Ինտերսեքս, մարդիկ անհատներ են, որոնք ծնվել են սեռի բնութագրիչների մի քանի վարիացիաներից որևէ մեկով ներառյալ քրոմոսոմները, գոնադները, սեռական հորմոնները կամ սեռական օրգանները, որոնք, ըստ ՄԱԿ -ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի, «չեն տեղավորվում արական կամ իգական համարվող մարմինների բնորոշումներում։»[1] Նման վարիացիաները կարող են ներառել սեռական օրգանների երկակիություն և քրոմոսոմային գենոտիպի և սեռական ֆենոտիպի համադրություններ, որոնք տարբերվում են XY- տղամարդ և XX- կին վարիացիաներից[2][3]։
Ինտերսեքս մարդկանց նախկինում կոչվում էին հերմաֆրոդիտներ կամ «բնածին ներքինիներ»[4][5]։ 19-րդ և 20-րդ դարում բժշկական գրական համայնքի որոշ անդամներ կազմեցին նոր անվանացանկ՝ փորձելով դասակարգել իրենց նկատած հատկանիշները։ Դա ինտերսեքս վիճակներիտաքսոնոմիաական դասակարգման համակարգ ստեղծելու առաջին փորձն էր։ Ինտերսեքս մարդկանց դասակարգում էին որպես իրական հերմաֆրոդիտիզմ, իգական պսևդոհերմաֆրոդիտիզմ կամ արական պսևդոհերմաֆրոդիտիզմ ունեցողներ[6]։ Այս տերմիններն այլևս չեն օգտագործվում. «Հերմաֆրոդիտ» բառը ներառող տերմինները համարվում են մոլորեցնող, խարանի ենթարկող և գիտականորեն ոչ պատշաճ երբ խոսքը մարդկանց մասին է[7]։ Հերմաֆրոդիտը այժմ սահմանվում է որպես «կենդանի կամ բույս, որն ունի և՛ արական, և՛ իգական վերարտադրողական օրգաններ»[6]։ 1917 թվականին Ռիչարդ Գոլդշմիդտը ստեղծեց ինտերսեքսուալություն (միջսեռականություն) տերմինը՝ հղում անելով ֆիզիկական սեռի մի շարք վարիացիաների[6]։ Կլինիկական պայմաններում, «սեռի զարգացման խանգարումներ» տերմինը օգտագործվել է 2006 թվականից[8]։ Պիտակի ներմուծման պահից սկսած այն վիճելի է եղել[9][10][11]։
Ինտերսեքս մարդիկ խարանի և խտրականություան են ենթարկվում ծննդյան կամ ինտերսեքս հատկանիշի հայտնաբերման պահից, ինչպիսին է սեռական հասունությունը։ Սա կարող է ներառել մանկասպանությունը, երեխային լքելը և ընտանիքներին խարանի ենթարկելը[12][13][14]։ Աշխարհով մեկ երկակի արտաքին սեռական օրգաններ ունեցող ինտերսեքս նորածիններ և երեխաներ վիրաբուժական կամ հորմոնալ ճանապարհով ձևափոխվում են սեռային առումով առավել ընդունելի հատկանիշներ ձևավորելու համար։ Ինչը հակասական է և լի անկանխատեսելի հետևանքներով[15]։ Նման միջամտությունները կարող են ներառել ստերիլիզացում։ Շատ մեծահասակներ, ներառյալ հանրաճանաչ կին մարզիկներ, նույնպես ենթարկվել են նման միջամտությունների[16][17]։
Որոշ ինտերսեքս անձինք կարող են համարվել և մեծացվել որպես աղջիկ կամ տղա, բայց հետագայում նույնականանալ մեկ այլ գենդերի հետ, մինչդեռ մեծ մասը շարունակում է նույնականանալ իրեն վերագրված սեռի հետ[3][18]։ Երրորդ սեռի և գենդերային դասակարգումների ճանաչումը տեղի է ունենում մի քանի երկրներում[19][20][21], սակայն, վիճելի է, երբ դա ենթադրվում, հրամցվում կամ հարկադրվում է, ինչպես որոշ գերմանացի նորածինների դեպքում[22][23][24]։ Ավստրալիայում սոցիոլոգիական հետազոտությունները, որը կիրառում է երրորդ `X 'սեռի դասակարգումը, ցույց է տալիս, որ սեռային ատիպիկ բնութագրերով ծնված մարդկանց 19%-ը ընտրել է «X» կամ «այլ» տարբերակը, մինչդեռ 52%-ը կանայք են, 23% տղամարդիկ և 6%-ը անվստահ[18][25]։
Սահմանումներ
Համաձայն ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի.
