From Wikipedia, the free encyclopedia
«Ծաղկած այգիներ» (անգլ.՝ Flowering Orchards), նկարների շարք, որը հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգը վրձնել է հարավային Ֆրանսիայի Առլ քաղաքում 1888 թվականի գարնանը։ Վան Գոգն Առլ է ժամանել 1888 թվականի փետրվարին ձնամրրիկի ժամանակ, սակայն երկու շաբաթ անց եղանակը փոխվել է, և մրգատու ծառերն սկսել են ծաղկել։ Գնահատելով վերաարթնացումի սիմվոլիկան՝ Վան Գոգը լավատեսորեն և եռանդով աշխատել է վաղ գարնանը ծաղկած ծառեր պատկերող մոտավորապես 14 կտավի վրա։ Հաջորդ տարի՝ 1889 թվականին, նա ծաղկած ծառեր է պատկերել նաև Սեն Ռեմիում։
Ծաղկած այգիներ | |
---|---|
տեսակ | նկարների շարք |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1888 |
ստեղծման վայր | Առլ |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Կյոլլեր-Մյուլլերի թանգարան |
հավաքածու | Կյոլլեր-Մյուլլերի թանգարան |
Ծանոթագրություններ | |
Flowering Orchards Վիքիպահեստում |
Ծաղկած ծառերը յուրահատուկ նշանակություն են ունեցել Վան Գոգի համար․ դրանք զարթոնք և հույս են խորհրդանշել։ Դրանցից նա գեղագիտական հաճույք է ստացել ու ծառերը պատկերելու մեջ ուրախություն գտել։ Նրա վրձնած ծաղկած ծառերի ու մրգաստանների մեջ արտացոլված են իմպրեսիոնիզմի, դիվիզիոնիզմի, ճապոնական արվեստի ու փայտափորագրության ավանդույթները։
Երբ Վան Գոգը 1888 թվականի փետրվարին ժամանել է Առլ, տարածքի մրգատու ծառերի ծաղկելու ժամանակն էր[1]։ Ծիրանենիների, դեղձենիների ու սալորենիների ծաղկունքը մոտիվացրել է նրան[2], և մեկ ամսվա ընթացքում նա ստեղծել է ծաղկած ծառերի տասնչորս նկար[3]։ Իր աշխատանքով ոգևորված՝ նա ամեն օր մեկ նկար է ավարտել[4]։ Մոտավորապես ապրիլի 21-ին իր եղբայր Թեոյին գրել է․ «ստիպված եմ ինչ-որ նոր բան փնտրել, քանի որ այգիները համարյա ծաղկել-վերջացրել են»[3]։
Ծաղկած ծառերը Վան Գոգի համար հոգևոր վերածննդի աղբյուր են հանդիսացել։
1888 թվականին հարավային Ֆրանսիայում նա ոգեշնչվել է և սկսել իր նկարչական կարիերայի ամենաբեղմնավոր շրջանը։ Նա փնտրել է արևի փայլ և լույը, որը պարզեցրել է նրա թեմաները, նաև կառուցվածքային գծերն է պարզեցրել, որով բավարարել է ճապոնական փայտափորագրության պարզ պատկերներ ստեղծելու իր ձգտումը։ Առլը, ասում էր նա, «հարավի Ճապոնիան է, որտեղ գույներն ավելի պայծառ են։ Միմյանց լրացնող գույներն, օրինակբույսերի կարմիրն ու կանաչը, ցանկապատների միահյուսված նարնջագույնն ու կապույտը, նույնիսկ փիրուզագույն երկնքին աշխուժություն հաղորդող վարդագույն ամպերը զուգադրման միջոցով ուժգնություն են ստեղծում»[5]։
Ծաղկած այգիները նկարելու համար Վան Գոգն ստիպված է եղել քամիների հետ պաայքարել, քանի որ վերջիններս այնքան ուժգին են եղել, որ նա իր հետ սեպեր է վերցրել պատկերակալն ամրացնելու համար։ Սակայն նույնիսկ այս պարագայում նա ծաղկած այգիներ նկարելը համարել է չափազանց գրավիչ մի բան, որը չի կարելի բաց թողնել[6]։
