From Wikipedia, the free encyclopedia
Աննալների դպրոցը (École des Annales) 20-րդ դարում պատմագիտական ինքնօրինակ ոճի շուրջ համախմբված պատմագետների մի խումբ է, որին հատուկ էր երկարաժամկետ սոցիալական պատմության հայեցակարգը։ Դպրոցն իր անվանումն ստացել է հանդեսի անվանումից՝ «Տարեգրություններ տնտեսական և ընկերային պատմության» (Annales d'histoire économique et sociale), որն իր նշանակությունը պահպանել է մինչ օրս[1]։ Դպրոց, որ «վճռորոշ նշանակություն ունեցավ ոչ միայն ֆրանսիական»[2], այլև ընդհանրապես պատմագիտության մեջ, հատկապես նրանց, ովքեր իրենց կիզակետում էին պահում սոցիալական գիտամեթոդները։ Պատմագիտական մի ֆենոմեն, որն անգամ համեմատվում է «կոպեռնիկոսյան հեղափոխության հետ»[3]։ Այսու՝ Դպրոցի ներկայացուցիչներն ընդգծում էին սոցիալական, ավելի ուշ՝ քաղաքակրթական, քան թե քաղաքական կամ իրադարձային թեմաները։
Դպրոցի հետազոտական հետաքրքրությունները մասնավորապես կենտրոնացված էին վաղ արդիական ժամանակաշրջանի վրա (մինչև Ֆրանսիական հեղափոխություն), իսկ ավելի քիչ ընդգրկումով՝ ուշ ժամանակների պատմագիտական հիմնախնդիրներով։ Արդյունքում՝ Դպրոցը գերակայում էր ֆրանսիական սոցիալական պատմագրության վրա՝ իր ազդեցությունը ծավալելով նաև Եվրոպայի և Լատինական Ամերիկայի պատմագրության վրա։ Դպրոցի հիմնադիր հայրերն են համարվում Լյուսիեն Ֆևրն (1878–1956) ու Մարկ Բլոկը (1886–1944)։ Երկրորդ սերունդը առաջնորդում էր Ֆեռնան Բրոդելը (1902-1985)։ Այս շրջափուլում Աննալների Երկրորդ սերունդը կոչվում է նաև բրոդելյան սերունդ։ Այն ներառում էր նաև մի շարք այլ պատմագետների ևս, որոնցից են Ժորժ Դյուբին (1919-1996), Պիեռ Գուբերը (1915-2012), Ռոբեր Մանդրուն (1921-1984), Պիեռ Շոնյուն(1923-2009), Ժակ լը Գոֆֆը (1924-) և Էռնեստ Լաբրուսը (1895-1988)։ Մինչ այդ (1949 թվականին) աննալականներին հաջողվում է հիմնել «Բարձրագույն կրթության Գործնական դպրոցի Վեցերորդ բաժանմունքը» (VIe section de l'Ecole pratique des hautes études)։ Իսկ արդեն 1959 թվականին Ֆ. Բրոդելը մի նոր գիտահետազոտական կենտրոն է հիմնում՝ Հումանիտար գիտությունների տունը (Maison des sciences de l'homme), որի պաշտոնական բացումը տեղի է ունենում միայն 1970 թվականին։ Դրանք տեղակայված են Փարիզում։ Երրորդ սերունդը ներկայացնում էին Էմմանուել լը Ռուա Լադյուրին (1929-), Ժակ Ռևելը և Ֆիլիպ Արիեսը (1914-1984), ով միանում է խմբին 1978 թվականին։ Ուշագրավ է, որ Երրորդ սերունդի մոտ կրկին ակտիվանում է պատմությունը մտակեցվածքի (mentalités) դիտանկյունից կազմակերպելու հեռանկարը։ Աննալների դպրոցի Չորրորդ սերունդը գլխավորում էին Բեռնար Լեպտին (1948-1996), Պիեռ Նոռան (1931-) և Ռոժե Շարտիեն (1945-), ով իրեն հեռու էր պահում մտակեցվածքային պատմության հղացքից, փոխարինելով այն մշակութային և լեզվաբանական շրջաբեկումով։ Դպրոցի կարևորագույն ձեռքբերումն էր Annales d'Histoire Economique et Sociale ("Տարեգրություններ տնտեսական և ընկերային պատմության") հանդեսն էր, որը տպագրվել էր 1929 թվականի հունվարի 15-ին Լուսիեն Ֆեվրի և Մարկ Բլոկի կողմից։ Հանդես, շնորհիվ որի արմատապես փոխակերպվեց ավանդական պատմագրությունը։
