Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ֆաթիմա Մուհամմադի դուստր (ոչ վաղ քան 604 և ոչ ուշ քան 604, Մեքքա, Հիջազ - դեկտեմբերի 14, 632, Մադինա, Հիջազ, Սաուդյան Արաբիա), առավել հայտնի է Ֆաթիմա ազ-Զահրա անունով։ Իսլամի մարգարե Մուհամմադի և Խադիջայի դուստրն է[8]։ Սուննի մուսուլմանները կարծում են, որ Ֆաթիման նրանց ամենաերիտասարդ դուստրն է, իսկ շիաները պնդում են, որ նա վերոնշյալ զույգի միակ կենսաբանական դուստրն է[9]։ Ֆաթիմայի ամուսինն Ալին էր՝ չորրորդ արդարակյաց խալիֆը, և շիա իսլամի առաջին իմամը։ Ֆաթիմայի երեխաներն են Հասանն ու Հուսեյինը՝ համապատասխանաբար երկրորդ և երրորդ շիա իմամները[10]։
Ֆաթիմա Զահրա արաբ․՝ فَاطِمَةُ الزَّهْرَاء | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան 604 և ոչ ուշ քան 604 |
Ծննդավայր | Մեքքա, Հիջազ |
Մահացել է | դեկտեմբերի 14, 632 (28 տարեկան) |
Մահվան վայր | Մադինա, Հիջազ, Սաուդյան Արաբիա |
Գերեզման | Ալ Բաքի |
Քաղաքացիություն | Ուղղահավատ խալիֆների պետություն |
Մայրենի լեզու | արաբերեն |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի |
Ամուսին | Ալի իբն Աբի Տալիբ[1][2][3] |
Ծնողներ | հայր՝ Մուհամմադ մարգարե[2][4], մայր՝ Խադիջա բինթ Խուվայլիդ[2][4] |
Երեխաներ | Ումմ Քուլսում բինթ Ալի[2], Զեյնաբ բինթ Ալի[2][5], ալ-Մուհսին իբն Ալի իբն Աբի Տալիբ[2], ալ-Հասան իբն Ալի[2][6] և ալ-Հուսեյն իբն Ալի[7][2] |
Fatima Վիքիպահեստում |
Ֆաթիման իսլամում ունի մի քանի գործառույթներ, ինչպես Մարիամ Աստվածածինը քրիստոնեության մեջ[11]։ Ֆաթիման Մուհամմադի կողմից հորջորջվել է որպես բոլոր ժամանակների նշանավոր կին և իր համար ամենահարազատ մարդ[12]։ Նա հաճախ դիտվում է որպես մուսուլման կանանց համար հիմնական արխետիպ, կարեկցանքի, առատաձեռնության և շարունակական տառապանքի օրինակ[13]։ Նրա անունը մեծ ժողովրդականություն է վայելում մուսուլմանական աշխարհում[14]։ Ֆաթիմայի շնորհիվ է, որ Մուհամմադի տոհմը շարունակում է գոյություն ունենալ մինչ օրս[15]։
Վարկածների համաձայն՝ մահացել է Մուհամմադից վեց ամիս անց[16]։ Սուննի իսլամում նշվում է, թե Ֆաթիման մահացել է վշտից[17]։ Շիա իսլամում Ֆաթիմայի մահվան պատճառ է համարվում առաջին խալիֆ Աբու Բաքրի հրամանով նրա տան վրա իրականացրած արշավանքը, որի արդյունքում նա վիրավորվել է[18]։ Ֆաթիման և նրան ամուսին Ալին հրաժարվել էին ճանաչել Աբու Բաքրի իշխանությունը։ Զույգն ու նրանց աջակիցները կարծում էին, որ Ալին Մուհամմադի ճշմարիտ իրավահաջորդն է, ով նշանակվել է Մուհամմադի կողմից Ղադիր Խումի արարողության ժամանակ[19]։
Ասում են, որ Ֆաթիմայի ցանկությունը մահից առաջ եղել է այն, որ Աբու Բաքրը ներկա չլինի իր թաղմանը[20]։ Նա թաղվել է մթության քողի տակ, և նրա գերեզմանը մինչ օրս անհայտ է[21]։
