Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Սինդբադի ոսկյա ճանապարհորդությունը (անգլ.՝ The Golden Voyage of Sinbad), ռեժիսոր Գորդոն Հեսլերի կողմից «Հազար ու մի գիշեր» հեքիաթների ժողովածուի հիման վրա, 1973 թվականին նկարահանված ֆիլմ-հեքիաթ, որը պատմում է առասպելական ծովագնաց Սինդբադի` դեպի Մարաբիա և Լեմուրիա կատարած ճամփորդությունների, ինչպես նաև չար կախարդ Կոուրայի դեմ նրա պայքարի մասին։
Հերթական նավարկության ժամանակ, Սինդբադի նավի անձնակազմը նկատում է նավի գլխավերևում պտտվող տարօրինակ արարածի։ Այն նետահարելուց հետո, տախտակամածի վրա է ընկնում նախշազարդ ոսկյա թիթեղիկ։ Անձնակազմը համարում է, որ դա վատ նշան է, սակայն Սինդբադը այն պահում է իր մոտ։ Այն պահից, երբ Սինդբադի մոտ հայտնվում է այդ տարօրինակ զարդը, նրան սկսում են հետապնդել անհայտ պարուհու վերաբերյալ տեսիլքները։
Հաջորդ գիշերը, փոթորկի պատճառով նրանք շեղվում են իրենց ուղուց և կայանում Մարաբիա երկրի ափերին։ Սինդբադը ափ է իջնում միայնակ և ետ է մղում սևազգեստ անծանոթի հանկարծակի հարձակումը, ով փորձում էր խլել ոսկյա թիթեղիկը։ Ծովափնյա քաղաքում Սինդբադը ծանոթանում է երկրի կառավարիչ Մեծն Վեզիրի հետ։ Մարաբիայի կառավարիչը ստիպված էր դիմակով ծածկել իր այրված դեմքը։ Անծանոթը, ով հարձակվել էր Սինդբադի վրա, այն մարդն էր, ով այլանդակել էր վեզիրի դեմքը։ Դա չար կախարդ Կոուրան էր։
Վեզիրի մոտ հայտնաբերվում է թիթեղիկի երկրորդ կեսը և ամբողջական տեսքով այն հանդիսանում էր Լեմուրիա երկրում գտնվող գաղտնի քարանձավի քարտեզն ու անցագիրը։ Ըստ հինավուրց ավանդության, այնտեղ են գտնվում ճակատագրի շատրվանը, աշխարհի տիրակալի թագը և անտեսանելիության վահանը։ Այդ թիթեղիկը ցանկանում է ձեռք բերել նաև Կոուրան, ով վեզիրի մոտ է ուղարկում իր փոքրիկ թռչող լրտեսին և լսում բոլոր խոսակցությունները։
Վեզիրը որոշում է վերազինել Սինդբադի նավը և նրա հետ մեկնել Լեմուրիա։ Մեկնելուց առաջ, տեղի շուկայում Սինդբադը պատահաբար հանդիպում է մի աղջկա, որի տեսքն ու ձեռքի ափի մեջ արված կտածումը մշտապես նրան երևում էին իր երազներում։ Աղջիկը տեղի վաճառականներից մեկի ստրկուհին էր և անունը Մարիանա էր։ Վաճառականը համաձայնվում է աղջկան նվիրել Սինդբադին, եթե վերջինս համաձայնվի իր անձնակազմի մեջ ընդգրկել նաև իր անպիտան որդուն` Գարունին, նրան «մարդ» դարձնելու պայմանով։
Նավն ուղևորվում է վտանգավոր ճամփորդության։ Նավարկության ընթացքում Կոուրան, ով մեկ այլ նավով հետևում էր նրանց, Սինդբադի նկատմամբ սկսում է դավեր նյութել։ Իր կատարած չար կախարդանքների պատճառով Կոուրան կորցնում է իր կենսական ուժը և Լեմուրիա է հասնում որպես հյուծված ծերուկ։ Կղզու վրա Սինդբադն իր ուղեկիցների հետ հանդիպում է պատգամախոս գուշակին, ով մատնացույց է անում գանձերի ուղին։ Ճանապարհին նրանք հաղթահարում են վայրենի ցեղերի հարձակումն ու Կալի աստվածուհու կենդանացած արձանի դեմ պայքարը։ Կոտրված արձանի միջից հերոսները գտնում են թիթեղիկի երրորդ կտորը, սակայն դրան տիրանում է Կոուրան։
Շատրվանի մոտ Սինդբադին սպասվում էր ամենադժվար փորձությունը։ Երիտասարդացած Կոուրան օգտագործելով անտեսանելիության շղարշը, փորձում է սպանել նավապետին, սակայն վերջինս կարողանում է հաղթել կախարդին։ Աշխարհի տիրակալի թագն ու նախկին բարետես արտաքինը վերադառնում են վեզիրին։ Նավապետ Սինդբադին պետք չեն անգին գանձերը, նրան բավական է նաև Մարիանայի սերը, ով արդեն ազատ էր և կատարել էր իր ընտրությունը։
Դերակատար | Կերպար |
---|---|
Ջոն Ֆիլիպ Լոու | Սինդբադ-ծովագնաց |
Թոմ Բեյքեր | Կոուրա |
Քերոլայն Մանրո | Մարիանա |
Դուգլաս Ուիլմեր | Մեծն Վեզիր |
Մարտին Շոու | Ռաշիդ |
Ալդո Սամբրել | Օմար |
Ռոբերտ Շոու | պատգամախոս գուշակ |
Կուրտ Քրիստիան | Գարուն |
Գրեգուար Ասլան | Հաքիմ |
Կինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Գորդոն Հեսլեր | ռեժիսոր |
Չառլզ Շնիր և Ռեյ Հարիհաուզեն | պրոդյուսեր |
Բրայան Կլեմենս և Ռեյ Հարիհաուզեն | սցենարիստ |
Թեդ Մուր | օպերատոր |
Միկլոշ Ռոժա | կոմպոզիտոր |
Ռեյ Հարիհաուզեն | հատուկ էֆեկտներ |
1974 թվականին կինոնկարն արժանացել է ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի[3], իսկ 1975 թվականին՝ «Սատուրն» մրցանակին[4]։ Այն համարվում է Ռեյ Հարիհաուզենի լավագույն աշխատանքներից մեկը, միաժամանակ դարձել է 1970-ական թվականների կինոտեխնոլոգիաներին հատուկ, խաղարկային կինոյում տիկնիկային անիմացիայի և այլ հատուկ էֆեկտների օգտագործման դասական նմուշ։ Հատկապես բարձր են գնահատվել հատուկ էֆեկտներն ու Միկլոշ Ռոժայի երաժշտությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.