Ֆ. Բրոդելը «Աննալներ» (Տարեգրությունք) հանդեսի խմբագիր է եղել 1956-1968 թվականներին, ում հաջորդում է միջնադարագետ Ժ. լը Գոֆֆը։ Սակայն Ֆ. Բրոդելի ոչ պաշտոնական ժառանգորդն ու դպրոցի ղեկավարը Է. լը Ռուա Լադուրին էր։ Նշելով քաղաքական հեղաշրջումները Եվրոպայում և հատկապես Ֆրանսիայում 1968 թվականին, Էրիկ Հոբսբաումը պնդում է, որ «Ֆրանսիայում բրոդելյան պատմության և Աննալների դպրոցի իրական հեգեմոնիան ավարտվեց 1968 թվականից հետո, իսկ հանդեսի միջազգային ազդեցությունը կտրուկ նվազեց»[4]։ Դպրոցի ներկայացուցիչները չեն ուշացնում և բազմաթիվ հակազդումները։ Նրանք հետազոտության թեմա դարձրեցին պատմագիտության բազմաչափ ըմբռնումը՝ ընդգրկելով պատմության տարբեր դարաշրջանների և տարբեր տարածքների սոցիալական, տնտեսական, մշակութային և քաղաքակրթական պատմությունները։ Ճգնաժամի ընթացքում Դպրոցը ստեղծում է հսկայական հրատարակչական և գիտահետազոտական ցանց. Ֆրանսիայից ծավալվելով Եվրոպա և աշխարհի մյուս մասը։ Արդյունքում՝ ազդեցությունը ևս արտահանվում է Փարիզից դուրս, սակայն ավելի ու ավելի քիչ նոր հարացույցերի, հղացքների կամ հայեցակարգերի առաջադրմամբ։ Այս ընթացքում շեշտը դրվեց քանակային պատմության և շարային պատմության վրա, որով և դիտարկում էին ողջ սոցիալական պատմությունը[5]։ Չնայած դրան, աննալականներն անտեսեցին քանակական տվյալների զարգացումը ԱՄՆ-ում և Բրիտանիայում, որը վերաձևեց տնտեսական, քաղաքական և ժողովրդագրական հետազոտությունները[6]։ Ուշագրավ է, որ ֆրանսիական դպրոցների համար Աննալների դպրոցի փորձառնության հիման վրա գրված դասագիրքը կառավարության կողմից մերժվում է[7]։
1980 թվականին հետարդիական զգայունությունը (postmodern sensibilities) հարցականի տակ է դնում մետապատմումների (metanarratives) նկատմամբ համընդգրկուն վստահությունը։ Ինչպես Ժակ Ռեվելն է նշում, Աննալների դպրոցի հաջողությունները, մասնավորապես նրա կողմից սոցիալական կառույցների կիրառումն իբրև մեկնաբանական ուժեր (explanatory forces), բովանդակում էր իր մեջ նաև սեփական խորտակման սերմերը, քանի որ «այլևս չկա ոչ բացահայտ համաձայնություն, որի վրա կարելի է հիմնել իրականի հետ նույնականացվող սոցիալականության միասնականությունը»[8] Արդյունքում Աննալներ դպրոցը պահպանեց իր ենթակառուցվածքը, բայց կորցրեց մտակեցվածքները (mentalités)։ .[9]
Հրատարակության ընթացքում հանդեսն ունեցել է մի քանի անվանումներ։ Սկզբնապես՝ «Տարեգրություններ տնտեսական և ընկերային պատմության» (Annales d'histoire économique et sociale) անվամբ (1929-1938) Ստրասբուրգում։ Փարիզյան հրատարակությունը հայտնի է «Տարեգրություններ ընկերային պատմության» (Annales d'histoire sociale) անվամբ (1941 թ.)։ Ֆաշիստական տիրապետության տարիներին հրատարակվել է ժողովածուների տեսքով՝ «Ընկերային պատմության ժողովածու» (Melanges d'histoire socialie) անվամբ (1942-44 թթ.)։ Մ. Բլոկի հիշատակին նվիրված երկու հատորները հայտնի են «Տարեգրություններ ընկերային պատմության» (Annales d'histoire sociale) անվամբ (1945 թ.)։ Այնուհետև՝ «Տարեգրություններ. Տնտեսություններ, հասարակություններ, քաղաքակրթություններ» (Annales: Économiques. Societés. Civilisations) անվամբ (1946-1994 թթ.)։ Իսկ արդեն 1994 թվականից՝ «Տարեգրություններ. Պատմություն և սոցիալական գիտություններ» (Annales: Histoire et sciences socials) անվամբ[10]։
1962 թվականին Ֆեռնան Բրոդելն և Գաստոն Բերգերը օգտագործեցին Ֆորդ հիմնադրամի գումարն ու կառավարության ֆոնդը և ստեղծեցին նոր, անկախ հիմնադրամ՝ Հումանիտար գիտությունների տունը (Fondation Maison des sciences de l'homme - FMSH), որը Բրոդելը տնօրինել է 1970-ից մինչև իր մահը (1985)։ 1970 թվականին VI բաժանմունքն ու Աննալներ հանդեսը տեղափոխվում են հիմնադրամի շենքը։ FMSH-ն ստեղծում է միջազգային ցանցեր՝ Աննալների դպրոցի կողմից մշակված հարացույցները, հայեցակարգներն ու հղացքները Եվրոպայով և աշխարհով տարածելու համար։ Իսկ արդեն 2013 թվականից այն սկսեց հրատարակվել նաև անգլերեն լեզվով։
Հանդեսի կազմած թեմաների շրջանակը լայնածավալ և փորձառական բնույթ են կրում, որտեղ ներառված են համընդհանուր պատմության (total history) վերաբերյալ և նոր մոտեցումներով հետազոտություններ[11]։
Հիմնական շեշտադրումն արված է սոցիալական պատմությունների և երկար տևողությունների (longue durée) վրա։ Հաճախ կիրառվում են և քանակային ու շարային մեթոդները՝ ուշադրությունը սևեռելով աշխարհագրության[11] և հասարակ մարդկանց բանական աշխարհայացքի կամ մտակեցվածքների (mentalité) վրա։ Ավելի քիչ էին ուշադրություն դարձնում քաղաքական, դիվանագիտական, ռազմական պատմությունների կամ հայտնի մարդկանց կենսագրության վրա։ Փոխարենը՝ աննալականները հետազոտություններ էին իրականացնում սոցիալական, տնտեսական, մշակութային պատմությունների, վիճակագրության, բժշկական հաղորդումների, ընտանեկան հետազոտությունների և անգամ հոգեվերլուծության համադրական հեռանկարում։
Աննալներ (Տարեգրություններ) հանդեսը հիմնադրվել է Լյուսիեն Ֆևրի և Մարկ Բլոկի կողմից 1929 թվականի հունվարի 15-ին, երբ նրանք դասավանդում էին Ստրասբուրգի համալսարանում։ Իսկ 1941 թվականից այն հրատարակվում է արդեն Փարիզում։ Դպրոցի հիմնադիր-հայրերը՝ Լյուսիեն Ֆևրն (վաղ արդիական դարաշրջանի պատմագետ) և Մարկ Բլոկը (միջնադարի պատմագետ) կարճ ժամանակում կարողացան ստեղծել պատմագրական մի ոճ, որը դարձավ թե՛ հանդեսի և թե՛ կազմավորվող Դպրոցի հատկանշական կողմը. նրանք կարողացան միմյանց համադրել աշխարհագրությունը, սոցիոլոգիան (ընկերաբանությունը), հոգեբանությունն ու պատմագիտությունը՝ ավելի հստակորեն ի հայտ բերելով միջգիտակարգային