Ֆաթիման ունի մի քանի կոչումներ և կունյաներ (անուններ), որոնք հաճախ նշանավորում են նրա բարոյականությունը. դրանք հիմնականում հավաքվել են շիական աղբյուրներից։ Նրա ամենատարածված անունը ազ-Զահրա է, որը նշանակում է «մեկն, ով փայլում է»՝ նկատի ունենալով, թե ինչպես էր նա փայլում երկնքի բնակիչների համար, երբ աղոթում էր[22]։ Ալ-Շիդդիքան մեկ այլ անվանում է, որը նշանակում է «մեկն, ով երբեք չի ստում»[14]։ Ալ-Թահիրան, ըստ մուսուլմանների սուրբ գրքի՝ Ղուրանի, վերաբերում է Մուհամմադի ընտանիքի աստվածային մաքրագործմանը[23][24]։ Մեկ այլ անվանումը ալ-Մուհադիթա է՝ հաշվի առնելով շիաների հաղորդումները, որ հրեշտակները բազմաթիվ առիթներով խոսել են Ֆաթիմայի հետ, ինչպես Մարիամի[25][26]։ Ֆաթիմա անունը կարող է նշանակել նաև, որ նա հետագայում կփրկի նրանց, ովքեր կյանքում կհետևեն իր օրինակին[27] Ֆաթիմային տրված մի քանի անվանումներից են՝
Ֆաթիման ծնվել է Մեքքայում Մուհամմադի առաջին կին Խադիջայից[8]։ Նրա ծննդյան թվականի հետ կապված տարաձայնություններ կան։ Սուննիների մեծամասնությունը կարծում են, որ Ֆաթիման ծնվել է 605 թվականին, երբ Խադիջան եղել է 50 տարեկան, այսինքն՝ առաջին ղուրանական հայտնությունից հինգ տարի առաջ[31]։ Սա կնշանակեր, որ նա 18 տարեկանից անց է եղել իր ամուսնության ժամանակ, որն անսովոր երևույթ էր Արաբիայում[32]։ Շիական աղբյուրներում, այնուամենայնիվ, նշվում է, որ Ֆաթիման ծնվել է 612 կամ 615 թվականին, երբ Խադիջան 45 տարեկան էր[33]։ Սուննի հեղինակներից Տաբարիի և Իբն Հաջար ալ-Ասքալանիի հաղորդմամբ Ֆաթիման ծնվել է, երբ Մուհամմադը 35 տարեկան էր[34]։
Սուննի մուսուլմանների հավաստմամբ՝ Ֆաթիման ուներ 3 քույր՝ Զեյնաբը, Ումմ Քուլթումը, Ռուկայյան[35]։ Այնուամենայնիվ, որոշ շիա գիտնականներ պնդում են, որ նշված երեքը Հալայի՝ Խադիջայի քրոջ դուստրերն են, որոնց Մուհամմադը որդեգրել էր իր մահից առաջ։ Ֆաթիման ուներ նաև երեք եղբայր՝ Քասիմը, Աբդալլահը և Իբրահիմը. նրանք բոլորն էլ մահացել են մանուկ հասակում[36]։
Ֆաթիման ծնվել է Մեքքայում, երբ դեռ Մուհամմադը և իր հետևորդները դաժան վերաբերմունքի էին արժանանում անհավատների կողմից[37]։ Մի անգամ նա օգնել է հորը, երբ անհավատները շրջապատել էին Մուհամմադին, վերջինիս հորեղբայր և հաստատակամ հեթանոս Աբու Լահաբի դրդմամբ[38]։ Ֆաթիման մանուկ հասակում կորցրել է մորը՝ Խադիջային[39]։ Երբ Խադիջան մահացավ, Գաբրիել հրեշտակը երևաց Մուհամմադին՝ Ֆաթիմային մխիթարելու ուղերձով[40]։
