Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ֆեոդոր Ֆեոդորովիչ Կնորե (ռուս.՝ Фёдор Фёдорович Кно́рре, ապրիլի 15, 1903[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - մայիսի 22, 1987[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային արձակագիր, դրամատուրգ, սցենարիստ, ռեժիսոր և դերասան։
Ֆեոդոր Կնորե | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 15, 1903[1] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | մայիսի 22, 1987[1] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, ռեժիսոր, կինոռեժիսոր, դրամատուրգ, կինոսցենարիստ, թատերական ռեժիսոր և դերասան |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Ֆեոդոր Կնորեն ծնվել է 1903 թվականի ապրիլի 2-ին (նոր տոմարով՝ ապրիլի 15) Սանկտ Պետերբուրգում, ինժեներ-կամրջաշինարար Ֆեոդոր Կնորեի (1865-1927?) ընտանիքում։ Ճարտարապետ և ինժեներ Ֆեոդոր Կնորեի թոռն է և աստղագետ Կարլ Կնորեի ծոռը[3]։
Տասնվեց տարեկանում կամավոր մեկնել է Կարմիր բանակ, մասնակցել Քաղաքացիական պատերազմին։ Ծառայել է Պետրոպավլովյան ամրոցում, Պետրուկրեպռայոնի շտաբում։ Ծառայության ընթացքում ընդունվել է ՀամԿ(բ)Կ։
1920-ական թվականների սկզբին սովորել է Պետրոգրադի «Էքստցենտրիկ դերասանի ֆաբրիկայում» (ռուս.՝ ФЭКС, ռուս.՝ «Фабрика эксцентрического актёра»): Ապա հանդես է եկել որպես կրկեսի արտիստ[4], գրել է կատակերգական սցենարներ, կրկեսային ռեպրիզներ։ Աշխատել է Լենինգրադի «Смена» թերթում և Մոսկվայի Ֆորեգարի թատերական արվեստանոցում (Мастфор), որտեղ եղել է ակրոբատիկայի հրահանգիչ։
1920-ական թվականների վերջից աշխատել է Լենինգրադի, ապա Մոսկվայի կենտրոնական Աշխատավոր երիտասարդության թատրոնում։
Հետագայում հիմնականում զբաղվել է գրական գործունեությամբ, գրել է պատմվածքներ, վիպակներ, պիեսներ, կինոսցենարներ։ 1941 թվականին դարձել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։
Լավ ծանոթ է եղել Լեոնիդ Տրաուբերգի, Վսևոլոդ Մեյերխոլդ, Սերգեյ Էյզենշտեյն, Միխայիլ Բուլգակով, Միխայիլ Ռոմ։
1930-ական թվականների վերջին Ֆեոդոր Կնորեն ամուսնացել է թատրոնի դերասանուհի Մարիա Բաբանովայի հետ[5]։ 1950-ական թվականներին բաժանվել է նրանից և ամուսնացել կինոդերասանուհի Լարիսա Եմելյանցևայի հետ[6]։
Ֆեդոր Կնորեն մահացել է 1987 թվականին Մոսկվայում, թաղվել է Վագանկովյան գերեզմանատանը[7]։
1924 թվականին Ֆեոդոր Կնորեն նկարահանվել է Էքստցենտրիկ դերասանի ֆաբրիկայի կինոարվեստանոցի «Օկտրյաբինայի արկածները» (ռուս.՝ «Похождения Октябрины») ֆիլմում՝ կատարելով ՄՕՊՌ-ի ներկայացուցչի դեր։
1930 թվականին Մոսկվայի կենտրոնական բանվոր երիտասարդության թատրոնում կատարել է իր «Տագնապ» (ռուս.՝ «Тревога») առաջին պիեսի բեմադրությունը[8]։ Ավելի ուշ գրել է «Մոսկովյան 10-10» (ռուս.՝ «Московский 10-10», 1933), «Հանդիպում մթության մեջ» (ռուս.՝ «Встреча в темноте», 1944) և «Երկու քույր» (ռուս.՝ «Две сестры», 1957) պիեսները, որոնք բեմադրվել են Մոկվայի Մոսսովետի անվան և Ե․ Վախթանգովի անվան թատրոններում։
Ֆեոդոր Կնորեն գրել է սցենարներ «Կործանիչներ» (ռուս.՝ «Истребители», 1939), «Ռոմանտիկներ» (ռուս.՝ «Романтики», 1941), «Մի անգամ գիշերով (Հարսնացուն)» (ռուս.՝ «Однажды ночью», 1944), «Ռիտա» (ռուս.՝ «Рита», 1957), «Փոթորկից հետո» (ռուս.՝ «После шторма», 1958), «Հարազատ արյուն» (ռուս.՝ «Родная кровь», 1963), «Աղի շուն» (ռուս.՝ «Солёный пёс», 1973) ֆիլմերի համար։ Եղել է «Փոթորկից հետո» ֆիլմի ռեժիսորներից մեկը (Էդուարդ Պենցլինի հետ միասին)։
1938 թվականին տպագրել է իր առաջին պատմվածքը՝ «Անհայտ ընկերը» (ռուս.՝ «Неизвестный товарищ»), որ նվիրված է քաղաքացիական պատերազմի ժամանակ խորհրդային ժողովրդի ցուցաբերած արիությանն ու տոկունությանը։ Ֆեոդոր Կնորեի այլ պատմվածքներ ու վիպակներ տպագրվել են բազմաթիվ ամսագրերում («Знамя», «Огонёк», «Октябрь», «Юность», «Работница», «Нева», «Наш современник», «Новый мир», «Дружба народов»), ինչպես նաև լույս են տեսել առանձին ժողովածուներով՝ «Քո մեծ ճակատագիրը» (ռուս.՝ «Твоя большая судьба», 1948), «Պատմվածքներ» (1953), «Հարազատ արյուն» (ռուս.՝ «Родная кровь», 1964), «Չոր տերևների շրշյուն» (ռուս.՝ «Шорох сухих листьев», 1969), «Քարե պսակ» (ռուս.՝ «Каменный венок», 1973)։ Գրողի միակ վեպը՝ «Ընդմիշտ» (ռուս.՝ «Навсегда», 1960), նվիրված է Հայրենական մեծ պատերազմի տարիներին լիտվացի պարտիզանների ու ընդհատակայինների պայքարին։
Գրել է մի քանի ստեղծագործություններ, որ միջանկյալ են վիպակ-հեքիաթի ու մանկական ֆանտաստիկայի միջև։ «Կապիտան Կրոկուս» վիպակ-հեքիաթում (ռուս.՝ «Капитан Крокус», 1967) պատմվում է մի քաղաքի մասին, որտեղ իշխանությունը գրավել է չարագործը (բանջարանոցային խրտվիլակ), որը նպատակ ունի նրա բոլոր բնակիչներին վերածել հնազանդ անմիտ մեխանիզմների (1991 թվականին վիպակն էկրանավորվել է)։ Մի շարք քննադատների կողմից վիպակը գնահատվել է որպես Յուրի Օլեշայի «Երեք հաստլիկների» նմանակում։ «Ասպետական հեքիաթ» (ռուս.՝ «Рыцарская сказка», 1979) ստեղծագործության մեջ օգտագործված է ասպետի ու վիշապի մասին ավանդական սյուժեն։ «Լալիի թղթե գրքերը» (ռուս.՝ «Бумажные книги Лали», 1983) ֆանտաստիկական վիպակում ներկայացվում է ուտոպիայից հեռու մոտ ապագայի մարդությունը, որը կանգնած է ոչնչացման վտանգի առաջ, եթե չընդունի հզոր, բայց անհոգի այլմոլորակայինների օգնությունը։
Ֆեոդոր Կնորեի շատ վիպակներ ու պատմվածքներ թարգմանվել են օտար լեզուներով, այդ թվում՝ բուլղարերեն, լեհերեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, բենգալերեն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.