From Wikipedia, the free encyclopedia
Շոգեմեքենա, մխոցավոր ջերմային շարժիչ։
Նախատեսված է ջրային գոլորշու ջերմային պոտենցիալ (ճնշման) էներգիան մխոցի շարժման մեխանիկական էներգիայի փոխակերպելու համար։ Այդ ուղղությամբ առաջին փորձերը կատարել են անգլիացի մեխանիկ Թոմաս Սևերին (1698) և անգլլիացի գյուտարար Թոմաս Նյուքոմենը (1705)։ Իվան Պոլզունովը ստեղծեց (1763—1765 թթ.) առաջին շոգեօդափչման մեքենան։ Սակայն ժամանակակից շոգեմեքենայի նախատիպը Ջեյմս Ուատտի ունիվերսալ մեքենան էր (1774-1784), որի օգտակար գործողության գործակիցն անհամեմատ բարձր էր նախորդներից։ Շոգեմեքենայի աշխատանքային պրոցեսը պայմանավորված է նրա գլանի խոռոչներում գոլորշու առաձգականության պարբերական փոփոխմամբ, որի ծավալը մխոցի ետադարձ-համընթաց շարժման պրոցեսում փոփոխվում է։ Գոլորշին, մտնելով շոգեմեքենայի գլան, ընդարձակվում է և տեղափոխում մխոցը։ Շուռտվիկային մեխանիզմի օգնությամբ մխոցի ետադարձ-համընթաց շարժումը փոխակերպվում է լիսեռի պտտական շարժման։ Շոգու ներթողումն ու արտաթողումն իրականացվում է շոգեբաշխման համակարգով։ Շոգեմեքենայի գլանը շրջապատվում է շոգեթաղանթով։ Մինչև XIX դ․ վերջը շոգեմեքենան միակ ջերմային շարժիչն էր։ Շոգեմեքենայի թերություններն են ցածր օգտակար գործողության գործակիցը (1—20%), փոքր հզորությունը, մեծ չափերը։
20-րդ դարի սկզբին իր դիրքերն աստիճանաբար զիջեց ջերմային շարժիչներին (շոգետուրբին, ներքին այրման շարժիչ, գազային տուրբին)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 537)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոգեմեքենա» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.