Մուհամմադի ուղեկիցներից շատերն են խնդրել Ֆաթիմայիի ձեռքը, ինչպես օրինակ Աբու Բաքրը և Օմար իբն ալ-Խատտաբը[41] Մուհամմադը մերժել է նրանց՝ ասելով, որ սպասում է աստվածային նշանի իր դստեր ճակատագրի համար[42]։ Երբ Մուհամմադի զարմիկը՝ Ալին այցելեց Մուհամմադին, համեստությունը թույլ չտվեց նրան հայտնել Ֆաթիմայի հետ ամուսնանալու իր մտադրության մասին[43]։ Այն բանից հետո, երբ Ալին վերջապես բացահայտեց իր մտադրությունը երրորդ այցի ժամանակ, Մուհամմադն այն հայտնեց Ֆաթիմային, որը պատասխանեց լռությամբ[44]։ Մուհամմադը դա ընդունեց որպես համաձայնություն[45]։ Նա նույնիսկ Ալիին առաջարկեց վաճառել իր վահանը իսլամական մահրի կամ հարսանեկան նվերի համար[46]։ Բողոքներին Մուհամմադն արձագանքում էր հետևյալ կերպ. «Աստված է ինձ հրամայել Ֆաթիմային ամուսնացնել Ալիի հետ»[47]։ Իսկ Ֆաթիմային հավաստիացնում էր, որ կնության է տվել իր ընտանիքից իր համար ամենաթանկ մարդուն[48][49]։
Նրանց համեստ հարսանիքը տեղի է ունեցել իսլամական օրացույցի առաջին կամ երկրորդ տարում[50]։ Ֆաթիման այդ ժամանակ 9 կամ 19 տարեկան էր, համաձայն համապատասխանաբար շիական և սուննի աղբյուրների[51]։ Ալին 22 տարեկան էր[52]։ Հարկ է նշել, որ վաղ ամուսնությունները գնահատվել են և լայնորեն տարածված էին այդ դարաշրջանի Արաբիայում՝ որպես մաքրությունն և բարոյականությունը խրախուսելու միջոց[53]։ Մուհամմադը կազմակերպեց հարսանեկան արարողությունը, և նրանք արմավով, թուզով, գառով և այլ նվիրատվություններ կատարեցին մադինայացիներին[54]։ Զույգը տեղափոխվեց ապրելու Մադինայում Մուհամմադի կալվածծքներին մոտ գտնվող տանը[55]։ Շիական աղբյուրները հայտնում են, որ Ֆաթիման նվիրաբերել է իր հարսանեկան զգեստը հենց ամուսնության առաջին գիշերը[56]։
Համաձայն Հուսեյն Նասրի՝ նրանց ամուսնությունը մուսուլմանների համար հոգևոր յուրահատուկ նշանակություն ունի, քանի որ դա Մուհամմադին շրջապատող երկու սուրբ անձանց ամուսնությունն է[57]։ Նրանք միասին ապրել են տասը տարի՝ մինչև Ֆաթիմայի մահը։ Չնայած պոլիգամիան թույլատրված էր իսլամում՝ Ալին Ֆաթիմայի կենդանության օրոք այլ կնոջ հետ չի ամուսնացել[58]։
Ալին և Ֆաթիման ապրել են համեստ կյանքով[59]։ Ինչպես մուսուլմանների մեծամասնությունը՝ իսլամի առաջին տարիներին զույգը նույնպես կրել է ֆինանսական դժվարություններ[60]։ Ալին տարբեր աշխատանքներ էր կատարում, իսկ Ֆաթիման զբաղվում էր տնային գործերով[61]։ Նրանց պարզ կյանքի հիշատակումը կապված է Ֆաթիմայի Թասբիհի հետ, որտեղ հանդիպում ենք «Աստված ամենազոր է», «Փառք Աստծուն» արտահայտությունները[62]։ Հաղորդվում է, որ երբ Ֆաթիման գերծանրաբեռնված էր իր չորս փոքր երեխաների խնամքով և տնային գործերով, Մուհամմադը նրան սովորեցնում է այդ թասբիհը, քանի որ նրանք չէին կարող սպասուհի վարձել[63]։ Նրանց ֆինանսական վիճակը բարելավվեց միայն Խայբարի ճակատամարտից հետո, երբ ավարը բաժանվեց աղքատների միջև[64][65]։ Ավելի ուշ Ֆաթիման ունեցավ սպասուհի Ֆիդդա անունով, որի հետ կիսում էին տնային գործերը[44][66]։