Վան Գոգը հավանաբար նախատեսել է ծաղկած ծառերի ու այգիների մի քանի եռապատկեր ստեղծել, սակայն հայտնի է միայն մեկը, որը նա ստեղծել է իր եղբայր Թեոյի բնակարանի համար[7][8][9]։
Փարիզում Վան Գոգը սովորել էր նկարել ավելին, քան ինքը տեսնում էր․ դա պետք է լիներ այն, ինչը պե՛տք է լիներ։ Նրա կարծիքով «Վարդագույն այգին» այդ տեխնիկայի օգտագործման խելացի օրինակ էր, երբ նա այգու հետնամասում դատարկ էր թողել դաշտը՝ տարածության պատրանք ստեղծելու նպատակով։ Ծառի կեղևը պատկերելու ձևն արտացոլում է ճապոնական արվեստի ազդեցությունը, որով նա այնքան հիանում էր։ Օգտագործելով գույները կողք-կողքի տեղադրելու իմպրեսիոնիստական տեխնիկան՝ Վան Գոգը կարճ վրձնահարվածներով խոտն է պատկերել։ Ծառի վերնամասը պատկերել է ավելի կոպիտ, խիտ վրձնահարվածներով՝ գունավոր ծաղկունքն ստանալու համար[9]։ Հետագայում նա եղբորը՝ Թեոյին, խնդրել է հեռացնել այդ խտությունը կտավի վրայից[10]։
«Վարդագույն դեղձենի» կտավում, որը եռապատկերի կենտրոնական նկարն է, պայծառ վարդագույնը ժամանակի ընթացքում խունացել է և նկարն այժմ ավելի շատ սպիտակ, քան թե վարդագույն տեսք ունի[9]։
Վան Գոգն այս կտավի ստեղծման մասին գրել է․
«Այս պահին ես խորասուզված եմ ծաղկած մրգատու ծառեր՝ վարդագույն դեղձենիներ, դեղնասպիտակ տանձենիներ նկարելու մեջ։ Իմ վրձնահարվածները բոլորովին համակարգված չեն։ Ես հարվածում եմ կտավին վրձնի անկանոն հարվածներով, որոնք թողնում եմ այնպես, ինչպես կան։ Անընդհատ տեղում աշխատելով՝ ես փորձում եմ ընկալել նկարների էությունը։ Հետագայում ես ուրվագծերը լրացնում եմ պարզեցված երանգներով, որով գետինն ստանալու է մանուշակագույնանման երանգ, ամբողջ երկինքը՝ կապույտ, իսկ կանաչ բանջարեղենը՝ կա՛մ կանաչակապտավուն, կա՛մ կանաչադեղնավուն երանգ, որով միտումնավոր չափազանցեցնելու եմ դեղինի և կապույտի օգտագործումը»[11]։
Շարունակելով ծաղկած այգիների թեման՝ Վան Գոգը գրել է․ «Հիմա ես աշխատում եմ դեղնասպիտակավուն, հազարավոր սև ճյուղեր ունեցող սալորենիների վրա»[12]։ Երկու օր անց նույն կտավի մասին գրել է․ «Այս առավոտ ես աշխատում էի ծաղկած սալորենիներով այգու վրա, երբ միանգամայն հանկարծակի կատաղի քամի սկսվեց ու ընդմիջումներով շարունակվեց։ Արանքում արևը փայլում էր, իսկ փոքրիկ սպիտակ ծաղիկները՝ շողշողում։ Այնքան գեղեցիկ էր։ Իմ ընկեր Դեյնը միացավ ինձ ու ես շարունակեցի նկարել՝ ամեն վայրկյան այս ամենը գետնին տապալվելու վտանգին դիմելով։ Ամբողջը սպիտակ է, շատ դեղինով միահյուսված, կապույտ ու յասամանագույն, իսկ երկինքը՝ սպիտակ ու կապույտ»[13]։
Որպես երկրորդ եռապատկերի կենտրոնական նկար Վան Գոգն ընտրել է «Ծաղկած տանձենի» կտավը[14]։ Այն գտնվում է Ամստերդամի Վան Գոգի թանգարանում։ Թեոյին գրված նամակում նա ասում է․ «Իմ ամբողջ աշխատանքն այս կամ այն կերպ հիմնված է ճապոնական արվեստի վրա, իսկ մենք բավականաչափ տեղեկացված չենք դրանից։ Ճապոնական արվեստը կրկին արմատավորվում է ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչների շրջանում»[15]։
