Վերին Ոսկեպար
բնակավայր From Wikipedia, the free encyclopedia
բնակավայր From Wikipedia, the free encyclopedia
Վերին Ոսկեպար, նախկին բնակավայր Հայաստանի Տավուշի մարզի արևելքում[1][2]։ Մինչև 19-րդ դարը բնակեցված է եղել հայերով, իսկ դրանից հետո՝ մինչև ԽՍՀՄ փլուզումը՝ թուրքերով։ Հարուստ է վաղ միջնադարյան և միջնադարյան հայկական պատմամշակութային հուշարձաններով[1][3]։
Գյուղ | ||
---|---|---|
Վերին Ոսկեպար | ||
Վերին Ոսկեպարից տեսարան դեպի Գավազան լեռ | ||
Երկիր | Հայաստան | |
Մակերես | 8,6 կմ² | |
ԲԾՄ | 864 մետր | |
Բնակչություն | 0 մարդ | |
| ||
Վերին Ոսկեպարի տարածքը պատմամշակութային առումով անմիջականորեն կապված է Ոսկեպար գյուղի հետ[4]։
2023 թվականի մայիսի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վերին Ոսկեպարը ճանաչել է Ադրբեջանի Հանրապետության մաս[5]։
Բնակավայրը հայտնի է տարբեր անուններով։ Գյուղի հայկական անունը Վերին Ոսկեպար է, իսկ ադրբեջանականը՝ Յուխարի Ասկիփարա (ադրբ.՝ Yuxarı Əskipara), ինչը հայերեն անվան մասամբ թարգմանված և աղավաղված ձևն է։ Հնում այն հայտնի է եղել նաև Հին Ոսկեպար անունով։ Ադրբեջանցի հեղինակ Իզմայլովան իր հեղինակած գրքում Հին Ոսկեպար անվան ծագումը բացատրում է հետևյալ կերպ՝ «Գյուղը կոչվել է Հին Ոսկեպար, քանի որ այդ տարածքում կային ավերակներ»[6]։ Հավանաբար ավերակներ ասելով Իզմայլովան նկատի ունի բնակավայրի տարածքում առկա պատմամշակութային հուշարձանները։
Աշխարհագրորեն նախկին բնակավայրը գտնվում է Ոսկեպար գետի ձախ ափին և ծովի մակերևույթից բարձր է 780-850 մ[1]։ Վերին Ոսկեպարի տարածքը արևելքում սահմանակից է Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղին, հյուսիս-արևելքում՝ Բաղանիս գյուղին, հյուսիսում՝ Ջուջևան գյուղին, հարավ-արևելքում՝ Աճարկուտ գյուղին, իսկ արևմուտքում և հյուսիս-արևմուտքում գրեթե սահմանակից է Լոռու մարզի Ալավերդի համայնքին[7]։
Հայաստանի խորհրդայնացվելու ժամանակ գյուղը գտնվել է Հայաստանի կազմում։ 1928 թվականի քարտեզով այն պատկանել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը[8]։ Ավելի ուշ, ԽՍՀՄ ներքին որոշմամբ այն ներառվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում։ Գյուղը Ադրբեջանական ԽՍՀ-ի անկլավ էր Խորհրդային Հայաստանի տարածքում։ ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1991-1994 թվականների Արցախյան պատերազմի ընթացքում, այն ընդգրկվեց Հայաստանի տարածքում։ Համաձայն Հայաստանի վարչատարածքային բաժանման՝ այն գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում[9], իսկ ըստ Ադրբեջանի վարչատարածքային բաժանման՝ այն տեղակայված է Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանում[10]։
2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրի նախնական տարբերակում նշված էր, որ բացի Արցախի Հանրապետության մի շարք շրջաններից, նաև պետք է Տավուշի և Արարատի մարզերի մաս կազմող Խորհրդային Ադրբեջանի անկլավները հանձնվեն Ադրբեջանի Հանրապետությանը։ Հետագայում անկլավների վերաբերյալ կետը հանվեց համաձայնագրից, սակայն այդ մասին տարբեր հարթակներում խոսակցությունները շարունակվեցին[11]։
