From Wikipedia, the free encyclopedia
Պյութագորասականություն, կրոնական փիլիսոփայական ուսմունք է, որն առաջացել է Հին Հունաստանում՝ Ք. ա. VI—IV դարերում։ Անվանումն ստացել է իր նախահայր՝ Պյութագորասի պատվին։
Իր հետևերդների շրջանակում նա ինքն էր առանձնացնում հիմնական խմբի պյութագորասականներին (իրական հետևորդներին), մնացածին անվանում էր՝ պյութագորիստներ, որոնք դրսևորում են արտաքին եռանդ[1]։
Միության հիմնադիրը Պյութագորասն էր՝ Մենսարխի որդին, ծնված Սամոս կղզում[2]։ Նրա զարգացումը համընկնում է Պոլիկրատ (մոտ. Ք. ա. 530 թվական) բռնապետի կառավարման ժամանակաշրջանի հետ։ Պյութագորասը Իտալիայի Կրոտոնե քաղաքում հիմնեց միություն։ Նա մահացավ Մետապոնտիումում, ուր նա տեղափոխվեց իր միության հանդեպ կրոտոնցիների թշնամական վերաբերմունքի պատճառուվ։
Պյութագորասի մահից հետո պյութագորասականության միության դեմ թշնամանքն ավելի սրվեց և Ք. ա. V դարում վերաճեց աղետի։ Կրոտոնեում բազմաթիվ պյութագորիստներ, այնտեղ՝ որտեղ հավաքվում էին սպանվեցին և հրկիզվեցին։ Ջարդը շարունակվեց նաև այլ վայրերում։ Ողջ մնացածները ստիպված էին փախչել՝ իրենց հետ տարածվելով ուսմունքն ու իրենց միության առեղծվածները։ Այդ առեղծվածները միությանը հնարավորություն տվեցին գոյատևել նաև այն ժամանակ, երբ նա կորցրեց իր նախկին քաղաքական և կրթական նշանակությունը։ Ք. ա. V դարի վերջում Մեծ Հունաստանում պյութագորիստների քաղաքական նշանակությունը վերածնվեց։ Կարևոր գործիչը Արքիտասն էր, ռազմական հրամանատար և պետական գործիչ։ Ք. ա. IV դարից սկսած պյութագորասականությունն իր տեղերը զիջեց պլատոնականությանը։
Ինքը՝ Պյութագորասը չի թողել իր ուսմունքի գրավոր շարադրանք (այն կրում էր խիստ ծածուկ բնույթ[2]) և առաջին գրողը համարվում է Ֆիլոլաուսը, ով տվեց պյութագորասականության վարդապետության ձևակերպումները։ Նախկին պյութագորասականների ուսմունքը հայտնի է Պլատոնի և Արիստոտելի վկայությունների, ինչպես նաև Ֆիլոլաուսի որոշ ֆրագմենտներից, որոնք համարվում են բնագրեր։
Պյութագորասի ուսմնուքի հիմքը դարձավ օրփեոսականությունը։
Հիմք կա մտածելու, որ Պյութագորասը հիմնել է միստիկ միություն, որտեղ սովորեցրել է իր հետևորդներին նոր մաքրման արարողություն։ Այդ արարողությունները կապված էին հոգիների տեղափոխման ուսմունքի սովորեցմնան հետ, ինչը կարելի է վերագրել Պյութագորասին, հիմք ընդունելով Հերոդոտոսի և Քսենոփանեսի վկայությունները։ Դրանք հանդիպում են նաև Պարմենիդեսի, Էմպեդոկլեսի և Պինդարոսի մոտ՝ ովքեր գտնվել են պյութագորասականության ազդեցության տակ։
Մի շարք կանոնակարգեր և արգելքներ գալիս են շատ հնուց։ Այդ արգելքներից առավել հայտնի դարձավ սննդի մեջ լոբու օգտագործման արգելքը, որի պատճառով, ըստ ավանդույթներից մեկի, մահացել է Պյութագորասը։ Այս արգելքի պատճառը իրականում հայտնի չէ, աղբյուրները բարձրացնում են տարբեր ենթադրություններ՝ այսպիսի տաբուի պատճառների վերաբերյալ։ Օրինակ՝ փիլիսոփա Ելենա Շուլգան բացատրում է դա նրանով, որ լոբին, հիշեցնելով մարդկային սաղմ, ասոցացվում է նախածնության հետ[3]։
