Ռացիոնալիզմ (լատիներեն՝ rationalis-բանական),
- Իմացաբանական ուղղություն, ըստ որի գիտելիքի համընդհանրության և անհրաժեշտության աղբյուրը բանականությունն է, մինչդեռ փորձի ընդհանրացմամբ հնարավոր է հասնել միայն մասնավոր և պատահական ճշմարտությունների։ Այն միտքը, որ մարդկային մտածողության հիմնարար սկզբունքները և վերացական գաղափարները հնարավոր չէ արտածել փորձից և հիմնավորել փորձով, արծարծվել է դեռևս հին հունաստանի փիլիսոփայության մեջ (Սոկրատես, Պլատոն), բայց բուն իմաստով Ռացիոնալիզմը ձևավորվել է XVII-XVIII դարերում որպես այն տեսակետի արտահայտություն, որ բնության օրենքների ճշմարիտ (բացարձակապես հավաստի) ձևակերպումը կարող է տրվել տեսական բնագիտության մեջ միայն մաթեմատիկայի լեզվով։ Սակայն Ռացիոնալիզմի դասականները՝ Դեկարտը, Սպինոզան, Մալբրանշը, Լայբնիցը, բանականության ճշմարտությունները, որպես համընդհանուր և անհրաժեշտ, հակադրելով փաստի ճշմարտություններին, միաժամանակ շեշտել են փորձնական հետազոտության կարեվորությունը բնագիտության մեջ երևույթների նկարագրության համար։ Այս երկընտրանքն աշխատում է հաղթահարել Կանտը, որի ուսմունքի համաձայն փորձը զգայականության նյութն է՝ մտածողության ապրիորի ձևերով կազմակերպված։ Ռացիոնալիզմի և էմպիրիզմի հակադրությունը լուծվում է, երբ հնարավոր է գիտելիքի կառուցվածքը և ձեռքբերման ընթացքը ներկայացնել փորձի և տեսության, մասնավորի և համընդհանուրի, պատահականի և անհրաժեշտի դիալեկտիկայի տեսանկյունից։
- Երբեմն ռացիոնալիզմ են անվանում գոյաբանության այն տարատեսակությունը, որն աշխարհի օրինաչափ կարգը համարում է բանական նախասկիզբը (նուս, լոգոս, բացարձակ գաղափար և այլն)։
- Ի հակադրություն իռացիոնալիզմի, ռացիոնալիզմ է կոչվում այն աշխարհայեցողությունը, որը գիտության, առհասարակ ճանաչողության և գործունեության մեջ ապավինում է բանականությանը, այս իմաստով ռացիոնալիստական է Նոր ժամանակի ամբողջ Փիլիսոփայությունը և գիտական մտածելակերպն ընդհուպ մինչև XIX դարը։
- Աստվածաբանության մեջ ռացիոնալիզմը այն ուղղությունն է, որն ընդունում է միայն բանական հիմնավորում գտնող դոգմաները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |