Բազկահյուսակ
From Wikipedia, the free encyclopedia
Բազկային հյուսակ կամ բազկահյուսակ | |
---|---|
Աջ բազկահյուսակն իր կարճ ճյուղերով՝ տեսքն առջևից | |
Լատիներեն անվանում | Plexus brachialis |
Ենթադաս | nerve plexus?, limb nerve plexus?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | Ծայրամասային նյարդային համակարգ |
Նյարդավորում | Վերին վերջույթի մաշկ և մկանունք |
Սկիզբ է առնում | C5, C6, C7, C8, T1 (երբեմն նաև C4 կամ T2) |
Բաժանվում է | 17 ճյուղ (նյարդ) |
Գրանցամատյաններ | |
MeSH | D001917 |
Gray | 930 |
Dorlands | 24 |
Բազկային հյուսակը կամ բազկահյուսակը ողնուղեղից ծագող նյարդերի ցանց է, որը կազմվում է 4 ստորին պարանոցային նյարդերի և առաջին կրծքային նյարդի առաջային ճյուղերով (C5–C8, T1)։ Բազկահյուսակը պարանոցից պարանոց-անութափոսային խողովակով անցնում է դեպի անութափոս (թևատակ), այնուհետև դեպի բազուկ, նախաբազուկ և ձեռք՝ նյարդավորելով այս շրջանները։
Կառուցվածք
Բազկահյուսակը բաժանվում է արմատների, ցողունների, բաժինների, խրձերի և ճյուղերի։ Գոյություն ունեն 5 «ծայրային» ճյուղեր և բազմաթիվ այլ «նախածայրային» կամ «համակողմնային» ճյուղեր, որոնք ծագում են հյուսակի տարբեր կետերից։
Արմատներ
Հինգ արմատները վերոնշյալ ողնուղեղային նյարդերի 5 առաջային ճյուղերն են՝ C5, C6, C7, C8 և T1: Նախաֆիքսված կամ հետֆիքսված ձևավորման դեպքում բազկահյուսակը ներառում է նաև, համապատասխանաբար, C4 կամ T2 արմատները։
Ցողուններ
Արմատները միաձուլվում են՝ կազմելով 3 ցողուն.
- վերին ցողուն (C5-C6)
- միջին ցողուն (C7)
- ստորին ցողուն (C8, T1)
Բաժիններ
Յուրաքանչյուր ցողուն կիսվում է՝ ձևավորելով 6 բաժին.
- վերին, միջին և ստորին ցողունների առաջային բաժիններ
- վերին, միջին և ստորին ցողունների հետին բաժիններ
Խրձեր
Այս 6 բաժինները վերախմբավորվում են՝ կազմելով 3 խուրձ։ Խրձերը կոչում են ըստ անութափոսային զարկերակի նկատմամբ իրենց դիրքի.
- հետին խուրձ՝ ցողունների 3 հետին բաժիններից (C5, C6, C7, C8, T1)
- կողմնային խուրձ՝ վերին և միջին ցողունների առաջային բաժիններից (C5, C6, C7)
- միջային խուրձ՝ ստորին ցողունի պարզ շարունակությունն է (C8, T1)
Ճյուղեր (նյարդեր)
Ճյուղերը թվարկված են ստորև (տե՛ս Սխեմա)։ Շատերը ծագում են խրձերից, սակայն որոշները՝ միանգամից ավելի վաղ կառույցներից։
Սխեմա
Առանձին ճյուղեր (նյարդեր)
Թավատառը նշում է նյարդի (ճյուղի) առաջնային արմատը։ Իսկ շեղատառը նշում է այն արմատները, որոնք ոչ միշտ են մասնակցում նյարդի ձևավորմանը։
Ծագում | Ճյուղ (նյարդ) | Արմատ[2] | Մկան | Մաշկ |
արմատ | թիկնային թիակային նյարդ | C4, C5 | շեղանկյունաձև, թիակը բարձրացնող | - |
արմատ | երկար կրծքային նյարդ | C5, C6, C7 | առաջային ատամնավոր | - |
արմատ | ճյուղ ստոծանու նյարդին | C5 | ստոծանի | - |
վերին ցողուն | նյարդ ենթանրակային մկանին | C5, C6 | ենթանրակային | - |
վերին ցողուն | վերթիակային նյարդ | C5, C6 | վերփշային, ստորփշային | - |
կողմնային խուրձ | կողմնային կրծքամկանային նյարդ | C5, C6, C7 | մեծ և փոքր կրծքամկաններ (հաղորդակցվելով միջային կրծքամկանային նյարդի հետ) | - |
կողմնային խուրձ | մկանամաշկային նյարդ | C5, C6, C7 | կտցաբազկային, բազկային, բազկի երկգլուխ | դառնում է նախաբազկի կողմնային մաշկային նյարդ |
կողմնային խուրձ | միջնակ նյարդի կողմնային արմատ | C5, C6, C7 | թելեր միջնակ նյարդին | - |
հետին խուրձ | վերին ենթաթիակային նյարդ | C5, C6 | ենթաթիակային (վերին հատված) | - |
հետին խուրձ | կրծքամեջքային նյարդ (միջին ենթաթիակային նյարդ) | C6, C7, C8 | մեջքի լայնագույն | - |