Ինտերսեքս մարդիկ ծնվում են սեռային բնութագրերով (ներառյալ սեռական օրգաններ, գոնադներ և քրոմոսոմային հավաքակազմեր), որոնք չեն տեղավորվում ո՛չ արական, ո՛չ իգական համարվող մարմինների բնորոշիչների մեջ։ Ինտերսեքսը հովանոց տերմին է, որն օգտագործվում է բնութագրելու մարդկային մարմինների վարիացիաները։ Որոշ դեպքերում ինտերսեքս հատկանիշները տեսանելի են ծննդյան պահին, իսկ մյուսներում դրանք ակնհայտ չեն մինչև սեռական հասունություն։ Որոշ քրոմոսոմային ինտերսեքս վարիացիաներ գուցե ընդհանրապես ֆիզիկապես տեսանելի չլինեն:.[26] |
Կենսաբանական տեսանկյունից սեռը կարող է տրվել ծննդյան պահին առկա մի շարք գործոններից ելնելով, ներառյալ.[27]
- սեռական քրոմոսոմների քանակը և տեսակը,
- գոնադների տեսակը՝ ձվարաններ կամ ամորձիներ,
- սեռական հորմոնների մակարդակը,
- ներքին վերարտադրողական անատոմիան (օրինակ `կին համարվողների մեջ արգանդը),
- արտաքին սեռական օրգանները։
Մարդիկ, որոնք ծննդյան պահին ունեն ո´չ հստակ արական, ո´չ էլ հստակ իգական սեռի համարվողի սեռային բնութագրիչներ, ինտերսեքս են[28]։
Որոշ ինտերսեքս հատկանշաններ ոչ միշտ են տեսանելի ծննդյան պահին. որոշ նորածիններ կարող են ծնվել երկակի սեռական օրգաններով, իսկ մյուսները կարող են ունենալ երկակի ներքին օրգաններ (ամորձիներ և ձվարաններ)։ Մյուսները չեն իմանա, որ ինտերսեքս են, քանի դեռ չեն անցել գենետիկական հետազոտություն, քանի որ դա չի երևում իրենց ֆենոտիպում։
Պատմություն
Անկախ թե նրանց սոցիալապես հանդուրժում կամ ընդունում էին որոշակի մշակույթում, ինտերսեքս մարդկանց գոյությունը հայտնի էր շատ հին և նախաժամանակակից մշակույթներում։ Հույն պատմաբան Դիոդորուս Սիկուլուսը գրել է մ.թ.ա. առաջին դարում դիցաբանական Հերմաֆրոդիտոսի մասին, որը «ծնվել է ֆիզիկական մարմնով, որը տղամարդու և կնոջ համադրություն է», և ենթադրաբար տիրապետում էր գերբնական հատկությունների[29]։
Եվրոպական հասարակություններում հռոմեական օրենսդրությունը, հետդասական կանոնական օրենքը և հետագայում սովորական իրավունքը վերաբերում էին մարդու սեռին որպես տղամարդ, կին կամ հերմաֆրոդիտ, իրավական տեսանկյունից՝ որպես տղամարդ կամ կին՝ կախված այն հատկանիշներից, որոնք առավել գերիշխող էին[30]։ 12-րդ դարի Դեկրետում Գրատիանին ասում է, որ «Արդյոք հերմաֆրոդիտը կարող է վկայություն տալ, կախված է նրանից, թե որ սեռն է գերակշռում»[31][32][33]։ Ընդհանուր իրավունքի հիմքը համարվող 17-րդ դարի Անգլիայի Օրենքների ինստիտուտները նկարագրում էին, թե ինչպես կարող է հերմաֆրոդիտը ժառանգել «համաձայն այն սեռի, որը գերակշռում է՝ արական, թե իգական»[34][35]։ Դատական գործերը նկարագրվել են կանոնական օրենքում և այլուր դարերի ընթացքում։