Վան Գոգը գրել է եղանակի ու համարյա ամբողջովին ծաղկած նշենիների մասին։ «Եղանակն այստեղ փոփոխական է, հաճախակի քամիներով ու անհանգիստ երկինքներով, բայց ամենուրեք սկսել են ծաղկել նշենիները[16]»։ «Ծաղկած ծիրանենիները» ստեղծել է 1888 թվականի ապրիլին և այն այժմ գտնվում է մասնավոր հավաքածուում[17]։
Բացի եռապատկերի «Վարդագույն դեղձենին» (F404) Վան Գոգը դեղձենիների ևս երկու նկար է արել ու նաև մեկը՝ ջրաներկով։
Վան Գոգի թանգարանում գտնվող «Ծաղկած դեղձենիներով այգի» կտավն ստեղծվել է ապրիլին[18]։ Հնարավոր է, որ սա հենց այն կտավն է, որի մասին Վան Գոգն ասել է, որ բազմաթիվ խտաբծեր է օգտագործել այգին շրջապատող նոճիները պատկերելիս[19]։ Եթե այսպես է, ապա նա մտադրություն է ունեցել այն համադրել նույն չափսերն ունեցող մեկ այլ կտավի հետ[20]։
«Ծաղկած վարդագույն դեղձենի» կտավի մասին վան Գոգը գրել է, որ այն ավարտել է մարտին։ «20 չափսի կտավի վրա աշխատել եմ բացօթյա, յասամանագույն հողատարածքով, եղեգնե ցանկապատով ու փառավոր կապտասպիտակ երկնքի ֆոնին երևացող երկու վարդագույն դեղձենիներով այգու մեջ։ Սա թերևս իմ ստեղծած բնապատկերներից ամենագեղեցիկն է։ Ես այն հենց նոր էի տուն բերել, երբ մեր քրոջից Անտոն Մաուվեի մասին մի երկտող ստացա։ Կոկորդս սկսեց սեղմել ու ես իմ նկարի վրա գրեցի «Մուավեի հիշատակին»»[6]։ Վան Գոգը Մուավեին ճանաչել էր Հաագայում գտնվելու տարիներին, որը հետաքրքրվել էր նրա արվեստով ու խրախուսել նրան աշխատել գույներով։ Վան Գոգը խնդրել է, որ կտավն ուղարկեն Մուավեի այրի Ջեթին։ Իր քրոջը՝ Վիլին, նա բացատրել է, որ հենց այդ կտավն է ընտրել «նուրբ գուներանգների» պատճառով, որով փորձել է արտահայտել իր խորը նվիրվածությունը Մուավեին։ «Ինձ թվում է, որ Մուավեի հիշատակին ամեն ինչ պետք է քնքուշ ու շատ զվարթ լինի, ոչ թե ծանր նոտաների մեջ»[21]։
Կտավը գտնվում է Շոտլանդիայի ազգային պատկերասրահում։ Շողշողացող սպիտակ ծաղիկների առկայությունը և տերևների բացակայությունը վկայում են, որ Վան Գոգը կտավն ստեղծել է ծառի ծաղկելուց կարճ ժամանակ անց։ Կտավում արտացոլված է իմպրեսիոնիզմի ազդեցությունը, որն արտահայտվել է վրձնի կարճ հարվածների և լույսի պրոյեկցիայի օգտագործմամբ[22]։
Իր ընկերոջը՝ Էմիլ Բեռնարին, Վան Գոգը գրել է այգիներ նկարելու իր խանդավառության մասին․ «Այս պահին ես խորասուզված եմ ծաղկած մրգատու ծառեր, վարդագույն դեղձենիներ, դեղնա-սպիտակավուն տանձենիներ պատկերելու մեջ։ Իմ վրձնահարվածները համակարգված չեն»։ Նույն նամակում նա ուրվագծել է «Նոճիներով շրջապատված այգիներ ծաղկունքի մեջ» նկարը․ «Պրովանսյան այգի դեղին ցանկապատով, սև նոճիներով շրջապատված, կանաչ բանջարեղենների՝ հազարի, սոխի, սխտորի կանաչ գունավորմամբ»[23]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.