Աղբյուրները հավաստիացնում են, որ Ֆաթիման ունեցել է երջանիկ ամուսնական կյանք, որը շարունակվել է մինչև իր մահը՝ իսլամական օրացույցի 11-րդ տարում[56]։ Անդրադառնալով Ֆաթիմայի հետ ամուսնական կյանքին՝ Ալին ասել է. «Երբ ես նայում եմ նրան իմ ողջ տխրությունն ու անհանգստությունը վերանում է»[56]։
Ուհուդի ճակատամարտից հետո Ֆաթիման խնամում էր իր հոր և ամուսնու վերքերը և պարբերաբար այցելում էր ճակատամարտում զոհվածների շիրիմներին՝ աղոթելու նրանց համար[67]։ Հետագայում՝ Հուդայբիյայի պայմանագրի ժամանակ, Ֆաթիման հանդես է եկել որպես միջնորդ Աբու Սուֆյան իբն Հարբի և Մուհամմադի միջև[68]։ Ֆաթիման նաև ուղեկցում էր Մուհամմադին Մեքքայի նվաճման ժամանակ[17]։
Մուհամմադը մահացավ կարճատև հիվանդությունից իսլամական օրացույցի տասնմեկերորդ տարում։ Այդ ժամանակ Ֆաթիման գտնվում էր հոգեկան ծանր վիճակում[69]։ Պահպանվել են մի քանի էլեգիաներ նվիրված Մուհամմադին, որոնք վերագրվում են Ֆաթիմային[70]։ Միևնույն ժամանակ, Ֆաթիման նաև շարունակում էր վիճարկել Աբու Բաքրի իրավահաջորդությունը և պնդում էր, որ Ալին է Մուհամմադի իրավահաջորդը և նշանակվել է Ղադիր Խումմի ժամանակ[71]։ Ֆաթիման մահացել է հորից վեց ամիս անց[72]։ Նրա մահը երիտասարդ տարիքում բուռն վեճերի առարկա է դարձել, և դրանում մեղադրվում են Աբու Բաքրն ու նրա զինակից Օմար իբն ալ-Խատտաբը[73]։ Ֆաթիմայի կոնֆլիկտը Աբու Բաքրի հետ և նրա մահը ներկայացված են ստորև։
Ֆադակը երկօրյա ճանապարհի հեռավորության վրա, Մադինայից հյուսիս ընկած գյուղ էր[74]։ Հրեական ցեղի հետ կնքած խաղաղության պայմանագրի շրջանակներում Ֆադակի գյուղատնտեսական նշանակության հողերի կեսը համարվում էր «ֆեյ», այսինքն՝ խաղաղ ճանապարհով ձեռք բերված սեփականություն[75]։ Ղուրանի ուսմունքի համաձայն Ֆադակը պատկանում էր Մուհամմադին[75][76]։ Ավելի ուշ Մուհամմադը Ֆադակի իր բաժինը նվիրեց իր դստերը՝ Ֆաթիմային[77]։Ֆադակը Ֆաթիմայի խնամակալության տակ էր Մուհամմադի կենդանության օրոք, և նրանից ստացված եկամուտը նպաստում էր բարեգործություններին Մուհամմադի Բանու Հաշիմ ցեղի ներսում, քանի որ նրանց արգելված էր ընդհանուր ողորմություն ստանալ[78]։
Մուհամմադի մահից և իշխանության գալուց հետո Աբու Բաքրը Ֆադակը վերցնում է Ֆաթիմայից[79]։ Աբու Բաքրը դա արեց հիմնվելով այն պնդման վրա, որ Մուհամմադն անձամբ էր իրեն ասել, թե մարգարեները ժառանգություն չեն թողնում, իսկ այն, ինչ նրանք թողնում են, հանրային սեփականություն է, որը պետք է կառավարվի խալիֆայության կողմից[80]։ Մուհամմադն այսպիսով իբր զրկել էր իր ընտանիքին արտոնություններից[81]։ Աբու Բաքրը եղել է այս հայտարարության միակ վկան, որի մասին նշվում է Մուհամմադի ժառանգության մասին հադիսում[82]։