Որոշ հասարակություններ ունեն սեռային կամ գենդերային համակարգեր, որոնք ճանաչում են ավելի քան երկու՝ արական/տղամարդ և իգական/կին, կատեգորիաներ։ Այս մշակույթներից որոշները, օրինակ՝ հարավ-ասիական հիջրա համայնքները[36], կարող են ներառել ինտերսեքս անձանց երրորդ գենդեր կատեգորիայում։
Վիկտորիանական դարաշրջանում բժշկական հեղինակները ներկայացրին «իսկական հերմաֆրոդիտ» տերմինը անհատի համար, ով ունի ինչպես ձվարանային, այնպես էլ ամորձային հյուսվածք, «արական կեղծ-հերմաֆրոդիտ»՝ ամորձային հյուսվածք ունեցողի համար, բայց ով կա՛մ իգական, կա՛մ երկակի սեռական անատոմիա ուներ և «իգական կեղծ-հերաֆրոդիտ»` ձվարանային հյուսվածք ունեցող անձի համար, բայց ով կա՛մ արական, կա՛մ երկակի սեռական անատոմիա ուներ։ Տերմինաբանության որոշ հետագա փոփխություններ արտացոլեցին գենետիկայի առաջընթացը, իսկ մյուսները առաջարկվում էին կապված փորձնական ասոցիացիաների հետ[37]։
Ինտերսեքսուալություն տերմինը ստեղծվել է Ռիչարդ Գոլդշմիդտի կողմից 1917 թվականին[38]։ «Հերմաֆրոդիտ» տերմինը «ինտերսեքս»-ով փոխարինելու առաջին առաջարկությունը արել է Կավադիասը 1940-ականներին[39]։
Ժամանակակից բժշկական գիտության զարգացումներից ի վեր, երկակի արտաքին սեռական օրգաններ ունեցող որոշ ինտերսեքս մարդկանց սեռական օրգանները վիրաբուժական միջամտությամբ փոփոխվել են` նմանեցնելու իգական կամ արական համարվող սեռական օրգանների։ Վիրաբույժները ինտերսեքս նորածիններին ներկայացնում էին որպես «սոցիալական արտակարգ իրավիճակ», երբ նրանք ծնվում էին[40]։ «օպտիմալ գենդերի քաղաքականությունը», որը նախապես մշակվել էր Ջոն Մոնեի կողմից, նշում էր, որ վաղ միջամտությունը կօգնի խուսափել գենդերային ինքնության խառնաշփոթից, ինչի համար պակասում էին ապացույցներ[41], և վաղ միջամտությունները բացասական հետևանքներ էին ունենում հոգեբանական և ֆիզիկական առողջության վրա[42]։ Քանի որ վիրաբուժության ոլորտում առաջընթացը հնարավորություն է տվել քողարկելու ինտերսեքս վիճակները, շատ մարդիկ տեղյակ չեն, թե որքան հաճախ են ինտերսեքս վիճակները առկա մարդու մոտ կամ որ ընդհանրապես գոյություն ունեն[43]։
Ակտիվիստական խմբերի և կլինիկաների միջև բուռն երկխոսությունը հանգեցրել է բժշկական քաղաքականության միայն աննշան փոփոխությունների որոշ տեղերում ինտերսեքս այցելուների և նրանց ընտանիքների հանդեպ վերաբերմունքի մեջ[44]։ 2015-ի ապրիլին Մալթան դարձավ առաջին երկիրը, որն արգելեց ոչ փոխհամաձայնեցված բժշկական միջամտությունները` սեռական անատոմիան փոփոխելու համար, ներառյալ ինտերսեքս մարդկանց[17]։ Քաղաքացիական հասարակության շատ կազմակերպություններ և իրավապաշտպան հաստատություններ, ներառյալ Մալթայի հռչակագիրը այժմ կոչ են անում դադարեցնել «նորմալացման» միջամտությունները[1][45]:
