From Wikipedia, the free encyclopedia
Կատարինա Բաքեր (անգլ.՝ Catharina Backer, սեպտեմբերի 22, 1689[1][2][3][…], Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4] - փետրվարի 8, 1766[5], Լեյդեն, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն), արվեստի կոլեկցիոներ ու 18-րդ դարի գեղանկարիչ Հյուսիսային Նիդեռլանդներից։
Կատարինա Բաքեր | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 22, 1689[1][2][3][…] |
Ծննդավայր | Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4] |
Վախճանվել է | փետրվարի 8, 1766[5] (76 տարեկան) |
Մահվան վայր | Լեյդեն, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն |
Քաղաքացիություն | Միացյալ պրովինցիաների հանրապետություն |
Մասնագիտություն | նկարչուհի և արվեստի կոլեկցիոներ |
Ժանր | ծաղկային նատյուրմորտ |
Հայր | Willem Cornelisz Backer? |
Մայր | Magdalena de la Court? |
Ամուսին | Allard de la Court? |
Catharina Backer Վիքիպահեստում |
Կատարինա Բաքերը ծնվել է Ամստերդամում 1689 թվականին։ Հայրն իրավաբան Վիլեմ Կոռնելից Բաքերն էր (1656-1731), որը սերում էր քաղաքում հայտնի ընտանիքից, իսկ մայրը՝ Մագդալենա դե լա Կուրը (1662-1712), Պիտեր դե լա Կուրի (1618-85) և վերջինիս երկրորդ կնոջ՝ Կատարինա վան դեր Վուրտի (1622-1674) դուստրը[6]։
1711 թվականի օգոստոսի 25-ին ամուսնացել է իր զարմիկ, վաճառական և արվեստի կոլեկցիոներ Ալարդ դե լա Կուրի (1688-1755) հետ․ ամուսինն իր մորեղբոր՝ Պիտեր դե լա Կուր վան դեր Վուրտի որդին էր։ Ալարդն ու Կատարինան ապրել են Լեյդենում[7]։ Պիտեր Ալարդց դե լա Կուրը (1722-73) նրանց զավակներից էր[8]։
Ալարդ դե լա Կուրն ու Կատարինա Բաքերը միասին տիրել են Հյուսիսային Նիդեռլանդների արվեստի ամենահարուստ պատկերասրահներից մեկին։ 1713 թվականին Առնոլդ Բունենը (1669-1729) վրձնել է նրանց դիմանկարները՝ Կատարինայի քույրերի դիմանկարների հետ։ Իրենց հայրերի մահից հետո, 1730-ական թվականներին Ալարդն ու Կատարինան ժառանգել են նրանց հավաքածուների մի մասը[10], թեև 1635 թվականին Պիտեր Դյուբորդյուի (1609-78) վրձնին պատկանող նրանց պապիկների դիմանկարներից մի քանիսը սկզբից հայտնվել են Ալարդի քրոջ՝ Ադրիանա Կատարինա դե լա Կուրի (1690-1752) մոտ, իսկ վերջինիս մահից հետո միայն՝ անցել Ալարդին[11][12]։ Պիտեր դե լա Կուր վան դեր Վուրտը նկարիչ Վիլեմ վան Միրիսի հովանավորն է եղել, որը նաև մրգային ու ծաղկային նատյուրմորտներէ պատվրել Ռաշել Ռյույշին (1664-1750)[13]։ Այս աշխատանքները կարևոր դեր են խաղացել Կատարինայի՝ որպես նկարիչ ձևավորման գործում։ Նրա հայրը՝ Վիլեմ Բաքերը, հավաքում էր բնության պատմության նմուշներ, ինչպես նաև այնպիսի նկարիչների կատավներ, ինչպիսիք են՝ Յան վան Գոյենը (1596-1656), Յան Լիվենսը (1607-1674), Ֆրեդերիկ դե Մուշերոնը (1633-1686) և Յան վան դեր Հեյդենը (1637-1712)[14]։ Ալարդ դե լա Կուրն սկսել է արվեստի վրա ավելի շատ ծախսել 1740 թվականին իր մոր մահից հետո, և այդ հավաքածուն այնքան է աճել, որ ամբողջությամբ զբաղեցրել է նրանց տունը՝ ընտանիքին ստիպելով նոր բնակարան փնտրել[15]։
