Արտաշես Կարինյան

հայ գրականագետ, հեղափոխական, խմբագիր, պատմաբան, քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia

Արտաշես Բալասիի Կարինյան (Գաբրիելյան) (նոյեմբերի 24, 1886(1886-11-24)[1], Բալախանի, Բաքվի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - մայիսի 29, 1982(1982-05-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային կուսակցական ու պետական գործիչ, գրականագետ, պատմաբան։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956)[3], Սոցիալիստական աշխատանքի հերոս (1976)։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտաշես Գաբրիելյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Արտաշես Կարինյան, Ծնվել է ...
Փակել

Կենսագրություն

Սկսած 1905 թվականից, երբ դեռևս գիմնազիայի աշակերտ Կարինյանը մասնակցում էր Բաքվի բանվորական գործադուլներին ու աշակերտական շարժումներին և խմբագրում «Набат» հանդեսը, նրա գործունեությունն անխզելիորեն կապվում է Լենինյան բոլշևիկյան կուսակցության պատմության հետ։ 1906 թվականից նա հեղափոխական պայքարի ոլորտներում էր, իսկ 1907 թվականին ընդունվել է ՌՍԴԲ կուսակցության շարքերը։ 1910 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Հեղափոխական, կուսակցական աշխատանք է տարել Պետրոգրադում ու Բաքվում։ Մասնակցել է 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությանը և Հոկտեմբերյան հեղափոխության համար մղվող պայքարին։ 1918 թվականին՝ Բաքվի կոմունայի արդարադատության կոմիսար։ Այնուհետև աշխատել է Մոսկվայում Հայկական գործերի կոմիսարիատում։ 1921 թվականին՝ ՀԻՍՀ արդարադատության ժողկոմ։ 1923-1924 թվականներին ՀՒՍՀ Կենտգործկոմի նախագահի տեղակալն էր, 1924-1928 թվականներին՝ նախագահը։ Հետագայում եղել է ՀամԿ(բ) կ Անդրերկրկոմի պատմության ինստիտուտի տնօրենի տեղակալ, ՀՍՍՀ լուսժողկոմի տեղակալ, ապա աշխատել ՀՍՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության և պատմության ինստիտուտներում։ 1956 թվականին ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ իսկական անդամ։ 1960-1963 թվականներին՝ ՀՍՍՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, 1963-1965 թվականներին՝ ակադեմիայի փոխպրեզիդենտի պաշտոնակատար։ Եղել է ՍՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր գրականության և արվեստի գծով Լենինյան մրցանակների կոմիտեի անդամ։

Աշխատություններ

1906 թվականից սկսած Կարինյանը հրապարակախոսական հոդվածներով հանդես է եկել բոլշևիկյան «Կայծ», «Պրավդա», «Պուտ պրավդի», «Բակինսկի ռաբոչի» պարբերականներում։ 1917 թվականին խմբագրել է Բաքվի սովետի «Տեղեկագիր»-1918-1919 թվականներին՝ Մոսկվայի «Կոմունիստ» և «Կարմիր դրոշակ» պարբերականները, 1929-1930 թվականներին՝ «Անդրկովկասի ժողովրդական տնտեսություն» ամսագիրը և «Նոր ուղի» հանդեսը։ 1906 թվականին լույս է տեսել նրա «Գրականություն և կյանք» գրքույկը, 1928 թվականին՝ «Դեմքեր և դեպքեր» աշխատությունը[4]։