Ֆիզիկական ամբողջականություն և մարմնական ինքնավարություն
Ծնվելու պահից խարանի և խտրականության ենթարկելը կարող է դրսևորվել մանկասպանության, երեխային լքելու և ընտանիքներին խարանի ենթարկելու տեսքով։ Ինտերսեքս երեխայի ծնունդը հաճախ դիտվում էր որպես անեծք կամ կախարդ մոր նշան, հատկապես Աֆրիկայում[12][13]։ Երեխային լքելու և մանկասպանության դեպքեր հաղորդվել են Ուգանդայում[12], Քենիայում[46], Հարավային Ասիայում[47] և Չինաստանում[14]։
Ինտերսեքս նորածինների, երեխաների և դեռահասների սեռային բնութագրիչները պաթոլոգիզացվում են և առանց ինտերսեքս անձի համաձայնության «նորմալացման» անհարկի բժշկական միջամտությունների հանգեցնում[48][49]։ Միջամտությունները իրավապաշտպանների կողմից նկարագրվել են որպես բազմաթիվ իրավունքների խախտում, ներառյալ (բայց չի սահմանափակվում) մարմնական ամբողջականությունը, գաղտնիությունը խախտելը, խտրականության և փորձարկումների ենթարկելը[50]։ Այս միջամտությունները հաճախ իրականացվել են ինտերսեքս անձի ծնողների համաձայնությամբ, երբ այդ անձը օրենքի առաջ դեռ շատ երիտասարդ է՝ համաձայնություն տալու համար։ Նման միջամտությունները քննադատվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ-ի այլ մարմինների կողմից նրանց խիստ անբարենպաստ հետևանքների պատճառով, ներառյալ տրավմաները, սեռական գործառույթի և զգայունակության խափանումը, և ֆիզիկական ու մտավոր ամբողջականության խախտումը[1]։ ՄԱԿ-ի կազմակերպությունները որոշեցին, որ նորածինների բժշկական միջամտությունը չպետք է թույլատրվի՝ հօգուտ այն բանի, որ երեխան բավարար չափով հասունանա, որպեսզի որոշման կայացման մաս լինի, սա թույլ է տալիս որոշում կայացնել՝ ընդհանուր համաձայնությամբ[51]։
Դատական հայց ներկայացնելը և հատուցում պահանջելը
Գերմանիայում Քրիստիանե Վոլինգի գործով 2011 թ-ին դատական հայց և հատուցման պահանջ ներկայացնելը խնդիր էր[52][53]։ 2012-ին Չիլիում երկրորդ դատական գործ է հարուցվել՝ երեխայի և նրա ծնողների մասնակցությամբ[54][55]։ Միքաելա Ռաաբի կողմից ձեռնարկված հետագա հաջող դեպքը Գերմանիայում գրանցվեց 2015 թ-ին[56]։ Միացյալ Նահանգներում Էմ.Սի.-ն ընդդեմ Աարոնսոնի դատական հայցը «բժշկական պրակտիկայի թերացման դեպք էր՝ կապված 2006 թվականի ապրիլին Քրոուֆորդների որդեգրված երեխայի՝ Էմ.Սի., տեղեկացված համաձայնությամբ կատարված վիրահատության հետ»[57]։ Այս դատական հայցը առաջինն էր իր տեսակի մեջ, որը հարցարկում էր անչափահասների «սեռային-նորմալացման վիրահատությանը իրավաբանական, էթիկական և բժշկական տեսանկյունից» և, ի վերջո, Հարավային Կարոլինայի բժշկական համալսարանին դրդեց համաձայնության գալ ու վճարել 2017 թ.-ին $ 440,000[58]:
Տեղեկատվություն և աջակցություն
Արևմտյան հասարակություններում ժամանակակից բժշկական գիտությունների վերելքին զուգահեռ ընդունվեց գաղտնիության վրա հիմնված մի մոդել՝ այն համոզմունքի համաձայն, որ դա անհրաժեշտ էր «նորմալ» ֆիզիկական և հոգեբանական զարգացում ապահովելու համար[59][60][61][62][63]։ Ներկայումս ավելի ու ավելի մեծ տարածում է գտնում տեղեկատվության հասանելիության, բժշկական գրառումների առկայության, հասակակիցների և այլ խորհրդատվության և աջակցության ձևերի ապահովումը։
Լեզու
20-րդ դարի վերջին հետազոտությունները հանգեցրին բժշկական համաձայնության աճի, որ ինտերսեքս մարմինների բազմազանությույնը մարդու կենսաբանության օրինաչափ դրսևորումներից է[3][64][65][66]։ Բժիշկ և հետազոտող Միլթոն Դիամանդը շեշտում է ինտերսեքս մարդկանց հետ շփվելիս բառերի ընտրության կարևորությունը.
Առաջին հերթին, քաջալերում ենք «բնորոշ», «սովորական» կամ «առավել հաճախակի» տերմինների օգտագործումը հաճախակի գործածվող «նորմալ»-ի փոխարեն։ Հնարավորության դեպքում խուսափենք «անբավարար զարգացած» կամ «թերզարգացած», «զարգացման սխալներ», «թերի սեռական օրգաններ», «աննորմալություն» կամ «բնության սխալներ» արտահայտություններից։ Ընդգծեք, որ այս բոլոր վիճակները կենսաբանորեն հասկանալի են, չնայած որ վիճակագրորեն հազվադեպ են[67]։ |
«Ինտերսեքս» տերմինը
Ինտերսեքս հատկանիշեր ունեցող որոշ մարդիկ նույնականանում են որպես ինտերսեքս, իսկ մյուսները՝ ոչ[68][69]։ Ավստրալիայի սոցիոլոգիական հետազոտությունը, որը հրապարակվել է 2016-ին, պարզել է, որ հարցվածների 60%-ը օգտագործում է «ինտերսեքս» տերմինը՝ իրենց սեռը բնութագրելիս, ներառյալ նրանց, ովքեր իրենց սեռը համարում են ինտերսեքս վարիացիա կամ որոշներն էլ իրենց՝ ինտերսեքս վիճակ ունեցող։ Հարցվածների 75%-ի մեծամասնությունը միևնույն ժամանակ ինքն իրեն բնութագրել է իգական կամ արական սեռի[18]։ Չիկագոյի Լըրի մանկական հիվանդանոցը և AIS-DSD աջակցության խմբի կողմից 2017-ին հրապարակված հետազոտությունը պարզել է, որ աջակցության խմբի հարցվածների 80%-ը «շատ հավանում է, հավանում կամ չեզոք է վերաբերվում ինտերսեքսին» որպես տերմին, մինչդեռ խնամակալները պակաս հավանություն էին տալիս[70]։