հետին խուրձ | ստորին ենթաթիակային նյարդ | C5, C6 | ենթաթիակային (ստորին հատված) և մեծ կլոր | - |
հետին խուրձ | անութափոսային նյարդ | C5, C6 | առաջային ճյուղ՝ դելտայաձև մկան և այն ծածկող մաշկի փոքր հատված; հետին ճյուղ՝ փոքր կլոր և դելտայաձև | հետին ճյուղը դառնում է բազկի վերին կողմնային մաշկային նյարդ |
հետին խուրձ | ճաճանչային նյարդ | C5, C6, C7, C8, T1 | բազկի եռագլուխ, վերհակիչ, արմնկային, դաստակի և մատների տարածիչներ, բթամատի երկար զատիչ, բազկաճաճանչային | բազկի թիկնային մաշկը՝ որպես բազկի հետին մաշկային նյարդ; նաև ճաճանչային նյարդի մակերեսային ճյուղը նյարդավորում է ձեռքի թիկունքը, ներառյալ I միջմատնային տարածությունը |
միջային խուրձ | միջային կրծքամկանային նյարդ | C8, T1 | մեծ և փոքր կրծքամկաններ (հաղորդակցվելով կողմնային կրծքամկանային նյարդի հետ) | - |
միջային խուրձ | միջնակ նյարդի միջային արմատ | C8, T1 | թելեր միջնակ նյարդին | ձեռքի մաշկի տեղամասերը, որոնք չեն նյարդավորում ծղիկային կամ ճաճանչային նյարդերը |
միջային խուրձ | բազկի միջային մաշկային նյարդ | C8, T1 | - | բազկի առաջային և միջային մաշկ |
միջային խուրձ | նախաբազկի միջային մաշկային նյարդ | C8, T1 | - | նախաբազկի միջային մաշկ |
միջային խուրձ | ծղիկային նյարդ | C8, T1 | դաստակի ծղիկային ծալիչ, IV-V մատների խորանիստ ծալիչներ, ձեռքի ներքին մկաններ՝ բացառությամբ թենարի և 2 կողմնային որդանման մկանների | ձեռքի միջային կողմի մաշկ և ափային կողմից միջային մեկուկես մատների, իսկ թիկնային կողմից՝ միջային երկուսուկես մատների մաշկ |
Գործառույթ
Բազկահյուսակն ապահովում է ամբողջ վերին վերջույթի մաշկային և մկանային նյարդավորումը՝ երկու բացառությամբ. սեղանարդաձև մկանը նյարդավորվում է ողնուղեղային հավելյալ նյարդի (գանգուղեղային XI նյարդի) կողմից, իսկ թևատակի մոտի մաշկը՝ միջկողաբազկային նյարդի կողմից։
Բազկահյուսակի ախտահարումները կարող են հանգեցնել ծանր ֆունկցիոնալ խանգարումների և հաշմանդամության[3]։
Կլինիկական նշանակություն
Վնասում
Բազկահյուսակի վնասվածքներն ախտահարում են վերին վերջույթի զգացողությունն ու շարժումները։ Դրանց պատճառ կարող են հանդիսանալ պարանոցի կամ անութափոսի շրջանի գերձգումը (պրկում), հիվանդությունները և վերքերը։ Կախված վնասվածքի տեղակայումից՝ ախտանշանները կարող են տատանվել կաթվածից մինչև անզգայացում։ Կաթվածի աստիճանը գնահատելու համար ստուգում են հիվանդի՝ շարժումներ կատարելու ունակությունը՝ համեմատելով չվնասված կողմի հետ։ Հաճախ բազկահյուսակի վնասվածքը լինում է կոպիտ վայրէջքի հետևանքով, երբ ուսը կտրուկ և խիստ հեռանում է պարանոցից (ինչպես մոտոցիկլային վթարի կամ ծառից վայր ընկնելու ժամանակ)։ Այս գերձգումը կարող է հանգեցնել բազկահյուսակի վերին հատվածների պատռման կամ նույնիսկ ողնուղեղից պոկման։ Բազկահյուսակի վերին վնասումներ լինում են նաև նորածինների մոտ (Բազկահյուսակի ծննդաբերական (նորածնային) կաթված, ԲՆԿ), երբ դժվար ծննդաբերության ժամանակ երեխայի պարանոցը գերձգվում է[4]։ Վերին վնասումների դեպքում կաթվածն ի հայտ է գալիս C5-C6-ի կողմից նյարդավորվող մկանների շրջանում, ինչպիսիք են դելտայաձև, բազկի երկգլուխ, բազկային և բազկաճաճանչային մկանները։ Հաճախ դա ուղեկցվում է վերջույթի կողմնային մակերեսի անզգայացմամբ։
Բազկահյուսակի ստորին վնասվածքներն ավելի հազվադեպ են, բայց կարող են ի հայտ գալ, երբ անձը կտրուկ բռնում է ինչ-որ բանից, որպեսզի վայր չընկնի կամ երբ դժվար ծննդաբերության ժամանակ նորածնի թևը գերձգվում է (տե՛ս ԲՆԿ)։ Այս դեպքում ախտահարվում են ձեռքի մկանները և հիվանդը չի կարողանում բռունցք անել[5]։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.