From Wikipedia, the free encyclopedia
Ջրհեղեղ Լոռու և Տավուշի մարզերում, խոշոր աղետ, ջրհեղեղ Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում՝ մասնավորապես Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի ավազաններում, որը տեղի է ունեցել 2024 թվականի մայիսի 26-ին։ Հորդառատ անձրևների հետևանքով Դեբեդ գետը վարարել է և Ձորագետ ավանից մինչև «Բագրատաշենի» սահմանային անցակետ դարձել ավերածությունների պատճառ[1]։ Միաժամանակ նմանատիպ աղետ է տեղի ունեցել նաև Լոռու մարզի Տաշիր քաղաքում, որտեղ գետի ջրերը դուրս են եկել ափերից և լցվել բնակելի թաղամասեր։
Ջրհեղեղ Լոռու և Տավուշի մարզերում | |
---|---|
Տեսակ | ջրհեղեղ և հորդառատ անձրև |
Երկիր | Հայաստան |
Տարեթիվ | մայիսի 26, 2024 |
Զոհվածներ | 4 մարդ |
Սանահին կայարանում գետի ջրերը հասել են շենքերի երկրորդ հարկեր։ Ջրի տակ է հայտնվել Ալավերդու գլխավոր Թումանյան փողոցի մի հատվածը։ Ջրհեղեղի հետևանքով կտրվել է ցամաքային կապը Դեբեդ թաղամասի հետ։ Մեծ վնասեր են ունեցել նաև Ախթալա և Քարկոփ բնակավայրերը[2]։ Ալավերդիում անջատվել է գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը, ինտերնետ և հեռախոսային կապը գործել է խափանումներով[3]։ Գետի ջրերը քշել-տարել են գոմեր, անասուններ, մեքենաներ։
Ավերվել և անանցանելի են դարձել Մ6 մայրուղու տարբեր հատվածներ։ Հաղորդակցության խնդիր է առաջացել ջրածածկ հատվածներում արգելափակված մարդկանց հետ։ Արգելափակվել են Ախթալա, Շամլուղ քաղաքները, Փոքր Այրում, Մեծ Այրում, Ճոճկան, Շնող և Թեղուտ բնակավայրերը։
Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հեղեղվել է Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31-րդ կմ-ը և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է[4]։ Չեղարկվել են Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքների երթևեկությունը[5]։ Ջրհեղեղի հետևանքով դադարեցվել է 16 համայնքների ջրամատակարարումը[6]։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել Մ-4 միջպետական ճանապարհի 110-րդ կմ-ից (Դիլիջանից դեպի Իջևան), որտեղ Աղստև գետի վարարման հետևանքով տեղի է ունեցել ճանապարհի փլուզում[7]։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Դիլիջան - Իջևան հատվածում հեղեղումները պատճառել են մեծ վնասներ[8]։
Ջրհեղեղի հետևանքով կա առնվազն 3 զոհ և 1 անհետ կորած[9][10][11]։
Ժամը 11։30-ի դրությամբ դեպքի վայրում աշխատանքներ են իրականացրել ՆԳՆ ՓԾ 30 մարտական հաշվարկ՝ 324 փրկարարական ծառայողով։ Վտանգավոր տարածքներից տարհանվել է 232 քաղաքացի[12]։
Աղետի սկսվելուց մի քանի ժամ անց Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն տարածեց՝ հորդորելով տնտեսվարող սուբյեկտներին դեպի Վրաստան բեռնափոխադրումներ իրականացնել «Բավրա» և «Գոգավան» մաքսային անցակետերով, քանի որ աղետի պատճառով անանցանելի է դարձել «Բագրատաշենի» անցակետի ճանապարհը[13]։
Աղետի սկսվելուց մի քանի ժամ անց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը հայտարարություն է տարածել, որ աղետի հետևանքով Երևան-Թբիլիսի երկաթգծի տարբեր հատվածներ վնասվել են, ուստի մայիսի 26-ից միջազգային երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել է[14]։
Մայիսի 27-ին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ ժամը 13։00-ի դրությամբ «Բագրատաշեն» մաքսակետ - Նոյեմբերյան - Իջևան - Դիլիջան - Երևան երթուղով երթևեկությունը վերականգնված է[15]։ «Բագրատաշեն» մաքսակետ - Հաղթանակ գյուղ և Իջևան - Դիլիջան հատվածներում երթևեկությունը կազմակերպվել է՝ օգտագործելով ճանապարհի մեկ երթևեկաշերտը (միակողմանի)[15]։
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ մայիսի 29-ի ուշ երեկոյան անցկացվել է ամփոփիչ խորհրդակցություն, որին ներկա են եղել Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը և Հովհաննես Ավետիսյանը, Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության Լոռու մարզային կենտրոնի պետ Կամո Սողոյանը, Հայաստանի ՏԿԵ նախարարության, Լոռու մարզպետի աշխատակազմի, Ալավերդու համայնքապետարանի, Սննդի անվտանգության տեսչական մարմնի այլ պատասխանատու աշխատակիցներ[16]։ Արամ Ղազարյանին են ներկայացվել աղետի հետևանքով առաջացած վնասների գույքագրման աշխատանքների արդյունքները[16]։ Քննարկվել են սննդի պաշարների բաշխվածության, ինչպես նաև բնակիչներին անհրաժեշտ դեղորայքով ապահովելու և առողջապահական ծառայությունների մատուցման հետ կապված հարցեր[16]։ Ներկայացվել է անասնահամաճարակային իրավիճակի կառավարման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը[16]։
Հունիսի 9-ին Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հաղորդում են, որ ըստ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի` Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը (Մ 6 ճանապարհ)) երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար[17]։
Մայիսի 27-ին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացրել է, որ ժամը 09։30-ի դրությամբ, Երևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման ավտոճանապարհի (Մ 4 ճանապարհ) Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է, սակայն, որոշ տեղամասերում երթևեկությունը միակողմանի է[18]։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ ճանապարհը սպասարկող ընկերությունն ամրաշինական աշխատանքներ է կատարել՝ կանխարգելելու համար Աղստև գետի ավերածությունները Դիլիջան - Իջևան ճանապարհին[19]։
Հունիսի 9-ին այաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հաղորդում են, որ ըստ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի` Երևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման ավտոճանապարհի (Մ 4 ճանապարհ) Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է[17]։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է, իսկ Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է[17]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.