Ներդաշնակություն (փիլիսոփայություն)
From Wikipedia, the free encyclopedia
Ներդաշնակություն, փիլիսոփայական-գեղագիտական կատեգորիա, որը նշանակում է մասին ամբողջի, ներքինի և արտաքինի, ձևի ու բովանդակության համաչափություն և միասնություն։ Այն պատմության մեջ ստացել է գեղագիտական, տիեզերաբանական, սոցիալ-բարոյագիտական և իմացաբանական մեկնաբանություններ։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ներդաշնակություն (այլ կիրառումներ)



Հին հունական Փիլիսոփաները ներդաշնակությունը գլխավորապես դիտել են իբրև Կոսմոսի կարգավորվածություն և կազմակերպվածություն։
- Պյութագորասականների համար ներդաշնակությունը վերջավորի և անվերջի համադրությունն է․ նրանք առաջ են քաշել Կոսմոսի երաժշտական ներդաշնակության ուսմունքը, ըստ որի, երկնակամարների պտույտն արձակում է մարդկային լսողոոթյանն անհասանելի ձայների համակցություն։
- Պլատոնը զարգացրել է պյութագորասականների ուսմունքը, դրան տալով սոցիալ-բարոյագիտական երանգ։
- Արիստոտելը «ներդաշնակություն» կատեգորիան օգտագործել է իրականության բոլոր բնագավառների, հատկապես երաժշտության նկատմամբ, ընդգծել նրա դաստիարակչական դերը, այն կապել միմեսիսի հետ։
Միջնադարի մտածողները (Էրիուգենա, Թովմա Աքվինացի և այլն) ներդաշնակությունը բխեցրել են երաժշտական տեսություններից և անտիկ ըմբռնման մեջ մուծել աստվածային հիերարխիայի գաղափարը։
Վերածննդի դարաշրջանում այն դիտվել է որպես գեղեցիկի էական հատկանիշ և աղբյուր (Ալբերտի, Լեոնարդո դա Վինչի, Ջ․ Ցարլինո, Ալբրեխտ Դյուրեր)։
Նոր ժամանակում Ռենե Դեկարտը ձևակերպել է բազմազանության մեջ միասնության սկզբունքը, Յոհան Կեպլերը՝ մոլորակների ներդաշնակ շարժման տեսությունը, Գոթֆրիդ Լայբնիցը՝ նախասահմանված ներդաշնակության ուսմունքը։
Լուսավորության գաղափարախոսները ընդգծել են ներդաշնակության բարոյական-դաստիարակչական նշանակությունը (Ա․ Շաֆտսբերի)։ Ներդաշնակությունը կլասիցիզմի գեղագիտության հիմնական կատեգորիաներից է (Ցոհան Իոհան Վինկելման, Ցոհան Վոլֆգանգ Գյոթե, Ցո․ Ֆրիդրիխ Շիլլեր)։ Իմանուիլ Կանտը այն ըմբռնել է որպես բանականության և զգայականության համաձայնեցվածություն, Գ․ Հեգելը՝ որպես արվեստի նյութի արտաքին որոշակիություն։
Ներդաշնակության գաղափարը XIX դարում ուտոպիական սոցիալիստները կապել են ապագա հասարակարգի հետ (Շ․ Ֆորիեի «ներդաշնակության հասարակարգը»)։ Այս կատեգորիայի օգտագործումը բնորոշ է նաև արդի բուրժուական փիլիսոփայությանը։ Մարքսիստական գեղագիտությունում այն հակադրությունների միասնության և իրականության զարգացման օրինաչափությունների արտացոլումն է արվեստում։
Ներդաշնակությունը հայ փիլիսոփաների ընկալմամբ

«Ներդաշնակություն» կատեգորիային անդրադարձել են նաև հայ փիլիսոփայության մեջ։
- Ըստ Եզնիկ Կողբացու, այն չորս տարրերի (հողի, օդի, ջրի և կրակի) միասնությունն է։
- Դավիթ Քերականը ներդաշնակությանը տվել է գեղագիտական ուղղվածություն, երաժշտությունը պահանջում է բարեհնչունություն, որը զարգացրել են հետագա դարերի շատ տեսաբաններ։
- Դավիթ Անհաղթի կարծիքով դա մասերի և ամբողջի համաչափությունն ու միասնությունն է, ներքինի և արտաքինի համապատասխանությունը։
- Անանիա Շիրակացին զարգացրել է դրա տիեզերաբանական կողմը, պաշտպանելով երկնակամարների բարեկարգ շարժման գաղափարը։
- Հովհաննես Սարկավագը այն ըմբռնել է որպես հակադրությունների միասնություն, որն ընկած է կեցության, իմացության և գեղարվեստական գործունեության հիմքում։
- Գրիգոր Տաթևացին այն կապել է գեղեցիկի հետ։
Ներդաշնակությունը XVIII-XIX դարերի հայկական կլասիցիզմի գեղագիտության կարևորագույն կատեգորիաներից էր (Խաչատուր Էրզրումցի, Մխիթար Մեբաստացի, Ս․ Ագոնց, Գևորգ Հյուրմյուզյան)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 244)։ ![]() |
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.