Մուհամմեդի այրիները հաստատեցին Աբու Բաքրի հայտարարությունը՝ հուսալով Ֆաթիմայից բարձր գնահատվել[83]։ Անգլոամերիկացի գրող Լեսլի Հազլիտոնը վկայում է. «Նույնիսկ Ֆաթիմային ունեզրկելուց հետո, Աբու Բաքրը նպատակադրված էր առատաձեռնորեն ապահովել Մուհամմադի այրիներին և հատկապես դստերը՝ Աիշային։ Վերջինս արժեքավոր ունեցվածք ստացավ Մադինայում, ինչպես նաև Արաբական թերակղզու մյուս շրջանում՝ Բահրեյնում»[84]։
Արձագանքելով այն առարկությանը, որ Ֆադակը, ըստ էության, նվեր է Մուհամմադից՝ Աբու Բաքրը, ըստ հաղորդման, խնդրել է Ֆաթիմային ներկայացնել իր վկաներին[85]։ Որպես իր վկաներ Ֆաթիման առաջարկել է իր ամուսնուն՝ Ալիին և Մուհամմադի տան աղախինին՝ Ումմ Այմանին[85]։ Նրանց ցուցմունքը մերժվեց Աբու Բաքրի կողմից, ով Ֆաթիմայից պահանջեց լրացուցիչ վկայություն բերել[85]։ Ենթադրվում է, որ Ֆաթիման ակնկալում էր, որ իր ազգակցական կապը Մուհամմադի հետ կազդեր իր գործի դրական ընթացքի վրա[86][87]։
Ֆաթիման, ով Աբու Բաքրի պնդումը կեղծ էր համարում, նույնպես ի նշան բողոքի ելույթ ունեցավ Մարգարեի մզկիթում, որը հայտնի է դարձել որպես Ֆադակի քարոզ[88]։ Իր խոսքում Ֆաթիման կշտամբեց Աբու Բաքրին իր ժառանգության իրավունքը մերժելու համար և մեջբերեց Ղուրանից, որ Սողոմոնը ժառանգել էր իր հորից՝ Դավթից, և որ Զաքարիան աղոթել էր որդու համար, ով ժառանգություն կստանա նրանից և Հակոբի տնից[89][90][91] Ֆաթիման այստեղ ընդգծեց յուրաքանչյուր մուսուլմանի՝ իր ծնողներից ժառանգություն ստանալու իրավունքը[92][93][94]։
Աբու Բաքրի գործողությունները հաճախ դիտվում են որպես քաղաքական քայլ՝ Մուհամմադի ցեղին՝ Բանու Հաշիմին, ֆինանսական ռեսուրսներից, իսկ Ալիին և Ֆաթիմայի Մուհամմադի ազգականների արտոնյալ կարգավիճակից զրկելու համար[95]։ Ըստ Ռ.Ասլանի՝ իր կարճատև կառավարման ընթացքում «Աբու Բաքրը կարծես ամեն ինչ արեց, որպեսզի Ալիին թույլ չտա ումմայում (այսինքն՝ մուսուլմանական համայնքում) երբևէ հեղինակավոր դիրքի հասնել»[96]։Սա մասամբ բացատրվում է Աբու Բաքրի այն համոզմամբ, որ խալիֆայությունը պետք է տարածվի նաև Մուհամմադի տոհմից դուրս, և մասամբ բացատրվում է նաև Աբու Բաքրի և Ալիի միջև անձնական թշնամությամբ[97]։ Միևնույն ժամանակ, Աբու Բաքրը, պահպանելով իրենց կարգավիճակը, կարծես մուսուլմանական համայնքում ազդարարեց, որ իր դուստրը՝ Աիշան, և Մուհամմադի մնացած կանայք վերջինիս իրական ժառանգորդներն են[98]։
Ենթադրվում է, որ Աբու Բաքրի կառավարումն ի սկզբանե հակասում էր Մուհամմադի ընտանիքի արտոնյալ կարգավիճակի պահպանմանը[99]։ Մարգարեի հաջորդների ընտրությունը մի հարց է, որը լուծվում է Ղուրանում աստվածային ընտրությամբ, այլ ոչ թե շուրայով (խորհրդակցությամբ)[100]։ Մասնավորապես, Աստված ընտրում է անցյալի մարգարեների իրավահաջորդներին իրենց ընտանիքից՝ անկախ նրանից, թե այդ իրավահաջորդներն իրենք մարգարեներ կդառնան, թե ոչ[101]։ Եթե Աբու Բաքրը պետք է կիրառեր Ղուրանի ժառանգության կանոնները Բանու Հաշիմի նկատմամբ, ապա ինչո՞ւ նրանք ընդհանրապես չպետք է ժառանգեին Մուհամմադի իշխանությունը[102]։