2020 թվականի նոյեմբերի վերջերին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հերքեց այդ լուրերը՝ ասելով որ Տավուշի մարզից որևէ տարածք չի հանձնվելու Ադրբեջանին[11]։ Հետագայում Հայկ Չոբանյանը կրկին հերքեց այդ տարածքների հանձնման լուրերը՝ ասելով որ «Ընդդիմություն լինեն, արկածախնդիր լինեն, իշխանություն լինեն, ադրբեջանցի թե թուրք՝ հիմա թե երբևէ կսատկացնենք, բայց թույլ չենք տա Տավուշի սահմանները սակարկեն»[12]։
Իշխանական «Իմ քայլ» խմբակցությունից Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Վահե Ղալումյանը 2021 թվականի հունիսին հաստատել էր, որ պետք է ստեղծվի սահմանային հարցերը կարգավորող հանձնաժողով։ Անդրադառնալով լրագրողի հարցին՝ նա ասել էր, որ «Տավուշում Տավուշի մարզում և՛ ադրբեջանական հողեր կան, որ գտնվում են մեր վերահսկողության տակ, եև՛ կան հայկական տարածքներ»[13]։ Մասնավորեցնելով թե որոնք են ադրբեջանական հողեր, նա նշել է՝ «Անկլավները։ Գյուղերի անուններն են՝ Բարխուդարլու, Խեյրիմլի, Սոֆուլու, Ոսկեպար»[13]։
2023 թվականի մայիսի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարել է, որ ինքը Վերին Ոսկեպարը ճանաչում է որպես Ադրբեջանի Հանրապետության մաս[5]։
2024 թվականի մարտի 3-ին Վերին Ոսկեպարի մուտքի մոտ Նոյեմբերյան ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են «Մարտական եղբայրություն» անունը կրող կազմակերպության 2 անդամի, բերման ենթարկել ոստիկանության բաժին և հայտնել, որ այդ տարածքն իրենցը չի, արգելված է մտնել[14][15]։ Կազմակերպության ղեկավարը հայտնել է, որ մինչև այդ պահը իրենց անդամները Նոյեմբերյանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ Վերին Ոսկեպարում մարզումներ էին իրականացնում, իսկ ներկա արգելքը, ըստ նրա, պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի գործող իշխանությունները պատրաստվում են այդ տարածքը հանձնել Ադրբեջանին[14][15]։
Նույն կազմակերպությունը նախատեսել էր 2024 թվականի մարտի 24-ին խմբային այցելություն կատարել Վերին Ոսկեպար[16]։ Այցի նախօրեին՝ մարտի 23-ին, կազմակերպության ղեկավարը հրավիրվել էր Հայաստանի ոստիկանության 6-րդ վարչության շենք, որտեղ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը նրան կարգադրել էր չայցելել Վերին Ոսկեպար և որ ոստիկանությունը արգելելու է այցելություն կատարել[16][17][18], իսկ արդեն մարտի 24-ի առավոտյան ձերբակալվել են տվյալ կազմակերպության ղեկավարներից և անդամներից ավելի քան երեք տասնյակ անձ, քանի որ նրանք մերժել էին Վերին Ոսկպար այցելելը չեղարկելու ոստիկանության պահանջը[17][18][19][20][21]։
Մինչև 1720-ական թվականները Վերին Ոսկեպարը եղել է հայկական բնակավայր։ 19-րդ դարի կեսերից այդտեղ են սկսել հաստատվել խաշնարած թուրքեր։ Վերին Ոսկեպար գյուղատեղին և հարակից տարածքները հարուստ են հայկական պատմամշակութային հուշարձաններով[1][4]։
1918 թվականից 1920 թվականը Վերին Ոսկեպար գյուղը գտնվել է Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության կազմում[22]։
Խորհրդային Միության Անդրկովկասյան Դաշնության Կենտրոնական գործադիր կոմիտեի հողային և անտառային վեճերը լուծող տեղական հանձնաժողովը 1929 թվականի հուլիսի 19-0-ի իր որոշմամբ Վերին Ոսկեպարը ընդգրկել է Դիլիջանի գավառի մեջ[23]։