Հրապարակախոսական գործունեություն

1925 թվականին հրատարակվել է նրա «Իմպերիալիստական պատերազմը և Հայաստանը» հոդվածաշարը, որտեղ քննադատել է այսպես կոչված՝ արևմտյան իմպերիալիզմի դերը արևմտահայության ողբերգության մեջ։ 1926 թվականին տպագրված «Հայ ազգայնականների ուղին» ժողովածուում զետեղված հոդվածներով Ա. Կարինյանը պատասխանել է արտասահմանյան թերթերում հրապարակված այն հոդվածների հեղինակներին, որոնք արդարացնելով դաշնակցության քաղաքականությունը, փորձում էին նսեմացնել բոլշևիզմի դերը հայ ժողովրդի փրկության գործում։ 1928 թվականին Կարինայանը հրապարակում է «Նացիոնալիզմի «Նոր դիրքերը» բրոշյուրը, որտեղ զետեղված հոդվածներում քննարկվում էին այդ օրերի հրատապ քաղաքական հարցերը։

Գրականագիտական գործունեություն

Կարինյանը զբաղվել է 19-րդ դարի 60-ական թվականների հայ գրական-հասարակական մտքի հետազոտությամբ («Միքայել Նալբանդյանը և 19-րդ դարի 60-ական թվականների ռուս առաջավոր գործիչները», 1949), հայ պարբերական մամուլի պատմությամբ։ Գրականության խնդիրներին են նվիրված «Գրական արձագանքներ» (1955), «Դրական-քննադատական հոդվածներ» (1962), «Հովհաննես Թումանյան» (1971), «Եղիշե Չարենց» (1972) աշխատությունները։ Հայ ժողովրդի պատմության նոր ու նորագույն շրջանների և Հայաստանի կոմկուսի պատմության հարցերն են քննարկված Կարինյանի «Իմպերիալիստական պատերազմը և Հայաստանը» (1924), «Ստեփան Շահումյան» (1925), «Հեղափոխական և ազգային շարժումները Անդրկովկասում 1905 թվականին» (1927) աշխատություններում։ Կարինյանը անդրադարձել է ռուս, և եվրոպական դասական ու ժամանակակից գրականությանը, ուսումնասիրություններ է նվիրել Ա. Չեխովի, Մ. Գորկու, Տ. Շևչենկոյի ստեղծագործություններին։ Արտաշես Կարինյանն առանձին ակնարկներ է նվիրել Աբովյանի, Շիրվանզադեի, Չարենցի, Տերյանի, Արազու ստեղծագործություններին։ Քաջածանոթ սովետական երկրի բազմազգ ժողովուրդների և եվրոպական երկրների գրականությանն ու մշակույթին, Կարինյանը նույն խորությամբ է գրել Ա. Ռադիշչևի և Տ. Շևչենկոյի, Բայրոնի և Ստենդալի, Ռ. Ռոլանի ստեղծագործության մասին։ Սակայն նրան հավասարաչափ հոգեհարազատ են եղել նաև Պուշկինի պոեզիան և Գոգոլի արձակը, Նեկրասովի և Չեխովի, Գորկու և Չուկովսկու ստեղծած համամարդկային արժեքները։

Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով[5]։ ԽՄԿԿ անդամ 1907 թվականից։