մեթոդաբանությունը։ Մի բան, որն արդեն իրենցից առաջ ֆրանսիական իրականության մեջ ոչ ծավալուն մակարդակով իրականացրել էր Անրի Բեռն (Henri Berr) իր կողմից հիմնադրված «Պատմական համադրություններ» հանդեսի շրջանակներում։ Արդյունքում՝ ստեղծվում է մի մեթոդաբանություն, որը մերժում էր քաղաքական, դիվանագիտական, իրադարձային ու պատերազմական պատմությունները, որոնք հատուկ էին 19-րդ դարին և անգամ 20—րդ դարի սկզբին։ Պատմագիտական նման թեքում ունեցող հետազոտողներին Լ. Ֆևրն անվանում էր Սորբոնիստներ (Les Sorbonnistes)։
Փոխարենը՝ նրանք իրադարձությունների և քաղաքական փոխակերպությունների պատմությունը դիտարկում են սոցիալական կառույցների տևական (la longue durée) հեռանկարում[12]։ Հետազոտական տիրույթներ էին նաև աշխարհագրությունը, նյութական մշակույթը, մտակեցվածքները կամ դարաշրջանի հոգեբանությունը։ Աննալականների նպատակն էր ի չիք անել սորբոնիստների աշխատանքը, որպեսզի ֆրանսիացի պատմագետներին կարողանային հեռու պահել սոցիալ-տնտեսական պատմության բացառապես քաղաքական և դիվանագիտական դիտանկյուններից լուսաբանելու եղանակից[13]։
1967 թ. «Անալներ» հանդեսում հրատարակվեց Երևանի Մատենադարանի նախկին տնօրեն, ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի «Le registre d'un marchand arménien en Perse, en Inde et au Tibet (1682-1693)» հոդվածը (Annales. Histoire, Sciences Sociales, 22e Année, No. 2 (Mar. - Apr., 1967), pp. 231–278)՝ նվիրված նորջուղայեցի վաճառական Հովհաննէս Տեր Դավթյանի վաճառականական Հաշվեմատյանի քննությանը։
Դպրոցի հայտնի ներկայացուցիչներից Ժորժ Դյուբին իր «Բուվինյան կիրակի» (Le dimanche de Bouvines) գրքի նախաբանում այսպես է ձևակերպում աննալականների պատմագիտական նոր հարացույցը.
Պատմությունից վտարել զգայացունցը (sensational) և հրաժարվել իրադարձությունների պարզ հաշվառումից։ Հակառակ դրան՝ ձգտել առաջադրել և լուծել հիմնախնդիրները և, անտեսելով մակերեսային խառնակությունները, դիտարկել տնտեսության, հասարակության ու քաղաքակրթության երկար և միջին տևողությունների զարգացումը։
Աննալականները, հատկապես Լյուսիեն Ֆևրը, պաշտպանում էին համընդգրկուն պատմություն հղացքը, այլ կերպ ասած՝ պատմական հիմնախնդրի բազմակողմանի հետազոտությունը։
Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, երբ Ֆրանսիան օկուպացվել էր հիտլերյան Գերմանիայի կողմից, Մ. Բլոկը գնդակահարվում է գեստապոյականների կողմից՝ պատերազմում Ֆրանսիայի դիմադրական շարժման մեջ ակտիվ մասնակցության համար։ Իսկ Լ. Ֆևրին նույն այդ թվականներին հաջողվում է շարունակել «Անալներ»-ի հրատարակումը։ Հենց այդ ժամանակ էլ նա ուղղորդել Ֆ. Բրոդելին, ով հետագայում կդառնա Աննալների դպրոցի ամենահայտնի Ներկայացուցիչը։ Ֆ. Բրոդելի աշխատությունը սահմանագծում է Անալների պատմագրության երկրորդ շրջափուլը, և մեծ ազդեցություն է ունենում 1960-1970-ական թվականներին (մասնավորապեսն նրա «Միջերկրածովքը և միջերկրածովյան ավազանը Ֆիլիպ II-ի դարաշրջանում» եռահատոր մենագրությամբ)։