1755 թվականին ամուսնու մահից հետո Կատարինան ժառանգել է նրա արվեստի հավաքածուն[13] և շարունակել համալրել այն։ 1766 թվականին, իր մահվան տարում, նրա հավաքածուի մեծ մասը վաճառվել է աճուրդով, որտեղ գրանցված է եղել 215 անուն կտավ, այդ թվում՝ Ռաշել Ռյույշի երկու կտավները[13]։ Կատարինայի հեղինակած ստեղծագործությունները ևս մեկ դար մնացել են ընտանիքում։
Արվեստի պատմության նիդեռլանդական ինստիտուտը Կատարինա Բաքերին սիրողական նկարիչ է համարում[16]։ Այդպիսի նկարիչները չեն նկարել ապրուստ վաստակելու համար, ոչ էլ ստացել են պրոֆեսիոնալ նկարիչներին անհրաժեշտ կրթություն։ Տասնյոթերորդ դարի Նիդեռլնդներում սիրողական նկարիչները պատկանել են բարձրաստիճան ընտանիքների, որոնք գնահատել են կրթությունն ու զարգացումը[17]։
Որպես դստեր կրթության մի մաս՝ Կատարինայի հայրը նրա համար կազմակերպել էր գծանկարի ու նկարչության դասեր[14]։ Կատարինայի եղբայրը՝ Կոռնելիս Բաքերը (1693-1775), ցուցակագրել է այն արվեստի գործերը, որոնք նա ստեղծել էր մինչ իր ամուսնությունը 1711 թվականին։ Դրանք ընդգրկում էին տաս ալբոմ և նկարներ։ Ալբոմներում ներառված էին նրա հեղինակած էսքիզներն և գծանկարները, այդ թվում և այնպիսիները, որոնք նա նկարել էր դեռևս դասընթացների ժամանակ[18]։
Ամստերդամի պատմության թանգարանում պահվում է ավելի ուշ շրջանի ալբոմներից մեկը, որը հավանաբար կազմվել է 1722 թվականին, բայց ընդգրկում է 1706 թվականի աշխատանքներ նույնպես[19]։ Այս աշխատանքները որոշ վկայություն են տալիս Կատարինայի նկարչական կրթության մասին։ Դրանցում առկա են գլուխների, ձեռքերի, մերկ մարմնի ու մրգերի պատկերումներ, ինչպես նաև այլ նկարիչների էսքիզներ։ Նա ավարտել է Ֆրանսիս վան Բուսուայի (1635-1692) քանդակների մի քանի նկարներ, ինչպես նաև նկարիչ Ֆրանսուա Պերիեի (1590–1650) Մեդիչիի Վեներայի նկարը[20]։ Ալբոմում ընդգրկված են նաև այն տեսակի նկարներ, որոնցով նա լավ հայտնի է․ ծաղիկների, բույսերի և միջատների պատկերներ[21]։ Թեև ալբոմում ընդգրկված համարյա բոլոր աշխատանքները պատկանում են Կատարինա Բաքերին, այնտեղ առկա է Կոռնելիս Բաքերի առնվազն մեկ նկար ևս[22]։
Կատարինա Բաքերը հայտնի է բազմաթիվ թեմաներով, այդ թվում՝ ծաղիկների, մրգերի, բնապատկերների և ժանրային նկարների իր պատկերումներով[23]։ Նա դարձել է Վիլեմ վան Միրիսի, Ռաշել Ռյույշի ու Յան վան Հեյսումի (1682-1749) հետևորդը[23] և կրկնօրինակել իր տանը կախված նրանց նկարները։ Իր կարիերայի վերջում յուղաներկով ստեղծել է ծաղիկների պատկերներ կտավի վրա[21]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.