Ա. Կարինյանի երկերի մատենագիտություն

  • Գրականություն և կյանք, Բաքու, 1906, 13 էջ։
  • Կովկասյան պրոլետարիատի պատմությունից։ Կազի Մամեդ և Ազիզբեկով, Մոսկվա, Հայպետհրատ, 1919, 36 էջ։
  • Կովկասյան պրոլետարիատի պատմությունից։ Ալյոշա Ջափարիձե, Մոսկվա, 1919, 40 էջ։
  • Հայաստանի ապագան, Մոսկվա, 1919, 36 էջ։
  • «Հին» և «նոր» գեղարվեստը, Մոսկվա, 1920, 54 էջ։
  • Օսկար Ուայլդի «Հեքիաթները», Մոսկվա, 1920, 18 էջ։
  • Նավթը և «Հայկական հարցը», Մոսկվա, 1922, 40 էջ։
  • Քաղաքացիական պատերազմը Հայաստանում և նրա դրդապատճառները, Երևան, 1922, 14 էջ։
  • Իմպերիալիստական պատերազմը և Հայաստանը (փաստեր, դակումենտներ), Երևան, 1924, 60 էջ։
  • Իմպերիալիստական պատերազմը և Հայաստանը, Աթենք, 1925։
  • Թեոֆիլ Ստեյնլեն, Մոսկվա, Պետհրատ, 1925, 15 էջ։
  • Լենինը և պետությունը, Մոսկվա, 1925, 17 էջ։
  • Ստեփան Շահումյան, 1878-1918 (կյանքը և գործունեությունը), Մոսկվա, 1925, 71 էջ։
  • Դաշնակցությունը փաստերի դեմ, Թիֆլիս, տպարան «Զարյա Վոստոկա»-ի, 1926, 88 էջ։
  • «Խենթը» և «Աբեղան»։ Ռուսահայ գրականության և ռուսահայ մտավերականությունը, ռեֆերատ կարդացված Լենինգրադում 1925 թվականին, Փարիզ, 1926, 50 էջ։
  • Հայ ազգայնամոլների ուղին, Մոսկվա, ՀՍԽՀ պետհրատ, 1926, 248 էջ։
  • Հեղափոխական և ազգային շարժումները Անդրկովկասում 1905 թվականին, Մոսկվա, ԽՍՀՄ ժող. կենտր. հրատ., 1927, 104 էջ։
  • Դեմքեր և դեպքեր (քննական ակնարկներ), Երևան, Պետհրատ, 1928, 267 էջ։
  • Նավթը և «Հայկական հարցը», Մոսկվա, ՀՍԽՀ մշակույթի տուն, 1929, 40 էջ։
  • Նացիոնալիզմի «նոր դիրքերը», Մոսկվա, ՀՍԽՀ պետհրատ, 1929, 64 էջ։
  • Դաշնակցությունը և իր զինակիցները, Ե., Պետհրատ, 1932, 170 էջ։
  • Երկերի ժողովածու, հ. 1, Երևան, Պետհրատ, 1934, 452 էջ։
  • Գրական-բանասիրական հետախուզումներ, գիրք 1 (գրքի մեջ տեղ է գտել Ա. Կարինյանի «Սոցիալական պայքարի արձագանքները հին հայ գրականության մեջ» գործը), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1946, 374 էջ։
  • Միքայել Նալբանդյանը և 19-րդ դարի 60-ական թվականների ռուս առաջավոր գործիչները, Երևան, 1949, 38 էջ։
  • Անտոն Չեխով, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1954, 86 էջ։
  • Գրական արձագանքներ (գրական-քննադատական ակնարկներ), Երևան, Հայպետհրատ, 1955, 244 էջ։
  • Ակնարկներ հայ պարբերական մամուլի պատմության, հ. 1, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1956, 499 էջ։
  • Ակնարկներ հայ պարբերական մամուլի պատմության, հ. 2, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1960, 635 էջ։
  • Գրական-քննադատական հոդվածներ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1962, 322 էջ։
  • Հովհաննես Թումանյան (հուշեր, հոդվածներ), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1971, 93 էջ։
  • Եղիշե Չարենց (հոդվածներ և հուշեր), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1972, 96 էջ։
  • Մ. Մամուրյանը մշակույթի պատմության մասին, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1973, 64 էջ։
  • Ժողովուրդների եղբայրության դրոշի ներքո (գրական-քննադատական, գիտական-հրապարակախոսական հոդվածներ), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1976, 584 էջ։
  • Միքայել Նալբանդյանը և 19-րդ դարի 60-ական թվականների ռուս առաջավոր գործիչները (հոդվածներ), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1979, 119 էջ։
  • Մեծ հումանիստ գրող Հակոբ Հակոբյանը, Երևան, «Գիտելիք», 1980, 20 էջ[6]։

Գրականություն

  • Մ. Մխիթարյան «Արտաշես Կարինյան» (Ծննդյան 90-ամյակի առթիվ), պատմաբանասիրական հանդես №1, 1976, էջ 231-236
  • Ռուս-հայ գրական կապերի մասին։ «Գրական թերթ», 1948, № 1:

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.