ծով From Wikipedia, the free encyclopedia
Չուկոտի ծով (ռուս.՝ Чуко́тское мо́ре), Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ծայրամասային ծով, գտնվում է Չուկոտյան թերակղզու և Ալյասկայի միջև։ Արևմուտքում Լոնգի նեղուցով միանում է Արևելասիբիրական ծովի հետ, արևելքում Բարոու հրվանդանի շրջանում միանում է Բոֆորտի ծովի հետ, հարավում՝ Բերինգի նեղուցը միացնում է այն Խաղաղ օվկիանոսի Բերինգի ծովի հետ։ Ծովի ջրային տարածքով անցնում է ամսաթվի փոփոխման գիծը։
Չուկոտի ծով ռուս.՝ Чуко́тское мо́ре | ||
Կոորդինատներ | ||
Երկիր | Ռուսաստան ԱՄՆ | |
Տեղագրություն | Հյուսիսային սառուցյալ օվկիանոս | |
Ընդհանուր մակերեսը | 589 600 կմ² | |
Ծավալը | 45 400 կմ³ | |
Ամենամեծ խորությունը | 1256 մ | |
Միջին խորությունը | 71 մ | |
1648 թվականին Սեմյոն Դեժնյովը Կոլիմա գետի գետաբերանից անցել է ծովով մինչև Անադիր գետը։ 1728 թվականին Վիտուս Բերինգի արշավախումբը և 1779 թվականին կապիտան Ջեյմս Կուկը Խաղաղ օվկիանոսից անցել են ծովը։
1928 թվականին հիդրոգրաֆիկ հետազոտությունների ընթացքում նորվեգացի բևեռային հետազոտող Հ. Սվերդրուպը հայտնաբերել է, որ Բարոու հրվանդանի և Վրանգելի կղզու միջև ծովն իր բնական պայմաններով խիստ տարբերվում է Նորսիբիրական կղզիների և Վրանգելի կղզու միջև գտնվող ծովից, այդ պատճառով պետք է առանձնացվեր Արևելասիբիրական ծովի կազմից։ Առանձնացված ծովն որոշվեց անվանել Չուկոտի ծով Չուկոտյան թերակղզին բնակեցնող ժողովուրդների անունով։ Ծովի պաշտոնական անվանումը հաստատվել է 1935 թվականին[1]։
Ծովի մակերեսը կազմում է 589 000 կմ²։ Հատակի մակերեսի 56 %-ը զբաղեցնում են 50 մետրից ոչ ավել խորությունները, առավելագույն խորությունը կազմում է 1256 մետր։ Ամռանը ջրի ջերմաստիճանը կազմում է 4-12 °C, ձմռանը՝ −1,6-1,8 °C:
Առափնյա գիծը շատ կտրտված չէ։ Ծոցերն են՝ Կոլյուչինսկայա խորշը, Կոցեբուն, Շիշմարյովի ծովախորշը։ Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից մինչև մայիս-հունիս ամիսները ծովը ծածկված է սառույցներով։
Չուկոտի ծով թափվում են շատ քիչ քանակությամբ գետեր։ Դրանցից ամենախոշորներն են՝ Ամգուեմա, Կոբուկ, Նոատակ գետերը։
Չուկոտի ծովով անցնում է Հյուսիսային ծովային ուղին։
Ծովում գտնվում են Վրանգելի, Հերալդ և Կոլյուչին կղզիները։
Խոշոր նավահանգիստներն են՝ Ուելեն (Ռուսաստան), Բարոու (ԱՄՆ)։
Բերինգի նեղուցի տարածքում ջրի ջերմաստիճանը ամռանը հասնում է մինչև 12 °C: Դեպի հյուսիս ջրի ջերմաստիճանը աստիճանաբար իջնում է։ Ձմռանն օդի ջերմաստիճանը հասնում է գրեթե սառեցման ջերմաստիճանին (-1,7 °C): Խորության հետ մեկտեղ իջնում է նաև ջրի ջերմաստիճանը, սակայն ծովի արևելյան հատվածում այն մնում է դրական մինչև ծովի հատակը։ Ջրի ջերմաստիճանը մակերևույթին կազմում է 1,8˚, ամռանը՝ 4-12˚:
Ձմռանը բնորոշ է սառցատակի ջրի շերտի բարձր աղիության մակարդակ (մոտ- 31-33 ‰): Ամռան սեզոնին աղիությունն ավելի ցածր է, մեծանում է արևմուտքից արևելք՝ 28-32‰: Հալչող սառույցների աղիությունն ավելի ցածր է, այն նվազագույնն է գետերի գետաբերանների մոտ (3-5 ‰): Սովորաբար խորության հետ մեկտեղ բարձրանում է նաև աղիության մակարդակը։
Սպիտակ արջերն, որոնք բնակվում են Չուկոտի ծովի սառույցներում, պատկանում են այդ տեսակի գենետիկորեն տարբերվող հինգ պոպուլյացիաներից մեկին[2]։ Այստեղ տարածված են նաև փոկեր, ծովափղեր, կետեր։ Ձկներից այստեղ տարածված են հեռավորարևելյան փրփրուկը, ձամբռիկը, արկտիկական լերկամորթիկը, բևեռային ձողաձուկը։ Ամռանը ծովի ափերի մոտ լինում են թռչնաշուկաներ։ Հանդիպում են բադեր, սագեր, ճայեր և այլ թռչուններ։
Վրանգելի և Հերալդ կղզիներում գտնվում է արկտիկական արգելանոց, որը համարվում է սպիտակ արջերի և ծովափղերի բազմացման հիմնական վայրը[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.