Վերին Ոսկեպարի տարածքում պահպանվել են վանական համալիրի, բերդի, դիտակետ-աշտարակի, ստորգետնյա գաղտնուղու ավերակներ, ինչպես նաև միջնադարյան 3 կամուրջ[1][24]։ Վերին Ոսկեպարում է գտնվում նաև Արցախյան ազատամարտին և Տավուշի մարզի բնակավայրերի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ զոհված ազատամարտիկներին ու զինծառայողներին նվիրված հուշահամալիր։
Գտնվում է Վերին Ոսկեպարի կենտրոնական մասում։ Պատմամշակութային հուշարձանի մասին քիչ տեղեկություններ են հայտնի։ Եզակի հիշատակություններից մեկը կատարել է եպիսկոպոս Մակար Բարխուդարյանը[4][24]։ Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի՝ աշտարակը կառուցվել է 13-րդ դարում։ Նա իր ուսումնասիրություններից ենթադրություն է կատարել, որ աշտարակը պատկանել է հայ քաղկեդոնական դավանանքին պատկանող իշխանի[4]։
Կորաբերդ ամրոցը գտնվում է Վերին Ոսկեպարում, Ոսկեպար գյուղից շուրջ 3 կմ հյուսիս-արևմուտք` շրջապատի նկատմամբ իշխող դիրք ունեցող ժայռապատ լեռան գագաթին և ծովի մակերևույթից բարձր է 1268 մ։ Որմերի շարվածքային և կառուցողական առանձնահատկությունները հուշում են, որ բերդը կառուցվել է 12-ից 13-րդ դարերում։ Կառուցված է անմշակ քարով և կրաշաղախով։ Ամրացվել են լեռան միայն հյուսիսային և արևելյան գագաթամերձ առանձին հատվածները։ Հյուսիս-հարավ ձգվածությամբ ունի շուրջ 40 մ երկարություն և առավել ընդարձակ մասում` մինչև 18 մ լայնություն։ Պարսպապատերի միջին հաստությունը 90 սմ է։ Միակ մուտքը բացված է հյուսիսային կողմից[4]։
Գյուղատեղին տեղացիների շրջանում առավել հայտնի է Կլապաններ անունով և գտնվում է Վերին Ոսկեպարում, Ոսկեպար գյուղից մոտավորապես 3,5 կմ հարավ-արևմուտք` լեռնաճյուղի անտառապատ լանջին և ծովի մակերևույթից բարձր է 1045 մ։ Միջնադարով թվագրվող գյուղատեղին կազմված է հայտնի եկեղեցու և գերեզմանոցի ավերակներով։ Եկեղեցին թվագրվում է 13-րդ դարով և համանման միանավ կառույցներից առանձնանում է ավանդատների բացակայության պայմաններում շինության հիմնական լայնության համեմատ արևելյան ճակատի կարճված առանձնահատկությամբ։ Եկեղեցու համեմատաբար պահպանված հատվածներն են խորանի ետնապատն ու խորանի դիմաց գտնվող պատը։ Կառույցի շարվածքն իրականացվել է տեղական անմշակ քարերով և կրաշաղախով[4]։
Վերին Ոսկեպարի տարածքում է հայտնի կամուրջներից է Հին կամուրջը, որը գտնվում է Ոսկեպար գետի վրա և ծովի մակերևույթից բարձր է 822 մ։ Կառուցման ստույգ թվականը հայտնի չէ, սակայն կառուցողական, հորինվածքային և շարվածքային առանձնահատկությունները այն թվագրում են 13-րդ դարով։ Կառուցված է տեղական անմշակ քարով և կրաշաղախով, կամարակապ է։ Նախատեսված է եղել միայն հետիոտնի և հեծյալի համար[4]։
Մինչև 19-րդ դարի կեսերը Հին Ոսկեպարի բնակիչները եղել են հայեր։ Հետագայում գյուղը հայաթափվել է և բնակեցվել թուրքական ցեղերով[1], որոնց մի մասը հետագայում եկել էին Սալախլի գյուղից[6]։
Մինչև 19-րդ դարը Վերին Ոսկեպարի տարածքը եղել է քրիստոնեա հայերով բնակեցված։ Այդտեղ առկա են հայկական առաքելական եկեղեցու կրոնական կառույցներ, ինչպես նաև հայ քաղկեդոնականների քրիստոնեական եկեղեցու ավերակներ։ 19-րդ դարից բնակավայրի տարածքում հաստատված թուրքական բնակչությունը եղել է իսլամի հետևորդ։ Նրանց մի մասը եղել է շիա մուսուլման, մյուս մասը՝ սուննի մուսուլման[6]։ Սալախլիից տեղափոխված թուրքերը սուննի մուսուլմաններ էին[25]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.