From Wikipedia, the free encyclopedia
Ռնգեղջյուրներ (լատիներեն՝ Rhinocerotidae), կենտսմբակավորների կարգի կաթնասունների ընտանիք։
Ռնգեղջյուր | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Rhinoceros | ||||||||||
Արեալ | ||||||||||
Հայտնի է ռնգեղջյուրների 3 սեռի 5 տեսակ։
Այժմ պահպանվել են ընդամենը մի քանի հազար հատ՝ միայն Աֆրիկայի և Ասիայի առանձին շրջաններում։ Բնակվում են արևադարձային անտառներում, սավաննաներում, ափամերձ մացառուտներում, ճահիճներում։
Խոշոր կենդանիներ են։ Մարմնի երկարությունը 2,5-4 մ է, մնդավի բարձրությունը՝ 1-2 մ, կենդանի զանգվածը՝ մինչև 3 տ և ավելի։
Մաշկը հաստ է, մազազուրկ։ Ասիական տեսակների կաշին վզի և ոտքերի մոտ ծալքերով է և ունի զրահի տպավորություն։
Քթի և քթարմատի վրա ունեն 1-2 եղջյուր, որոնց երկարությունը մինչև 1 մ է։ Համարվում է որ եղջյուրներն ունեն բուժիչ հատկություններ, ինչը և դարձել է ռնգեղջյուրների ոչնչացման պատճառ։ Հայտնի ամենամեծ եղջյուրն ունեցել է 158սմ երկարություն։ Ժանիքները հետզարգացած են։ Պարանոցը կարճ է, մեջքը՝ կորացած։ Ոտքերը կարճ են, ունեն երեքական մատներ։ Մատների ծայրերին կան կճղակներ։ Գունավորումը մուգ մոխրագույն է։
Լսողությունը և հոտառությունը լավ են զարգացած, տեսողությունը՝ թույլ։
Չնայած մարմնի զգալի ծանրությանը՝ կարող են վազել մինչև 40-45 կմ/ժ արագությամբ։
Կատաղած ռնգեղջյուրը սլանում է վիթխարի եղջյուրն առաջ ցցած և կարող է ոչնչացնել դեմը ելնողին։ Բայց բավական է, որ մոտեցող ռնգեղջյուրի ճանապարհից մի կողմ քաշվես, և վատ տեսողության պատճառով կենդանին կսլանա-կանցնի կողքովդ։
Ցերեկը ռնգեղջյուրները քնում են մացառուտներում՝ կողքի պառկած ու ոտքերը խաչած, ահեղ խռմփոցով, իսկ գիշերը դուրս են գալիս սնվելու։ Սնվում են խոտաբույսերով, ընձյուղներով, թփերի տերևներով։ Հաճախ շրջում են զույգերով, հազվադեպ՝ փոքր խմբերով։ Ռնգեղջյուրն ահռելի ստամոքս ունի (երկարությունը 1,5 մ է, լայնությունը՝ 75 սմ), և այն լցնելու համար նա արածում է ողջ գիշերը։ Հղիությունը տևում է 17-18 ամիս, ունենում է 1 ձագ՝ մոտ 25 կգ քաշով։ Ռնգեղջյուրի միսն օգտագործում են սննդի մեջ, մաշկը՝ տարբեր իրեր պատրաստելու համար։ Եղջյուրների բուժիչ հատկությունների համար ռնգեղջյուրներին որսում են։ Անխնա ոչնչացման հետևանքով նրանց քանակը խիստ կրճատվել է, և այժմ նրանք գտնվում են պահպանության ներքո։ Խոշոր կենդանիները չեն համարձակվում հարձակվել այդ հսկայի վրա, սակայն պիծակներն ու մլակները նրան հանգիստ չեն տալիս։
Սպիտակ ռնգեղջյուրները, իրենց հերթին, երկու ենթատեսակի են՝ հարավային (Ceratotherium simum simum) և հյուսիսային (Ceratotherium simum cottoni)։ 2007 թվականի դրությամբ՝ վայրի բնության մեջ կար հարավային ենթատեսակի 17 480 հատ, որոնցից 16 266-ը՝ Հարավային Աֆրիկայում՝ հանդիսանալով ամենամեծաքանակ ենթատեսակը։
Ունի վիթխարի մարմին և խոշոր գլուխ։ Քաշը կարող է հասնել 3.500 կգ, երկարությունը՝ 3.5-4.6 մ, հասակը ուսերի մասում 1.8-2 մ է։ Մռութի վրա ունի երկու եղջյուր։ Առջևի եղջյուրը ետևինից երկար է և հասնում է 90-150 սմ-ի։ Այս կենդանու գույնը փոխվում է դեղնավուն դարչնագույնից մինչև մոխրագույն։
Սև ռնգեղջյուր անունն (Diceros bicornis) ընտրվել է այս տեսակը սպիտակից տարբերելու համար։
Սև ռնգեղջյուրների ամենատարածված ենթատեսակն է հարավային-կենտրոնականը (Diceros bicornis minor), որոնք մի ժամանակ տարածվում էին կենտրոնական Տանզանիայից Զամբիայի, Զիմբաբվեի և Մոզամբիկի տարածքներով մինչև Հարավային Աֆրիկայի հյուսիս և արևելք։ Սև ռնգեղջյուրը սպիտակից բավականին փոքր է։ 20-րդ դարի երկրորդ կեսում նրանց քանակը կտրուկ պակասել է՝ 1960-ականների 70 հազարից 1995 թվականին հասնելով 2 410-ի։
Հնդկական, կամ մեծ միաեղջյուր ռնգեղջյուրն (Rhinoceros unicornis) ունի 20-ից 100 սմ երկարության մի հատ եղջյուր։ Չափահաս արույի քաշը 2 500-ից 3 200 կգ է, ուսերի մասում հասակը՝ 1.75-2.0 մ։
Հնդկական ռնգեղջյուրները մի ժամանակ տարածված են եղել Պակիստանից մինչև Բիրմա և հնարավոր է, նույնիսկ՝ Չինաստանի որոշ մասերում։ Ներկայումս, սակայն, մարդու ազդեցության պատճառով, պահպանվել են միայն Հնդկաստանի և Նեպալի որոշ շրջաններում։ Ներկայիս աշխարհի հնդկական ռնգեղջյուրների երկու երրորդը կենտրոնացված է Հնդկաստանի Կազիրանգա ազգային զբոսայգում։
Ջավայի ռնգեղջյուրն (Rhinoceros sondaicus) ամենավտանգված խոշոր կաթնասուններից մեկն է։ 2002 թ. գնահատականներով, մնացել են ընդամենը 60 հատ՝ Ինդոնեզիայի Ջավա կղզում և Վիետնամում։
Երկարությունը գլխի հետ միասին հասնում է 3.1-3.2մ, բարձրությունը՝ 1.5-1.7մ, քաշը՝ 900-1400կգ։ Արուի եղջյուրի երկարությունը հասնում է 26սմ երկարության։
Նախընտրում է խիտ խոնավ անտառները, մացառներն ու եղեգնուտները։
Սումատրայի ռնգեղջյուրն (Dicerorhinus sumatrensis) ամենափոքր տեսակն է։ Պահպանված մնացել է 275 հատ։
Ունի շուրջ 1.3մ բարձրություն, 2.4-3.2մ երկարություն և շուրջ 700 կգ քաշ։ Աֆրիկական տեսակների նման ունի երկու եղջյուր՝ առջևում մեծն է և 10 սմ-ով կարճը՝ ետևում։ Գունավորումը կարմրին խփող դարչնագույն է։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռնգեղջյուր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռնգեղջյուր» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.