Պարագաներ, նախադասության երկրորդական անդամներ, բայական անդամի լրացումներ, որոնք ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող այլևայլ հանգամանքներ (տեղ, ժամանակ, պատճառ, պայման, նպատակ և այլն) ու գործողության հատկանիշներ։ Երբեմն պարագա լրացումներ են ստանում նաև նախադասության ոչ բայական անդամներ, օրինակ՝ ածականներ ու բայանուններ։
Պարագաները կարելի է բաժանել երկու խմբի՝ բուն պարագաներ ու հատկանշային պարագաներ։
Բուն պարագաները ցույց են տալիս գործողության հետ կապված հանգամանքները՝ տեղը, ժամանակը, պատճառը, հիմունքը, նպատակը, պայմանը և այլն։ Բուն պարագաներ են տեղի, ժամանակի, պայմանի, պատճառի, հիմունքի, նպատակի, զիջման, համեմատության, միասնության պարագաները։
Հատկանշային պարագաները ցույց են տալիս գործողության ձևային ու չափի հատկանիշները։ Հատկանշային պարագաներ են ձևի ու չափի պարագաները։
Պարագաներն արտահայտվում են՝
- Հատկանշային իմաստ արտահայտող մի քանի խոսքի մասերով՝ մակբայներով, ինչպես նաև որոշ ածականներով, թվականներով, դերանուններով, դերբայական որոշ ձևերով։ Օրինակ՝ Աղջիկը խորհրդավոր ժպտում էր։ Վերադառնալիս հանդիպեց ընկրոջը։
- Գոյականներով, օրինակ՝ Նրա սիրտը թրթռում էր ուրախությունից։ Մեկնեց հայրենիք։
- Կապական կապակցություններով, օրինակ՝ Ողջ տարին աշխատել էր առանց հանգստի։ Մտածում էր քրոջ մասին։
- Բառակապակցություններով, օրինակ՝ Հինգշաբթի օրը հանդիպեցին։ Ղազարոս Աղայանի անունը յոթ-ութ տարեկան հասակից գիտեի ես։ (Ավ. Իսահակյան) և այլն։
Պարագա | Հարց(եր) | Օրինակ |
---|---|---|
Տեղի | ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ | Անտառում վազվզում էր փոքրիկ նապաստակը ... (Մանվել Աթոյան) |
Ժամանակի | ե՞րբ, երբվանի՞ց, մինչև ե՞րբ | Հետո այդ ցեմենտն էլ սուրբ կդառնա... (Վարդգես Պետրոսյան) |
Պատճառի | ինչու՞, ինչի՞ց, ի՞նչ պատճառով | Ուսանողն ուրախությունից ցնծում էր։ |
Նպատակի | ինչու՞, ինչի՞ համար, ի՞նչ նպատակով | Նրանք ամեն ինչ արեցին հանուն հաղթանակի։ |
Պայմանի | ի՞նչ (ո՞ր) դեպքում, ի՞նչ (ո՞ր) պարագայում, ի՞նչ պայմանով | Այդ դեպքում բոլորը կհամաձայնեն։ |
Համեմատության | ինչպե՞ս | |
Զիջման | չնայած ինչի՞ն, չնայելով ինչի՞ն, հակառակ ինչի՞ն | Հակառակ հոր խնդրանքին` նա մեկնեց։ |
Չափի (չափ ու քանակի) | ինչքա՞ն, որքա՞ն, ի՞նչ չափով, ինչքա՞ն ժամանակով | Բազմիցս փորձել է օգնել ընկերոջը։ |
Ձևի | ինչպե՞ս | Անծանոթը բարեկամաբար ժպտաց։ |
Հիմունքի | ի՞նչ հիմունքով | Ըստ վերջին տվյալների` նա մեկնել է ընկերոջ հետ։ |
Միասնության | ինչո՞վ, ու՞մ հետ | Ընտանիքով տեղափոխվեց քաղաք։ |
Աղբյուրներ
- Ս. Աբրահամյան, Ժամանակակից հայերենի քերականություն, Երևան, 1975, էջ 301-308։
- Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987, էջ 522-524։
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.