Ինտերսեքս կազմակերպությունների մի մասը կիրառում է «ինտերսեքս մարդ» և «ինտերսեքս վարիացիա կամ հատկանշաններ»[71], իսկ մյուսները օգտագործում են ավելի բժշկական լեզու, օրինակ՝ «ինտերսեքս վիճակ ունեցող»[72], կամ «ինտերսեքս վիճակ կամ սեռի զարգացման տարբերություններ ունեցող» և « սեռային անատոմիայի վարիացիաներով ծնված երեխաներ»[73]։ 2016 թվականի մայիսին Ինտերսեքս երիտասարդությանը ջատագովող միավորումը հրապարակեց հայտարարություն, որով ճանաչում էր «ինտերսեքս» տերմինի ընդհանուր ընկալման ու ընդունման փաստը[74]։
Հերմաֆրոդիտ
Հերմաֆրոդիտը օրգանիզմ է, որն ունի ինչպես արական, այնպես էլ իգական վերարտադրողական օրգաններ։ Մինչև 20-րդ դարի կեսերը «հերմաֆրոդիտ»-ը օգտագործվում էր որպես «ինտերսեքս»-ի հոմանիշ[39]։ «Արական կեղծ համաֆրոդիտ», «իգական կեղծ հերմաֆրոդիտ» և հատկապես «իսկական հերմաֆրոդիտ» տարբերակները[75], որոնք արտացոլում էին մանրադիտակով երևացող գոնադների պատմաբանությունը, այլևս գործածական տերմիններ չեն[76][77][78]։ Բժշկական տերմինաբանությունը փոփոխվել է ոչ միայն լեզվին վերաբերող մտահոգությունների պատճառով, այլև գենետիկայի տեսանկյունից հարցը ավելի լավ հասկանալու շնորհիվ։
Ներկայումս հերմաֆրոդիտիզմը չպետք է շփոթել ինտերսեքսի հետ, քանի որ առաջինը վերաբերում է միայն սեռական օրգանների հատուկ ֆենոտիպային ներկայացմանը, իսկ վերջինս ՝ ֆենոտիպային և գենոտիպային ներկայացման ավելի բարդ համադրությանը։ Հերմաֆրոդիտը՝ ինտերսեքս անձանց վերաբերյալ օգտագործելը համարվում է ապակողմնորոշիչ և հանգեցնում խարանի[79]։ Հերմաֆրոդիտը օգտագործվում է կենդանական և բուսական տեսակների համար։
Սեռի զարգացման խանգարումներ
«Սեռի զարգացման խանգարումներ»-ը վիճարկվող տերմին է[9][10], սահմանվում է որպես բնածին վիճակներ, որոնց դեպքում քրոմոսոմային, գոնադային կամ անատոմիական սեռի զարգացումը ատիպիկ է։ Հյուսիսային Ամերիկայի ինտերսեքս կազմակերպությունը նշել է, որ ինտերսեքսը խանգարում չէ[80]։ Ինտերսեքս մարդիկ, ակտիվիստներ, աջակիցներ և ակադեմիկոսներ վիճարկել են «խանգարում» տերմինը՝ համարելով այն վիրավորական ինտերսեքս անհատների համար, ովքեր չեն համարում, որ իրենց հետ ինչ-որ բան այն չէ։ Նրանք դիտարկել են, որ այն ամրապնդում է վաղ վիրաբուժական միջամտությունների նորմավորումը, և քննադատել են բուժման պրոտոկոլները[81]։
Մեծ Բրիտանիայի ինտերսեքս ասոցիացիան նույնպես խիստ քննադատել է «խանգարում» պիտակը և նշել, որ քննարկմանը ինտերսեքս մարդկանց ներկայացուցիչների նվազագույն ներգրավվածություն է եղել[82]։
