հայ երգչուհի From Wikipedia, the free encyclopedia
Սոֆի Գագիկի Մխեյան (ապրիլի 8, 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի, 2005 թվականին Երևանում անցկացված «Հայկական երաժշտական մրցանակաբաշխության» ժամանակ ճանաչվել է տարվա լավագույն փոփ երգչուհի[1][2]։
Սոֆի Մխեյանը ծնվել է 1984 թվականի ապրիլի 8-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Սովորել է Երևանի Թելմանի անվան թիվ 13 միջնակարգ դպրոցում, ավարտել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը, ապա սկսել է երգել «Դո Ռե Մի» դպրոց-ստուդիայում։ Հետագայում ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան քոլեջի դաշնամուրային բաժինը, բարձրագույն կրթություն ստացել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում։
Երգչուհու առաջին տեսահոլովակը նկարահանվել է «Իմ ընկեր» երգի հիման վրա, այնուհետև նկարահանվել են «Սեր», «Նայիր իմ աչքերին», «Օրը և ներկան», «Արժանի է» (դուետ Սիրուշոյի հետ), «Որտեղ գտնեմ», «Լույս խավարում» (հետագայում նաև ռեմիքս տարբերակը), «Պետք չես», «Ճանաչիր», «Կարոտի երազ», «Հաճախ ժպտա», «Ուզում եմ խոսել», «Մամա», «2012», «Հայաստանի երգ» և «Երազում» երգերի տեսահոլովակները։
2005 թվականին Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ Սոֆի Մխեյանը արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին։
2007 թվականին լույս է տեսել երգչուհու առաջին՝ «Կյանքը քո» ձայնասկավառակը։ Վերջինս իր անվանումն ստացել է նրանում տեղ գտած համանուն երգի հիման վրա, որի հեղինակը հենց ինքը՝ երգչուհին է։ Նույն թվականին Սոֆիի «Օրը և ներկան» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը Ազգային երաժշտական մրցանակաբաշխության շրջանակներում արժանացել է «Տարվա հիթ» մրցանակին, ապա ԱՄՆ-ում անցկացվող «Անուշ» մրցանակաբաշխության ժամանակ երգչուհու առաջին ձայնասկավառակը արժանացել է «Տարվա լավագույն փոփ ալբոմ» մրցանակին։
Սոֆին բազմիցս հայտնվել է տեղական (և ոչ միայն) ամսագրերի շապիկներին, ինչպիսիք են «Էլ Style», «Ե՞ս Yes!», «BOOM», «Joker», «Prestige», «Նանե», «Միքս», «Alma Times and Alma Magazine» և այլն։
Սոֆի Մխեյանը մասնակցել է նաև մի շարք սպորտային նախագծերի։ Նախ Հայաստանում մասնակցել է հայ աստղերի մասնակցությամբ թենիսի առաջնության, որտեղ կանանց խմբում գրավել է առաջին տեղը։ Այնուհետև 2009 թվականին մասնակցել է «Ֆորդ Բոյար» նախագծին։
2009 թվականին լույս է տեսել ներգչուհու թվով երկրորդ՝ «Լույս խավարում» ձայնասկավառակը։
ԱՄՆ-ում անցկացվող ամենամյա Հայկական երաժշտական մրցանակաբաշխության շրջանակներում Սոֆի Մխեյանն արժանացել է 2009 թվականի «Տարվա լավագույն փոփ երգչուհի» մրցանակին, այնուհետև Մոսկվայում կայացած ամենամյա «Տաշիր» մրցանակաբաշխության ժամանակ հաղթել է 2010 թվականի «Տարվա լավագույն երգչուհի» անավանակարգում, ապա Հայաստանում անցկացվող ամենամյա Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է 2010 թվականի «Տարվա լավագույն երգչուհի» մրցանակին։
Սոֆի Մխեյանը մասնակցել է տարբեր հավաքական համերգների և շրջագայություններով հանդես է եկել ինչպես Հայաստանի մարզերում և Արցախում, այնպես էլ՝ Իրանում, Ռուսաստանում, Չեխիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում, Հոլանդիայում, Չինաստանում, Արգենտինայում, Բրազիլիայում և ԱՄՆ-ում։
2012 թվականին լույս է տեսել երգչուհու թվով երրորդ՝ «2012» ձայնասկավառակը։
2012 և 2017 թվականներին Սոֆի Մխեյանը հանդես է եկել որպես «Հայաստանի ձայնը» մրցույթի՝ միջազգային The Voice-ի հայկական տարբերակի առաջին և չորրորդ եթերաշրջանների նախագծի մարզիչ։
2015 թվականին ներկայացրել է «Համաձայն եմ» երգը և վերջինիս հիման վրա նկարահանված տեսահոլովակը։
2016 թվականին Սոֆի Մխեյանը Վիգեն Հովսեփյանի հետ համատեղ ներկայացրել է «Մի քիչ» ստեղծագործությունը, որը արժանացել է «Տարվա լավագույն» դուետ մրցանակին, ապա նորովի կատարել Տիգրան Չուխաջյանի «Լեբլեբիջիների խմբերգը»։ Երկու ստեղծագործություններն էլ հանդիսատեսի դատին են հանձնվել տեսահոլովակներով։
2018 թվականին երգչուհին ներկայացրել մի շարք ստեղծագործություններ, այդ թվում՝ «Չեմ ուզում»-ը, «Ռեհան» երգն ու դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակը, ինչպես նաև «Տեսիլք»-ը, որի տեսահոլովակի ռեժիսորը հենց ինքը՝ Սոֆին է, իսկ գլխավոր դերում հանդես է գալիս դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը։ Ի դեպ, 2018 թվականին Սոչիում տեղի ունեցած երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ «Ռեհան» ստեղծագործությունը արժանացել է «Տարվա երգ» մրցանակին։
2015 թվականից ի վեր Սոֆի Մխեյանը հանդես է գալիս որպես անհատ կատարողների և հեռուսատեսային նախագծերի պրոդյուսեր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.