Նավասարդ Կճոյան

From Wikipedia, the free encyclopedia

Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան (սեպտեմբերի 18, 1957(1957-09-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայ Առաքելական Եկեղեցու բարձրաստիճան հոգևորական, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ։

Արագ փաստեր Նավասարդ Կճոյան ...
Նավասարդ Կճոյան
Կառավարում
Տիտղոս Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ
Ժամանակամիջոց Դեկտեմբերի 1, 1999 թ-ներկա
Եկեղեցի  Հայ Առաքելական եկեղեցի
Անձնական տվյալներ
 
Կրթություն Գևորգյան Հոգևոր Ճեմարան
Անունը ծնվելիս Սամվել Կճոյան
Ծնվել է սեպտեմբերի 18, 1957 (67 տարեկան)
Ծննդավայր Երևան,  Հայկական ԽՍՀ,
Ձեռնադրում 1984 թ.
Գարեգին Բ
Փակել

Կրթություն և աշխատանք

1985 թվականին ավարտել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը՝ ներկայացնելով «Սուրբ Հովհան Դամասկացու «Բանք ընդդիմադրականք ի քակտումն հերձուածոց Յակոբիկ Ասորոց» ավարտաճառը։ 1985-1986 թվականներին աշխատել է «Էջմիածին» ամսագրի խմբագրությունում՝ որպես քարտուղար։

Կրոնական կյանք

1987 թվականին Նավասարդ Կճոյանը ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ 1989 թվականին նշանակվել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու վանահայր։ Նույն թվականին ստացել է վարդապետական աստիճան՝ պաշտպանելով «Սուրբ Գրիգոր Տաթևացու քրիստոսաբանական հայացքները» թեզը։ 1991 թվականից Օշականի և 1995 թվականից Ֆրանսիայի Ալֆորվիլլ քաղաքի պատվավոր քաղաքացի է։ 1996 թվականին Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է նորաստեղծ Արագածոտնի թեմի առաջնորդ։ 1996 թվականին Գարեգին Ա կաթողիկոսի հովանավորությամբ Օշականում հիմնել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի դպրատուն» գիտամշակութային կենտրոնը։

1997 թվականին Էջմիածնի Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա կաթողիկոսի կողմից ձեռնադրվել և օծվել է եպիսկոպոս։ 1999 թվականի դեկտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի կողմից նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ[1]։

Մի շարք լրատվականների քննադատություն

Մի շարք լրատվամիջոցներ 2011-2013 թվականներին հանդես են եկել Նավասարդ Կճոյանի նկատմամբ քննադատական հրապարակումներով։ Այդպիսի լրատվամիջոցներից են «Չորրորդ ինքնիշխանությունը», «Առավոտը», «Հետքը»։ Վերջինների հրապարակումներին վերահղելով հրապարակումներ են կատարել այլ կայքեր։ Այդպիսի հրապարակումներում Նավասարդ Կճոյանը քննադատվել է Հայաստանի իշխող քաղաքական ուժի՝ Հանրապետական կուսակցության որոշ միջոցառումներին ներկա գտնվելու համար[2][3]։ Ն․Կճոյանը ներկա է եղել նաև Հանրապետական կուսակցությանը փոխարինելու եկած Իմ Քայլը դաշինքից Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալությանը, ինչն արդեն քննադատության չի արժանացել[4]։ Այդ լրատվամիջոցներում նրա մասին եղան հրապարակումներ, որտեղ մեղադրանքներ հնչեցվեցին Ն․Կճոյանի նկատմամբ այն մասին, որ նա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից պարգևատրվել է անվանական զենքով։ Այսպիսի հոդվածներին անդրադառնալով՝ Ն․Կճոյանը հայտնել էր, որ «զենքով բոլոր երկրներում պարգևատրում են նրանց, ում գնահատում են։ Զենքը գնահատանք է, ուրիշ նպատակի համար չէ»[2]։ Նշված լրատվականները Նավասարդ Կճոյանին մեղադրում էին նաև Բենթլի մակնիշի ավտոմեքենա նվեր ստանալու համար[2]։ Այս առթիվ վերջինը հայտնել է, որ «իմ սանիկներից մեկն իմ «Մերսեդեսը» վերցրել է եւ տեղը «Բենթլի» է տվել»[5]։ Որոշ ժամանակ անց, ըստ մամուլի հրապարակումների, Ն․Կճոյանը այդ ավտոմեքենան վաճառել է և գումարն ուղղել բարեգործության[6]։

«Օֆշորային սկանդալ»

2013 թ. մայիսի 29-ին «Հետք» հետաքննող լրագրողներ» կայքում հայտնվեց տեղեկություն «WLISPERA HOLDINGS LIMITED» անունով կազմակերպության մասին, որը գրանցված է Կիպրոսում, և որի բաժնետոմսերը բաշխված էին երեք անձանց միջև՝ Աշոտ Սուքիասյան, Տիգրան Սարգսյան, Սամվել Կճոյան, որոնցից վերջին երկուսը, ըստ թերթի եզրահանգումների, այդ օրերին գործող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է ու Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը (աշխարհիկ անունը՝ Սամվել Կճոյան)։ Ընկերության բաժնետոմսմերից 334-ը պատկանում էին Սուքիասյանին, իսկ Տիգրան Սարգսյան ու Սամվել Կճոյան անունով անձանց պատկանում էր 333-ական բաժնետոմս։ Նշված ընկերությանը Աշոտ Սուքիասյանի կողմից փոխանցվել է 350 հազար դոլար՝ Ամերիաբանկից ստացած 10 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլար վարկից։ Աշոտ Սուքիասյանը նշված վարկը ստացել էր Հայաստանում ադամանդագործության զարգացման ծրագիր իրականացնելու համար[7]։

Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ ինքը կապ չունի Կիպրոսում գրանցված ընկերության հետ և չգիտի թե ով է իր անվանը այդքան մեծ գումար փոխանցել։ Նա դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու դեպքի հանգամանքները[8]։ Նավասարդ Կճոյանը նույնպես հայտարարել է, որ ինքը կապ չունի օֆշորում գրանցված այդ ընկերության հետ[9]։ Ոստիկանությունը Աշոտ Սուքիասյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում[10]։ Հունիսի 18-ին Աշոտ Սուքիասյանը ՀՀ գլխավոր դատախազի անունով իր նամակում հայտարարեց, որ որպես «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության հիմնադիր բաժնեմասեր է գրել Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի անուններով՝ «առանց նրանց գիտության և առանց նրանց համաձայնության»՝ դա անելով նրա համար, որպեսզի իր բիզնեսը զերծ պահի «տարբեր ոտնձգություններից»[11]։ Չնայած այս ամենին՝ դեռևս գործը բացահայտված չէ, և առկա են բազմաթիվ չբացահայտված հանգամանքներ։

Պարգևներ և կոչումներ

Նավասարդ Կճոյանը արժանացել է մի շարք պարգևների և կոչումների։ 2002 թվականի փետրվարի 22-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը նրան շնորհել է Ազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում։ 2003 թվականի հոկտեմբերին Ն․Կճոյանը Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի գիտական խորհրդի կողմից արժանացել է պատվավոր պրոֆեսորի կոչման։ 2005 թվականի հոկտեմբերին Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից նրան շնորհվել է պատվավոր դոկտորի կոչում։ 2006 թվականի հունիսի 4-ին Գարեգին Բ կաթողիկոսի կողմից Ն․Կճոյանն հատուկ կոնդակով շնորհվեց Արքության Պատիվ։

2017 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով[12]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.