Ավստրալիայում սոցիոլոգիական հետազոտությունները, որոնք հրապարակվել են 2016 թ-ին, պարզել են, որ հարցվածների 3%-ը օգտագործում են «սեռի զարգացման խանգարումներ» տերմինը՝ իրենց սեռի բնութագրերը սահմանելու համար, մինչդեռ 21%-ը օգտագործում է տերմինը բժշկական ծառայություններից օգտվելիս։ Ի հակադրություն, 60%-ը օգտագործում էր «ինտերսեքս» տերմինը իրենց սեռական հատկանիշները նկարագրելու համար[83]։ 2017-ին հրապարակված Չիկագոյի Լըրի մանկական հիվանդանոցի և AIS-DSD աջակցության խմբի կողմից իրականացված ԱՄՆ-ի հետազոտությունը պարզել է, որ «սեռի զարգացման խանգարումներ» տերմինը կարող է բացասաբար ազդել այցելույի խնամքի վրա, վիրավորել և հանգեցնել ավելի ցածր հաճախելիության բժշկական կենտրոն[17][70]։
ԼԳԲՏ և ԼԳԲՏԻ
Ինտերսեքսը նույնը չէ ինչ նույն սեռի նկատմամբ գրավչությունը։ Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ նույնասեռ գրավչություն են զգում ինտերսեքս մարդկանց միայն մի մասը[84] Ընթացիկ ուսումնասիրությունները վիճակագրական կապ ցույց չեն տալիս նաև գենետիկական ինտերսեքս հատկանշանների և տրանսգենդեր անձանց միջև[85][86][87][88]։ Հետևաբար մարդիկ կարող են միաժամանակ լինել երկուսն էլ՝ և՛ ինտերսեքս, և՛ տրանսգենդեր[89]։
2012 թ. Կլինիկական հետազոտության արդյունքում պարզվել է, որ ինտերսեքս վարիացիաներ ունեցողների 8,5%-20%-ն են գենդերային դիսֆորիա ունեցել[90]։
Լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանս և քւիր համայնքների հարաբերությունները ինտերսեքսի հետ բարդ են[91], բայց ինտերսեքս մարդկանց հաճախ ավելացնում են ԼԳԲՏ-ին ԼԳԲՏԻ համայնք ստեղծելու համար։ Էմի Կոյամա նկարագրում է, թե ինչպես ինտերսեքսի ընդգրկումը ԼԳԲՏԻ-ում կարող է ինտերսեքս մարդկանց իրավունքներին վերաբերող հատուկ հարցերի անտեսման պատճառ դառնալ, այդ թվում ստեղծելով կեղծ տպավորություն, «թե ինտերսեքս իրավունքները պաշտպանված են» ԼԳԲՏ անձանց պաշտպանող օրենքներով, և չընդունեն, որ շատ ինտերսեքս մարդիկ ԼԳԲՏ չեն[92]։ Ավստրալիայի միջազգային ինտերսեքս կազմակերպությունը ասում է, որ որոշ ինտերսեքս անհատներ նույն սեռի գրավչություն ունեն, իսկ ոմանք էլ հետերոսեքսուալ են, բայց «ԼԳԲՏԻ ակտիվիզմը պայքարել է այն մարդկանց իրավունքների համար, որոնք դուրս են սեռի և գենդերի երկբևեռ նորմերից»[93]։ SIPD Ուգանդա Ջուլիուս Կագվվան գրել է, որ, մինչ գեյ համայնքը «մեզ առաջարկում է հարաբերական անվտանգության տարածք, այն նաև անբարեխիղճ է մեր հատուկ կարիքների համար»[17]։ Մաուրո Կաբրալը գրել է, որ տրանսգենդեր մարդիկ և կազմակերպությունները «պետք է դադարեցնեն ինտերսեքս հարցերին մոտենալը, կարծես դրանք տրանս խնդիրներ լինեն», ներառյալ ինտերսեքսի օգտագործումը ՝ որպես տրանսգենդեր տերմինի բացատրելու միջոց. «մենք կարող ենք սերտորեն համագործակցել ինտերսեքս շարժման հետ` հասկացնելով, թե որքանով է սխալ այդ մոտեցումը »[94]։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.