Ֆադակի բռնագրավումից հետո Ֆաթիմայի և Աբու Բաքրի հարաբերությունները լարված մնացին մինչև իր մահը՝ Ֆադակի քարոզից շատ չանցած[103]։ Կան տեղեկություններ, որ Աբու Բաքրը և նրա օգնական Օմարը այցելել են Ֆաթիմային մահվան մահճում ներողություն խնդրելու համար, ինչը, ըստ գերմանացի իսլամագետ Մադելունգի, կարող է պատճառ համարվել Աբու Բաքրին «քաղաքական մեքենայությունների և դավաճանության մեջ» մեղադրելու համար[104]։ Ինչպես հաղորդում է «ալ-Իմամա վա ալ-Սիյասա» աշխատությունը, այդ այցի ժամանակ Ֆաթիման երկուսին հիշեցրեց Մուհամմադի խոսքերը, որ «Ֆաթիման իմ մի մասն է, և ով զայրացրել է նրան, բարկացրել է ինձ»[105]։ Մահամերձ Ֆաթիման նաև ասաց, որ նրանք իսկապես զայրացրել են իրեն և որ նա շուտով իր բողոքը կտանի Աստծուն և Նրա մարգարեին՝ Մուհամմադին[106]։ Ենթադրվում է, որ Ֆաթիմայի զայրույթը և կշտամբանքները հիմք են հանդիսացել տարբեր պատմությունների հորինման համար Աբու Բաքրի և Օմարի հետ Ֆաթիմայի հաշտեցման մասին[107]։
Նրա խոսքի պերճախոսությունը, երիտասարդ Ֆաթիմայի ակտիվ մասնակցությունը հասարակական կյանքում և արդարության ձգտումն իր ժամանակի նահապետական հասարակության մեջ բարձր են գնահատվել[108]։
Ֆաթիման մահացավ հիջայի տասնմեկերորդ թվականին՝ Մուհամմադի մահից վեց ամիս հետո[72]։ Համաձայն շիա և սուննի աղբյուրների, նա այդ ժամանակ համապատասխանաբար 18 կամ 27 տարեկան էր[35]։ Նրա մահվան ճշգրիտ ամսաթիվը անորոշ է սուննի աղբյուրներում, սակայն շիաների մոտ գերակշռող տեսակետն այն է, որ Ֆաթիման մահացել է Ջումադա (հունիս) ամսի երրորդ օրը[109]։
Սուննիների տեսակետն այն է, որ Ֆաթիման մահացել է վշտից՝ Մուհամմադի մահից հետո[110]։ Շիա իսլամը, սակայն, գտնում է, որ Ֆաթիմայի վնասվածքները Օմարի արշավանքի ժամանակ ուղղակիորեն նպաստել են և պատճառ են հանդիսացել նրա մահվան[111]։
Հինգերորդ շիա իմամ՝ Մուհամմադ ալ-Բաքիրի մի հադիսում ասվում է, որ «այն ամենն, ինչ նրան արել են մարդիկ», պատճառ է դարձել, որ Ֆաթիման գամված էր անկողնուն. նա այնքան էր նվաղել, մինչև դարձավ ուրվականի պես[112]։ Հատկանշական է, որ այս հադիսը պարունակում է թաքնված հղում այն վնասվածքներին, որոնք Ֆաթիման ստացել է Օմարի կողմից իր տան վրա ենթադրյալ արշավանքի ժամանակ[105][106][107][112]։
Լավ նկարագրված է մահամերձ Ֆաթիմայի ցանկությունը, որ Աբու Բաքրն ու Օմարը չմասնակցեն նրա թաղմանը։ Նա խնդրել է Ալիին իրեն թաղել գիշերը, որտեղ ներկա են եղել միայն ընտանիքի անդամներն ու մտերիմները[113]։ Ֆաթիմայի վերջին ցանկությունը հակասում է մուսուլմանների՝ թաղման արարողություններին մասնակցելու սովորությանը[114]։ Շիա աղբյուրներում Ֆաթիմայի՝ գաղտնի թաղման ցանկությունը դիտվում է որպես մուսուլմանական համայնքից Մուհամմադի դստեր անջատման նշան, որն ընդհանուր առմամբ չի կարողացել որևէ դեր խաղալ Աբու Բաքրի և Օմարի դեմ[115]։
