Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Նարնջագույն հեղափոխություն (ուկրաիներեն՝ Помаранчева революція), բողոքի շարունակական ցույցերի և քաղաքական այլ իրադարձությունների շարք, որոնք տեղի են ունեցել Ուկրաինայում 2004 թվականի նոյեմբերից մինչև 2005 թվականի հունվար ամիսը՝ որպես երկրում անցկացված նախագահական ոչ արդար ընտրությունների անմիջական հետևանք։
Հայտարարվել է, որ այդ ընտրությունները եղել են զանգվածաբար կոռումպացված, անցել են ընտրողներին վախեցնելու մթնոլորտում, բացի այդ՝ տեղ են գտել ընտրական խարդախություններ[1][2]։ Վերոնշյալ ժամանակամիջոցում Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը վերածվել է քաղաքացիական անհնազանդության, դիմադրության շարժման կենտրոնի, որտեղ բողոքի գործողություններին յուրաքանչյուր օր մասնակցել են հազարավոր ցուցարարներ[3]։ Ընդդիմադիր շարժումը քաղաքացիական անհնազանդության բազմաթիվ գործողություններ՝ նստացույցեր, գործադուլներ, ցույցեր է կազմակերպել նաև երկրի այլ բնակավայրերում։
Բողոքի գործողությունների ազդակ են հանդիսացել տեղական և օտարերկրյա մի ամբողջ շարք դիտորդների զեկույցները, ԱՄՆ-ի և Եվրամիության տված բացասական գնահատականներն ու հասարակության զգալի զանգվածների համոզմունքը, որ 2004 թվականի նոյեմբերի 21-ին անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները իշխանությունների կողմից կեղծվել են հօգուտ Վիկտոր Յանուկովիչի[4]։ Բողոքի գործողությունները հաջողությամբ են պսակվել. կայացած ընտրությունների արդյունքները Ուկրաինայի գերագույն դատարանի վճռով չեղարկվել են, նշանակվել նոր ընտրություններ, որոնք անց են կացվել 2004 թվականի դեկտեմբերի 26-ին։ Տեղական և միջազգային դիտորդները հայտարարել են, որ այս անգամ կայացել են ազատ ու արդար ընտրություններ։ Դրանց վերջնական արդյունքով հաղթող է ճանաչվել ընդդիմության թեկնածուն՝ Վիկտոր Յուշչենկոն, ով ստացել էր ընտրողների քվեների 52 տոկոսը (իշխանության թեկնածու Յանուկովիչի օգտին քվեարկել էր ընտրողների 44 տոկոսը)։ Պաշտոնապես հայտարարվել է, որ ընտրությունների հաղթողը Յուշչենկոն է։ 2005 թվականի հունվարի 23-ին Կիևում տեղի է ունեցել երկրի նախագահի պաշտոնը Յուշչենկոյի ստանձնելու հանդիսավոր արարողությունը[5], և նարնջագույն հեղափոխությունն ավարտվել է։
Հաջորդած տարիներին նարնջագույն հեղափոխությանը բացասական արձագանքներ են հնչել Բելառուսի ու Ռուսաստանի իշխանամետ շրջանակներից[6]։
Ուկրաինայի 2010 թվականի նախագահական ընտրություններում Յանուկովիչը հաղթել է Յուշչենկոյին[7], և Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու միջազգային դիտորդները հայտարարել են, որ ընտրություններն արդար էին[8]։ Յանուկովիչը հեռացվել է իշխանությունից չորս տարի անց՝ 2014 թվականի փետրվարին Կիևի Անկախության հրապարակում տեղի ունեցած եվրոմայդանյան բախումների արդյունքում, որոնց, ի հակադրություն նարնջագույն հեղափոխության խաղաղ ցույցերի ու բողոքի այլ գործողությունների, զոհ են գնացել հարյուրից ավելի մարդկային կյանքեր (մեծամասամբ 2014 թվականի փետրվարի 18-ից 20-ը ընկած ժամանակահատվածում)։
Ըստ բրիտանական The Guardian թերթի հրատարակած տվյալների, «նարնջագույն հեղափոխությունը» մի գործողություն էր, որի կազմակերպիչները ֆինանսական խոշոր միջոցներ են ստացել դրսից, մասնավորապես՝ ԱՄՆ-ի վարչակազմից, վաշինգտոնյան վերլուծական հզոր կենտրոններից, ամերիկացի մեծահարուստ ֆինանսիստ Ջորջ Սորոսից[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.