապես կարևոր նշանակություն ունեցան ցեղասպանության մասին հանրությանը կրթելու համար[3][4]։ Մամուլի լուսաբանումը նույնպես համարվում է արժեքավոր և կարևոր, քանի որ այն ուղղակի ապացույցների հիմնական աղբյուրն է[5]։ Ջարդերի ընթացքում համաշխարհային մամուլի մեծ մասը դատապարտել է զանգվածային սպանությունների բնույթը և կոչ արել օգնել հայերին[6]։ Հայտնի անգլալեզու թերթեր, ինչպիսիք են «Թայմս», «Նյու Յորք Թայմս», «Վաշինգտոն Փոստ», «Լոս Անջելես Թայմս», «Գլոուբ ընդ Մեյլ», «Տորոնտո Սթար», «Մոնրեալ Գազետ» և այլն, լայնորեն լուսաբանել են այդ իրադարձությունները։ Համարվում է, որ «Նյու Յորք Թայմսը» հազարավոր հոդվածներ է հրապարակել, որոնք վերաբերում են 1894-1922 թվականներին հայերի զանգվածային սպանություններին (124 հոդված միայն 1915 թվականին)[5][7]։ Որոշ երկրներ, ինչպիսիք են Ավստրալիան, հիմնականում ապավինում էին Եվրոպայի տեղեկատվական գործակալություններին[8]։ Նշվում է, որ այնպիսի թերթեր, ինչպիսիք են «Վաշինգտոն Փոստը» և «Նյու Յորք Թայմսը», մեկ տարվա ընթացքում գրեթե ամեն օր հայտնել են հայերի զանգվածային սպանությունների մասին[9]։ Ռեպորտաժները հիմնականում ներառում էին Օսմանյան կայսրության տարբեր տարածաշրջաններում գտնվող օտարերկրացի թղթակիցների, ճանապարհորդների և հյուպատոսների կամ դեսպանների ռեպորտաժները։ Բացի այդ, մանրամասն զեկույցներ են ստացվել միսիոներներից, ովքեր ականատես են եղել զանգվածային սպանությունների և փորձել են օգնել որբերին և մյուս փրկվածների։ Տեղի մամուլում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները հիմնականում լուսաբանել է օսմանյան կառավարության պաշտոնական թերթը՝ «Տակվիմ-ի-Վեկայի»-ն։ 1919-1920 թվականների երիտթուրքերի դատավարության ժամանակ թերթը հատուկ նշանակություն է ձեռք բերել, քանի որ հաղորդել է թուրք պաշտոնյաների խաչաձև հարցաքննությունների և դատարանի դատավճռի մասին, որը Թալաթին, Էնվերին և Ջեմալ փաշային մահապատժի Է դատապարտել հայերի զանգվածային սպանությունների մեջ նրանց դերի համար[10][11][12]։ Մերձավոր Արևելքի մուսուլմանական համայնքների և, մասնավորապես, Սիրիայի՝ ուսումնասիրության արժանի լուսաբանումներ ևս կարևոր դեր խաղալ այդ շրջան արտաքսված հայ գաղթականների մասին առաջին ձեռքից պատմությունների պատկերման համար[13]։ Սիրիական մամուլն ուշադրություն է հրավիրել նաև տարածաշրջան հայերի տեղահանման ժողովրդագրական հետևանքների վրա և դատապարտել օսմանյան կառավարությանն այն բանի համար, ինչը «ոչնչացման», «բնաջնջման» և «ռասայի արմատախիլ անելու» արշավ էր համարում[13]։
«Կոտորածնե», «սպանվածներ», «սիստեմատիկ կոտորածներ», «վայրագություններ» և «պատերազմական հանցագործություններ» տերմիններն օգտագործվել են «ցեղասպանություն» բառի փոխարեն, քանի որ Ռաֆայել Լեմկինը այդ եզրույթն ավելի ուշ՝ 1943 թվականին է մտցրել գործածության մեջ[14][15]։
Երևանի Հայոց ցեղասպանության թանգարանի կազմակերպած ցուցահանդեսներ են տեղի ունեցել Դանիայում, Լիբանանում, Շվեդիայում և Միացյալ Նահանգներում՝ ցուցադրելով միջազգային մամուլի բազմաթիվ պարբերականներ, որոնք թվագրվում են 1860-1922 թվականներով[16]։ Բացի այդ, մամուլում հրապարակվել են Ցեղասպանության լուսաբանմանը նվիրված բազմաթիվ ուսումնասիրություններ և գրքեր, որոնց թվում են Դանիել Կարամանուկյանի «El Genocidio armenio en la prensa del Uruguay, año 1915» («1915 թվականի ուրուգվայական մամուլը Հայոց ցեղասպանության մասին»), Կանադայի հայ երիտասարդության ֆեդերացիայի «Le Genocide Armenien dans la presse Canadian» («Հայոց ցեղասպանությունը կանադական մամուլում»), Ռիչարդ Քլոյանի «Հայոց ցեղասպանություն. Ամերիկյան մամուլի նորություններ 1915-1922 թթ.», Վահե Կատեբի «Հայոց ցեղասպանությունը ավստրալիական մամուլում»,Կարեն Էշֆորդի «Հայոց ցեղասպանության ներկայացուցչական դերը «գլոբուսում» և Կանադայի ճանաչումը» և այլն[15][17]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.