Ֆ. Բրոդելը առաջադրել և մշակել է «պատմական ժամանակի» նոր հղացքը։ Այն իր վերջնական բանաձևումը ստացավ 1958 թվականին հրատարակած նրա «Պատմությունը և ընկերային գիտությունները. երկար տևողություն» տեսական հոդվածում։ Համաձայն որի պատմությունը հիմնված է ժամանակի երեք չափման վրա՝ կարճ տևողություն (curte durée) կամ՝ քաղաքական, միջին տևողություն (moyen durée) կամ՝ տնտեսական և երկար տևողություն (longue durée) կամ՝ քաղաքակրթական։
Թեև Անալների դպրոցի Երրորդ սերնդի կարկառուն ներկայացուցիչներ Էմմանուել լը Ռուա Լադուրին, Մարկ Ֆերրոն և Ժակ լը Գոֆֆը շարունակում են բարձր պահել Անալների «դրոշը», սակայն այսօր բազմաթիվ այլ պատմագետների գործունեությունը մշակութային պատմության, քաղաքական պատմության և տնտեսական պատմության բնագավառներում Աննալների մոտեցումներից ավելի նշանակալի է։
Մ. Բլոկն իր «Հրաշագործ արքաները» կոթողային աշխատության մեջ (1924)[14] հետազոտության խնդիր դարձրեց ժողովրդական վաղեմի այն հավատալիքը, համաձայն որի՝ արքան կարող է բուժել գեղձախտն իր հրաշագործ հպումի շնորհիվ։ Իրոք, Ֆրանսիայի և Անգլիայի արքաները կանոնավոր կերպով կատարում էին այս ծիսակարգը։ Իբրև պատմագետ՝ Մ. Բլոկը մտահոգված չէր արքայական հպումի արդյունավետությամբ, փոխարենը նա՝ իբրև մարդաբան(anthropologist) խնդրարկում է այնը, թե ինչո՞ւ են մարդիկ հավատում դրան, և թե իրականում ինչպե՞ս է այդ հավատը ձևավորում արքաների ու հասարակ մարդկանց միջև հարաբերությունները։ Գիրքը մեծ ազդեցություն ունեցավ մասնավորապես համադրական հետազոտությունների (comparative studies) վրա (այս դեպքում՝ Ֆրանսիայում և Անգլիայում), ինչպես նաև երկար տևողությունների ("longue durée") հետազոտությունների, որն ընդգրկում է մի քանի դարաշրջաններ, անգամ մեկ հազարամյակ՝ արժեզրկելով կարճաժամկետ իրադարձությունները։ Մ. Բլոկի մտակեցվածքների կամ mentalités տեսությունը մեծ արձագանք է գտնում գիտնականների շրջանում, ովքեր կարդացել էին Զիգմունդ Ֆրոյդ և Մարսել Պրուստ։ 1960-ական թվականներին Ռոբեր Մանդրուն (Robert Mandrou) և Ժորժ Դյուբին (Georges Duby) մտակեցվածքի (mentalité) հղացքը համաձայնեցնում են Ֆեռնան Բրոդելի պատմական ժամանակի կառույցներին ու սոցիալական կացությունների փոփոխություններին։ Իսկ արդեն 1970-1980-ական թվականներին ի հայտ են գալիս Mentalité-ի հետազոտությունների հսկայական խմբաքանակներ՝ հիմնված այդ մոտեցումների վրա։ Սակայն արդեն 1990-ական թվականներին մտակեցվածքների (mentalité) պատմությունը միջգիտակարգայինից (interdisciplinary) դարձավ հատվածական (fragmentation)՝ չունենալով տեսական ամուր հենք։ Ոչ ուղղակիորեն մերժելով մտակեցվածքի (mentalité) պատմությունը՝ երիտասարդ պատմագետներն ավելի ու ավելի հակվեցին դեպի այլ մոտեցումները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.