Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին From Wikipedia, the free encyclopedia
Ռումինիայի հայոց թեմ[1], Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Եվրոպայի տարածքում գտնվող, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող թեմերից մեկը, որը ներկայացնում է ռումինահայության հոգևոր կյանքը։ Կազմավորվել է Ռումինիայի թագավորության գոյության ժամանակ (1931), իսկ որպես ինքնուրույն եպիսկոպոսություն՝ 1401 թվականին[2]։ Առաջնորդանիստը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի սուրբ Հրեշտակապետաց Մայր տաճարն է[3]։
2019 թվականին թեմի առաջնորդ է նշանակվել Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, ով նաև Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդն է[4]։
Հայերը Ռումինիայի տարածքում (Վալախիայի և Մոլդովայի իշխանություններ) բնակություն են հաստատել զարգացած միջնադարում, և 14-րդ դարում Բոտոշան (1350), Ռոման (1355), Յաշ (1395) քաղաքներում կառուցել են քարաշեն եկեղեցիներ։ Հայերի թեմը 1365 թվականից ենթարկվել է Լվովի հայոց եպիսկոպոսությանը։
Մոլդովայի իշխան Ալեքսանդր Բարեպաշտը 1401 թվականի հուլիսի 30-ի հրովարտակով մայրաքաղաք Սուչավայում արտոնել է հայերին հիմնել հայոց եպիսկոպոսական թեմ` Հովհաննես եպիսկոպոսի գլխավորությամբ (1401-15)[2]։ Հետագայում, երբ Մոլդովայի մայրաքաղաքը տեղափոխվել է Յաշ, 1565 թվականին այստեղ է հաստատվել նաև թեմի կենտրոնը։ 18-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբը Մոլդովայի հայոց թեմի առաջնորդի պաշտոնը վարել են Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունից ուղարկված հոգևորականներ։ 1922 թվականին Ռումինիայի հայերի թեմական պատգամավորական ժողովն ընդունել է համայնքի կանոնադրությունը և ընտրել թեմական գործադիր մարմին (կառավարությունը վավերացրել է 1931 թվականին)։ 1927 թվականին հիմնադրվել է թեմական գրադարանը[5]։
1931 թվականի հուլիսի 31-ին հիմնվել է Ռումինիայի հայոց թեմը։ 1943-55 թվականներին Ռումինիայի թեմի առաջնորդն էր Վազգեն եպիսկոպոս Պալճյանը[3]։ 2022 թվականին մայր աթոռ սուրբ Էջմիածնում նշվել է Ռումինիայի թեմի 620-ամյակը[6]։
Սոցիալիզմի ժամանակ վարչակարգի ժամանակ (Ռումինիայի ժողովրդական հանրապետություն (1947-1965) և Ռումինիայի սոցիալիստական հանրապետություն (1965-1989)) թեմական համայնքի գործունեությունը սահմանափակվել է, մի շարք եկեղեցիներ փակվել են[3]։
Ռումինիայում գտնվող հոգևոր կառույցները պատկանում են ոչ միայն Ռումինիայի հայոց թեմին, այլև ի սկզբանե ծառայել են կաթոլիկ հայերին։ Հայ կաթողիկե եկեղեցիները գտնվում են գերազանցապես Տրանսիլվանիա մարզի տարածքում (Արմենոպոլիս-Գեռլա, Եղիսաբեթուբոլիս-Դումբրավեն, Գեորգեն և Ֆրումոասա քաղաքներ), ինչպես նաև ժամանակակից Ռումինիայից դուրս գտնվող Բելցի (Մոլդովա) և Չեռնովցի (Ուկրաինա) բնակավայրերում։ Հայ կաթողիկե եկեղեցուն է պատկանում նաև Զամկա վանական համալիրը Սուչավա քաղաքում։
Ռումինահայ առաքելական եկեղեցիներից են՝ Բոտոշանում` սուրբ Աստվածածինը (հիմնադրվել է 1350 թվականին, նորոգվել է 1826 թվականին), սուրբ Երրորդությունը (1560 թվականին կառուցված սուրբ Օգսենտ եկեղեցին 1795 թվականին վերակառուցումից հետո վերանվանվել է սուրբ Երրորդություն), հայոց գերեզմանոցում` սուրբ Ավետում մատուռը (հիմնադրվել է 1884 թվականին), Սուչավայում` սուրբ Սիմեոնը կամ Կարմիր Աշտարակը (հիմնադրվել է 1513 թվականին), սուրբ Խաչը (հիմնադրվել է 1521 թվականին, խորանի մոտ կա 1428-ի ապրիլի 14-ի թվագրությամբ տապանաքար)։ 1619 թվականին կառուցվել է սուրբ Խաչ եկեղեցու զանգակատունը, կից` սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռը (հիմնադրվել է 1776 թվականին), սուրբ Աստվածածին կամ Հաճկատար (հիմնադրվել է 1512 թվականին, զանգը բերվել է Տաթևի վանքից, վրան փորագրված է 1244 թվականի արձանագրություն)[3]։
Հայոց նոր գերեզմանոցում կառուցվել է սուրբ Հարություն մատուռը (1902)։ Ռոմանում պահպանվել են սուրբ Աստվածածին (հիմնադրվել է 1609 թվականին, վերակառուցվել է 1864 թվականին), Գալացում` սուրբ Աստվածածին (հիմնադրվել է 1669 թվականին, վերակառուցվել է 1858 թվականին), Տուլչայում` սուրբ Գրիգոր Լուսավորիչ (հիմնադրվել է 1882 թվականին, 1830 թվականին կառուցված փայտաշեն մատուռի տեղում), Պիտեշտում` սուրբ Հովհաննես Մկրտիչ (հիմնադրվել է 1693 թվականին, վերակառուցվել է 1852 թվականին) եկեղեցիները։ Հայերը Ֆոկշանում կառուցել են սուրբ Գևորգ (1710–15, այժմ` ավերված), սուրբ Աստվածածին (1730) եկեղեցիները, հայոց գերեզմանոցում` սուրբ Հարություն մատուռը (1891), Բրեիլայում` սուրբ Աստվածածին (1837) եկեղեցին[3]։
Առաջնորդանիստ սուրբ Հրեշտակապետաց Մայր տաճարը (1911–15) կառուցվել է 1638 թվականին հիմնված եկեղեցու տեղում[7]: Քաղաքի հայկական գերեզմանատանը կանգուն է սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռը (1920), կան պատմափաստագրական արժեք ներկայացնող տապանաքարեր։
Կոստանցայում հայ համայնքը ներկայումս եկեղեցական շենք չունի. 1880 թվականին կառուցվել է սուրբ Աստվածածին փայտաշեն եկեղեցին, որը 1940 թվականին այրվել է։ Այսօր եկեղեցին զբաղեցնում է աղոթատեղիի վերածված դպրոցի վերնասրահը։ Կից կառուցվել է զանգակատուն (1990)։ Ներկայումս (2001) Ռումինիայում գործում են Բուխարեստի սուրբ Հրեշտակապետաց Մայր տաճարը, Կոստանցայի աղոթատեղին և Պիտեշտի սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.