Ալին թաղեց Ֆաթիմային գաղտնի և խավարի քողի տակ, որպեսզի կատարի նրա վերջին ցանկությունը[113]։ Նրա հետ էին նրա ընտանիքը և մտերիմ ընկերներից մի քանիսը[44]։ Շիա աղբյուրներում ակնարկներ կան Ալիի և նրանց փոքր երեխաների, այդ թվում՝ Հուսեյնի անսահման ցավի մասին[116]։ Ըստ Հուսեյնին վերագրվող մի հաղորդագրության՝ Ալին լաց է եղել, երբ ավարտում էր իր կնոջ գերեզմանի կառուցումը[117]։ Նա շրջվել է դեպի Մուհամմադի գերեզմանը և ասել.
Ով Աստծո մարգարե, խաղաղություն լինի քեզ վրա ինձանից և քո դստեր կողմից, ով շտապեց հանդիպել քեզ և այժմ քո մերձավորն է։ Իմ համբերությունն ու տոկունությունը տեղի են տալիս այս կորստի պատճառով, մինչդեռ ես պայքարում եմ ձեր բաժանման ողբերգության դեմ։ Իսկապես մենք Աստծունն ենք և Նրա մոտ ենք վերադառնում։ Իմ վիշտը սահմաններ չունի, և իմ գիշերները կմնան անքուն, մինչև ես չմիանամ քեզ հանդերձյալ կյանքում։ Հիմա քո դուստրը կպատմի, թե ինչպես էին մարդիկ միավորվել իրեն ճնշելու համար[118]։ |
Ֆաթիմայի թաղման ճշգրիտ վայրը մնում է անհայտ՝ ի տարբերություն վաղ իսլամական այլ գործիչների[119]։ Այնուամենայնիվ, հավանական է, որ Ֆաթիման թաղված է եղել կամ իր տանը՝ հոր գերեզմանից մի քանի ոտնաչափ հեռավորության վրա, կամ էլ Մադինայի ալ-Բաքի գերեզմանատանը[120]։
Վաղ իսլամական կառավարիչների թշնամանքը Մուհամմադի ընտանիքի նկատմամբ, հավանաբար, ստիպել է նրանց հաջորդներին թաքցնել Ֆաթիմայի թաղման իրական վայրը։ Հայտնի է, որ Ալ-Մութավաքքիլը ավերել է Ֆաթիմայի որդու՝ Հուսեյնի սրբավայրը հիջրայի երրորդ դարում[121]։ Վերջերս՝ 1802 թվականին, վահաբականները ջարդեցին Ալիի և Հուսեյնի սրբավայրերը և կոտորեցին հազարավոր ուխտավորների[122]։ Շիա աղբյուրները հայտնում են, որ երբ Օմարն իմանում է Ֆաթիմայի գաղտնի թաղման մասին, սպառնում է գտնել և դուրս հանել նրա թաղված մարմինը[123]։ Ըստ շիա աղբյուրների, Օմարին այս քայլից հետ է պահում Ալիի նախազգուշացումը. «Աստծված վկա, քանի դեռ ես ողջ եմ և Զուլֆիկարը (Ալիի վահանը) իմ ձեռքերում է, Դուք չեք հասնի նրան, և Դուք ամենից լավ գիտեք,որ պետք է չանեք դա»[123]։ Ենթադրվում է, որ Ֆաթիմայի կորուստն այնքան ծանր էր, որ Ալին առաջին անգամ սպառնաց Օմարին բռնությամբ և զենքով՝ չնայած նրա նախկինում ցուցաբերած զսպվածության[124]։
