Տաճարաբակ, հնագիտական հուշարձան միջնադարյան Տաճարաբակ բնակավայրում, այժմյան Հայաստանի Աբովյանի շրջանի Զորաղբյուր գյուղում։ Գյուղի հյուսիսարևմտյան մասում և գյուղից դուրս բացվել է ուշ բրոնզի դարի (մ. թ. ա. 2-րդ հազարամյակ) դամբարանադաշտ։ Դամբարանները խոշոր սալերով շարված քարարկղեր են, որոնց մեջ հայտնաբերվել են բրոնզե դաշույններ, ճարմանդներ, խեցանոթներ (պահպանվում են Էրեբունի թանգարանում)։ Գյուղի հյուսիսարևելյան մասում գտնվող բլրի վրա բացվել է մի բնակատեղի, ուր կյանքը հարատևել է մ. թ. ա. 6-րդ դարից մինչև վաղ միջնադար։ Առավել լավ են պահպանվել հելլենիստական ժամանակաշրջանի շերտերը (մ. թ. ա. 2-1-ին դարերում)։ Բլրի արևելյան մասում պեղվել է ուղղանկյուն հիմքով քարաշեն մի սենյակ, որտեղից գտնվել են աղորիքներ, խեցանոթների (այդ թվում՝ բազմագույն) բեկորներ։ Հելլենիստական շերտից ի հայտ են եկել գորշ կամ շագանակագույն անգորով պատված, հղկմամբ զարդարված կավանոթներ։ Խարամի մնացորդները թույլ են տալիս ենթադրել, որ հնում այստեղ գոյություն են ունեցել արտադրական արհեստանոցներ։ Գյուղի հարավարևելյան ծայրամասում գտնվող խաչքարերի բեկորներից կարելի է եզրակացնել, որ կյանքն այստեղ շարունակվել է նաև զարգացած միջնադարում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 554)։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.