Պյութագորասականները կիրառում էին բուսակերությունը՝ կրոնական, բարոյագիտական և ասկետիկական պատճառներով, մասնավորապես՝ կապված հոգիների տեղափոխման ուսմունքի հետ։ Օրփեոսականության հետքերով, պյութագորասականները կարծում էին, որ յուրաքանչյուր մարդում հոգի երկդաշտ համակարգ է և բաղկացած է տղամարդկանց և կանանց մասերից, որոնք կոչվում են՝ Էրոս և Պսիքե[4]։
Պյութագորասն առաջին մտածողն էր, ով ըստ ավանդության, անվանեց իրեն փիլիսոփա, այսինքն՝ «իմաստության սիրահար»։ Նրա ուսմունքի առարկան աշխարհն էր՝ իր ամբողջականությամբ, ենթարկված՝ ներդաշնակությանն ու թվերին։ Ելենա Շուլգան նշում էր, որ այս դպրոցի փիլիսոփայության ձևավորման գործում հայեցակարգային է արդարության սկզբունքը, որը պետք է դիտարկել որպես կարևոր[5]։ Փիլիսոփայության զարգացման գագաթնակետը համարվում է ինքնամփոփ միտքը, մեջտեղում՝ քաղաքացիական միտքը, երրորդում՝ միտքը՝ կապված խորհրդավորության հետ[6]։
Պյութագորասականների կողմից կազմվել է աղյուսակ՝ կազմված 10 հակադրություններից։ Արիստոտելը դրանք մեջբերում է իր «Մետաֆիզիկայում».
Համաշխարհային ներդաշնակության մեջ եզրահանգվում է[7], որ կա եզակի հոգնակիի մեջ և հոգնակի՝ եզակիի (ἕν καί πολλά): Ինչպե՞ս հասկանալ այս իրողությունը։ Այս հարցի անմիջական պատասխան է համարվում թիվը. նրա մեջ միավորվում են բազմակին, նա ցանկացած չափի սկիզզբն է։ Մոնոխորդի վրա փորձերը ցույց են տալիս, որ թիվը ձայնային հարմոնիայի սկիզբն է, որը որոշվում է մաթեմատիկական օրենքներով։ Աստղագիտական դիտարկումները մեզ ցույց են տալիս, որ երկնային երևույթները, որի հետ կապված են բոլոր երկրային կյանքի գլխավոր փոփոխությունները, տեղի են ունենում մաթեմատիկական ճշգրտությամբ՝ կիկնվելով ճշգրիտ սահմանված փուլերով։ Պյութագորասականները, վերցնելով մաթեմատիկական գիտությունները, առաջին անգամ այն առաջ մղեցին։ Նրանք ընդունեցին մաթեմատիկական հիմքը՝ որպես ամբողջ գոյության սկիզբ։ Այդպիսի սկզբում, բնականաբար, առաջինը հանդես են գալիս թվերը։ Հետագայում նրանք թվերի մեջ գտնում էին երաժշտական ներդաշնակության հատկություններ և հարաբերություններ և քանի որ նրանց համար բոլոր այլ իրերն, ըստ իրենց էության, հանդիսանում էին թվերի նմանություններ, նրանք ընդունում էին, որ թվերի տարրերը ամբողջ գոյության տարրերի էությունն են։ Այսպիսով. պյութագորասյան թվերն ունեն ոչ պարզ քանակական նշանակություն. եթե մեր համար թիվը միավորների որոշակի գոմար է, ապա պյութագորասականների համար, ավելի շուտ, այն ուժն է, որը միավորում է այդ միավորումները որոշակի ամբողջության մեջ և տալիս է դրանց որոշակի հատկություններ։
Պյութագորասականների տիեզերագիտությունում հանդիպում ենք երկու հիմնական սկիզբների հետ՝ սահման և անսահմանություն։ Երկիրը սահմանափակ ոլորտ է, իրականությունը անսահմանության մեջ է։ «Առաջնային ամբողջությունը առաջացել է անհայտ պատճառներով, - ասում էր Արիստոտելը, դեպի իրեն է ձգում անսահմանության մասերը՝ սահմանափակելով դրանք սահմանի ուժով»։ Ուսմունքն այն մասին, որ աշխարհը ներշնչում է օդը (կամ դատարկությունը), նաև ինչ-որ բան՝ երկնային լուսատուների ուսմունքից, պյութագորասականները ընդօրինակել են Անաքսիմենեսից[8]։ Ըստ Ֆիլոլաուսի «աշխարհը մեկն է և ձևավորվել է կենտրոնից»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.