Ֆաթիման ունեցել է երկու որդի՝ Հասանը և Հուսեյնը և երկու դուստր՝ Զեյնաբը և Ումմ Կուլսումը[45]։ Կասկածներ կան նրա երրորդ որդու՝ Մուհսին իբն Ալիի շուրջ։ Շիաները կարծում են, որ Մուհսինը մահացել է վիժումից հետո, երբ Օմարը ներխուժել է Ֆաթիմայի տուն, մինչդեռ սուննիները պնդում են, որ Մուհսինը մահացել է մանկության տարիներին այլ պատճառներից[125]։ Ֆաթիմայի միջոցով և շնորհիվ է, որ Մուհամմադի սերունդները տարածվել են ողջ իսլամական աշխարհում։ Ֆաթիմայի հետնորդներին տրվում են սայիդ (նշանակում է տեր կամ սըր) կամ շերիֆ (նշանակում է ազնիվ) պատվավոր տիտղոսներ։ Նրանք հարգված են և՛ սուննիների և՛ շիաների կողմից[126]։
Քանի որ Մուհամմադի անսխալականության գաղափարը տարածված է տարբեր մուսուլմանական աղանդների մեջ, նրա խոսքերն ու գործերը կարող են պատուհան դառնալ Ֆաթիմայի կերպարի բացահայտման համար[127][128]։
Մուհամմադի խոստովանությամբ Ֆաթիման իր համար ամենաթանկ մարդն էր և «իր մի մասնիկը»[129]։ Մուհամմադը Ֆաթիմային համարում էր բոլոր ժամանակների նշանավոր կինը և ուղղակիորեն կապում էր Ֆաթիմայի զայրույթն ու համակրանքը Աստծո զայրույթի և հավանության հետ[130]։ Ամեն անգամ, երբ Ֆաթիման գալիս էր, Մուհամմադը կանգնում էր, ողջունում նրան և խնդրում, որ նստի իր կողքին[131]։ Մադինայից հեռանալիս Ֆաթիման վերջին մարդն էր, ում Մուհամմադը հրաժեշտ տվեց. նա առաջինն էր նաև, որ այցելեց նրան վերադառնալու ժամանակ[132]։
Նա բնավորությամբ նման է եղել Մուհամմադին[133]։ Մուհամմադը հավատում էր, որ Ֆաթիման առաջին մարդն էր, ով մտավ Դրախտ, ինչպես Մարիամի դեպքում էր։ Նա բարեխոս միջնորդ էր բոլոր նրանց համար, ովքեր հարգում էին իրեն և իր սերունդներին[134]։
Թեև Ֆաթիման հաճախ հարգվում է որպես մուսուլման կանանց գերագույն արխետիպ, նա նաև ժամանակակից մշակույթում և աշխարհում ճանաչում է ձեռք բերել որպես ազատասեր կնոջ և ճնշվածների պաշտպանի խորհրդանիշ[135]։ Փիլիսոփա Ալի Շարիաթին իր գրքում ներկայացնում է Ֆաթիմային որպես «պատասխանատու, մարտնչող կնոջ խորհրդանիշ, երբ առերեսվում էր իր ժամանակի բարքերին և հասարակության ճակատագրին»[136]։ Ֆաթիման նաև բոլոր մուսուլմանների, մասնավորապես, շիաների կողմից հարգվում է իր կարեկցանքի, առատաձեռնության և տառապանքների համար[137]։
Առաջին գեղարվեստական ֆիլմը, որն անդրադառնում է Ֆաթիմայի կյանքին իսլամի մարգարե Մուհամմադի ժամանակաշրջանում և դրանից հետո, կոչվում է «Երկնքի տիկինը»։ Թողարկվել է 2020 թվականին Միացյալ Թագավորության կողմից[138]։ Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին[139]։
Իրանցիները նշում են Ֆաթիմայի ծննդյան տարեդարձը Ջումադա ալ-Թանիի ամսվա 20-ին՝ որպես Մայրության օր[140][141]։ Այս օրը «Օ՛, Ֆաթիմա» գրությամբ պաստառներ են ցուցադրվում կառավարական շենքերի, մասնավոր շենքերի, փողոցների և մեքենաների պատուհանների վրա[142]։ Գրիգորյան տոմարով այս ամսաթիվը փոխվում է ամեն տարի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.